– «Ես, դու, նա և հեռախոսը»:
– Ոչինչ, վատ գործ չէ: Թարգմանիր «Դանթեի հոբելյանը»:
– «Դանթեի հոբելյանը» հայերեն կա արդեն:
– Ուրեմն «Ճերմակ նավահանգիստը» թարգմանիր: Շատ լավ վիպակ է, մրցանակ է շահել:
– Սիավուշ, գլուխ մի տար, կարճ՝ ի՞նչ ես պայմանավորվել:
Սիավուշը լիաթոք ծիծաղեց, ասաց.
– Ի՞նչ պիտի պայմանավորվեմ: Տոմսերը Սիավուշի մոտ են: Դու քո խոսքի տերն ես, չէ՞:
– Իհարկե:
– Աբբաս Աբդուլլային ճանաչո՞ւմ ես, – լրջորեն հարցրեց Սիավուշը :
Ես ծիծաղեցի:
– Դու նրան գիտես որպես բանաստեղծի և «Ուլդուզ» ամսագրի գլխավոր խմբագրի: Բայց մեզ համար նա ոչ թե բանաստեղծ ու խմբագիր է, այլ վարորդ: Հետս բերում եմ, որպեսզի տաքսու վրա անտեղի ծախսեր չանենք: Կես ժամից քեզ մոտ ենք, տեղում կորոշենք, թե ուր գնանք:
Ես չէի ուզում զանգել Ռենային, մինչև տոմսերն իմ աչքով չտեսնեի:
Կես ժամ չտևեց, քառորդ ժամ անց նրանք արդեն ինձ մոտ, խմբագրությունում էին:
– Չենք ուշացել, չէ՞, – ժամացույցին նայելով ասաց Սիավուշը, – էդ էր պակաս, որ ձրի ուտել-խմելու հաշիվ լինի, և Աբբասը ուշանա, – ծիծաղեց նա, – կարմիր լույսի-բանի չէր նայում. հարյուր քսանի վրա եկանք:
Մենք ողջագուրվեցինք, Սիավուշը տոմսերը հանձնեց ինձ, ասաց.
– Ծերուկ, երկու տոմսը՝ հասկացանք, երրորդն ո՞ւմ համար է:
– Ապագա զոքանչի, – ասաց Աբբասը՝ քթի վրա ուղղելով ակնոցն ու Շևչենկոյի իր թավ բեղերի տակ ժպտալով:
Ուկրաիներեն բնագրից կատարած թարգմանությունների համար նա Շևչենկոյի անվան մրցանակի էր արժանացել վերջերս, Շևչենկոյի կոճակաչափ փոքրիկ դիմանկարով կրծքանշանը կպցրած էր պիջակի դարձածալին, և նրանք շատ էին միանման՝ նույն թավ բեղերը, նույն ճաղատն ու աչքերի սևեռուն նայվածքը՝ գզգզնակ հոնքերի տակից:
– Ծերուկ, թե փափուկ, պարարտ կնիկ է, ինձ էլ տար հետդ, դու գիտես, որ Սիավուշի խելքը գնում է հաստամարմին կանանց համար:
– Լեո, Զիկինայի հյուրախաղերի ժամանակ էս հարիֆը ոչ մի համերգ բաց չէր թողնում, – ասաց Աբբասը:
– Ճի՞շտ է ասում, – ծիծաղեցի ես:
– Ճիշտ է, – գլխով արեց Սիավուշը գոհունակ ժպիտով: – Կրծքերը մեծ-մեծ, ամեն մեկն Աբբասի գլխի չափ, ոնց որ Պամելա Անդերսոնի կրծքերը, շորորալով գնում-գալիս էր բեմի վրա:
– Զիկինան բեմից ասել է՝ ես չգիտեի, որ Ադրբեջանում այսպես սիրում են իմ երգերը, ի՞նչ երգեմ: Դահլիճից ասել են. «Երգել պետք չի, բեմի վրա հենց էնպես գնա ու եկ», – ծիծաղեց Աբբասը:
Բարձր, գեղեցիկ, համակրելի, բայց անլուրջ, հավիտյան անլուրջ Սիավուշը քռքռաց, ասաց.
– Տեղական ոչխար կա, ոչ թե մերինոս-բան՝ չէ, տեղական, երկու փթանոց խախալ-խախալ դմակով, մարդու կնիկն այ էդպիսի փափուկ քամակ պիտի ունենա, որ առավոտը գործի գնալիս մի թեթև խփես հետևին, գնաս գործի գաս՝ դեռ շարժվելիս լինի:– Նա դարձյալ քռքռաց, ավելացրեց,– մենք էլ, հայերն էլ, կյանքներս կարող ենք տալ փափկասուն կանանց համար: Ճիշտ չե՞մ ասում, Լեո:
– Չէ, – ասացի ես:
– Դե դու բացառություն ես, – տեղի տվեց Սիավուշը: – Դու նիհարիկներին ես սիրում: Լսիր, Աբբաս, – կտրուկ շրջվելով՝ խնդագին ասաց Սիավուշը: – Նայիր ու տես, թե ինչ ասել է քաղաքակիրթ ազգ, մի Լեոի առանձնասենյակին նայիր՝ շողշողուն պարկետով, խավոտ վարագույրներով, օդորակիչով, ճապոնական հեռուստացույցով, «Իններորդ ալիքի» գերազանց ընդօրինակությունն ու Սոֆի Լորենի սեքսուալ մեծ բերանով տարեցույցը պատից կախ, լավ բաների համար՝ փափուկ բազմոցը դրած… Չէ, քո նման՝ սենյակդ կեղտի, ծխախոտի ծխի ու փոշու մեջ կորած, թղթապանակները սեղանին անկանոն թափած, նայիր ու սովորիր, գյոռս չեմ տանելու:
– Սիավուշ, – ժպիտը բարեհոգի գեր դեմքին, մեղմորեն ասաց Աբբասը, – մի խոսք էլ լսեցի՝ ոտքով ես գալու ռեստորան… Չեմ հասկանում, – շարունակեց նա նույն ժպիտով, – Լեոն առանց էն էլ սրտանց հրավիրում է, հին փողով կես կոպեկանոց շողոքորթությունդ ում համար է, կարո՞ղ ես բացատրել:
Սիավուշը ծիծաղեց, ասաց:
– Լեո, Աբբասի մեքենան նստած կա՞ս: Նադիր շահի ժամանակներից մնացած «Ժիգուլի» է, բոլորը տնազով «Կադիլակ» են կոչում: Ժանգը կերած, մի տասն անգամ շուռ եկած ու մի էդքան էլ վթարի ենթարկված, ղեկը աջ է թեքում՝ ձախ է գնում, ձախ է թեքում՝ աջ է շարժվում:
Աբբասը բեղի տակ մեղմ ժպտում էր:
Հեռախոսի կերկեր ձայնը ստիպողաբար ինձ իր մոտ էր կանչում: Ես վերցրի լսափողը:
– Բարև, ախպեր: – Սեյրան Սախավաթն էր՝ երկրորդ հարկից, դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունից: – Լեո, Աբբասին եմ փնտրում, զանգեցի «Ուլդուզ», ասացին, որ Սիավուշի հետ քեզ մոտ են եկել: Մի երկու պատմվածք ունեմ, խոստացել էր էս համարում տալ, բայց տղերքն ասացին, որ սրբագրական տպվածքը ստացել են, պատմվածքներս չկան մեջը, ուզում էի տեսնել՝ դա ի՞նչ բան է:
Սեյրանը բարձր էր խոսում, նրա ձայնը Աբբասին ու Սիավուշին ևս լսելի էր: Քմծիծաղը բեղի տակ, Աբբասը ձեռքի լուռ շարժումով հասկացրեց՝ չասեմ, որ այստեղ են:
– Չկան, Սեյրան, – անձայն ծիծաղեցի ես: – Երևի ճանապարհին են դեռ: