Выбрать главу

– Սուտ մի խոսա, – ավելի բարձրաձայնեց Սեյրանը, – լուսամուտից երևում է, չախկու «Կադիլակը» փողոցում կանգնած է, ուրեմն, սաղ-սալամաթ տեղ են հասել: Մարդ ես, հեռախոսը տուր իրեն: Ուտել-խմելու հաշիվ կա տեսնում եմ:

– Բաղդադ էլ շատ խուրմա կա, քե՞զ ինչ:

– Լեո, նայիր, կթողնեմ-կգնամ և հարյուր տարի չեմ ների քեզ ու հարյուր տարի հետդ չեմ խոսի, – սուտ սպառնալիքով հոխորտաց նա: – Ճիշտն ասա, խմելո՞ւ եք գնում:

– Հնարավոր է:

– Եվ չեք էլ ամաչում: Բա ե՞ս, – աղերսագին ձգեց Սեյրանը: – Ինձ չե՞ք տանում:

– Տանում ենք, եթե գոնե ծախսի մի չնչին մասի մի մասի մի մասը վերցնես քեզ վրա:

–Ինձ վրա՞, – խնդմնդաց Սեյրանը: – Հույս չդնեք, կոպեկ չունեմ:

– Բա էլ ինչո՞ւ Խանլարով բարեհունչ ազգանունդ թողած՝ Սախավաթ կեղծանունն ես վերցրել: Քեզնից ի՞նչ սախավաթ*, այ Սեյրան, Խասիս** դնեիր՝ Սեյրան Խասիս, դա քեզ ավելի կսազեր:

– Վուայ, վուայ, վուայ, – հայավարի իբր թե զարմացավ Սեյրանը: – Էս հի՞նչ ա գադարվում, էս որդե՞ղ եմ ինգել, – հայերեն ավելացրեց,

*սախավաթ (ադրբ.) – շռայլ, առատաձեռն

**խասիս (ադրբ.) – ժլատ

ծիծաղեց: – Ե՞ս եմ խասիսը, – շարունակեց նա արդեն ադրբեջաներեն, – բա ամոթ չե՞ս անում, Լեո: Ես որ սրան-նրան

խմացրած օղու դատարկ շշերս հավաքեի ու հանձնեի խանութ՝ էդ փողով հորթը տակին մի կով կառնեի: Հորթը տակին էդ կովը կծախեի ու էդ փողով Աղդամի բազարում մի թամ-թազա

«Զապորոժեց» կառնեի, էդ թազա «Զապորոժեցը», իմ արև, քու արև, կնվիրեի Աբբասին, որպեսզի նա իր քաչալ գլխով ու չախկու «Կադիլակով» խայտառակ չաներ մեզ հայ ժողովրդի մոտ: Երեք տեղ ալիմենտ եմ տալիս, ինձնից ի՞նչ եք ուզում:

Աբբասը, որ մի քանի մազով մերկ գլուխը թեքած, բերանը բաց ժպտալով լսում էր, Սեյրանի վերջին խոսքի վրա բարձրաձայն ծիծաղեց ու հանկարծակի բռնած հազի նոպայից քար ու քանդ լինելով՝ կեռված գնաց դեպի լուսամուտը:

– Դե լավ, – անձնատուր եղա ես, – իջիր մեքենայի մոտ, գալիս ենք:

Սիավուշը մի պահ ուշադիր զննում էր Աբբասին, որ դեռևս խեղդվում էր հազից, հետո սիրո ու հեգնանքի ժպիտով ասաց.

– Ծերուկ, սա ոնց որ թե մեռնելու վրա է, իզուր բերեցի: Ստիպված տաքսիով պիտի գնանք:

– Զահլա մի տար, – տատամսած նայելով՝ անչար նետեց Աբբասը և կարմրատակած ու ծանր շնչելով՝ խռպոտ ավելացրեց, – դուրս գանք, Լեո, թե չէ հիմա սրա ու Սեյրանի պես մի երկու զավզակ էլ կհայտնվեն:

– Այն մոմենտ, – ասաց Սիավուշը և, ակնոցը մատով վեր հրելով, աշխուժորեն նայեց ինձ: – Ծերուկ, Աբբասը գիտի, քեզ եմ պատմում: Էս ձմռանը, ուրեմն, Մոսկվայում երկու ընկեր ունեմ, հրատարակչությունում են աշխատում, կպան ինձ, թե վաղուց ՑԴԼ-ի ռեստորանում չենք եղել: Մոսկվացիների խասյաթն է, գալիս են էստեղ՝ մենք ենք հյուրասիրում, գնում ենք էնտեղ՝ մենք ենք հյուրասիրում: Մի խոսքով, ՑԴԼ-ի մոտ մթերային մեծ խանութ կա, էդտեղ էինք ժամադրվել, ոնց էր ստացվել՝ ժամանակից ահագին շուտ էի եկել, խանութի մոտ կանգնած սպասում էի նրանց: Խանութում օղու հերթ էր՝ ծայրը տների արանքով համարյա մինչև Կալինինի պողոտա էր հասնում: Մեկ էլ տեսնեմ՝ մեկն ուղիղ դեպի ինձ է գալիս: Պարզ է, հարբեցողների եռյակին մեկը պակասում էր, այդ մեկը ես էի, և նա՝ սև վերարկուն հագին, ականջավոր գլխարկով, միրուքով, գտել էր ինձ:

– Իսկույն հասկացել է, որ հարիֆ է կանգնած, – մեկնաբանեց Աբբասը, բայց Սիավուշն ուշք չդարձրեց դրան, ոգևորված շարունակեց.

– Մի խոսքով, ծերուկ, անօթևան հարբեցողի նման չէր ամենևին, տեղը տեղին, սթափ ու կարգին կերպարանք ուներ, օրինակ, Աբբասն՝ իր տեսքով, նրա մոտ ոնց որ հարյուր տարվա բոմժ, – դավադիր ու հրճվախառն քռքռոցով ասաց Սիավուշը: – Լսիր, «Այս ցրտին մի թեթև տաքանալու միտք չունի՞ երիտասարդը», հարցրեց: «Չէր խանգարի», ասացի: Թե ինչի էդպես ասացի, ինքս էլ չեմ հասկանում: Երբեմն ինձ հետ պատահում է՝ հոսանքի հետ ընկած գնում եմ, առանց հաշիվ տալու՝ ո՞ւր, ինչո՞ւ: Շրջվեց, կանչեց ինչ-որ մեկին: Սա արագ մոտեցավ: Եռյակով կես շիշ օղի առնելը Մոսկվայում ընդունված կարգ է: Վերցրին փողը, գնացին խանութ: Դրսում կանգնած սպասում եմ, ինքս ինձ վրա ծիծաղելով, որ միանգամայն անծանոթ մարդկանց հետ ակամա էդպիսի անհեթեթ խաղի մեջ մտա: Բայց արդեն ուշ էր, հարկավոր էր սպասել: Սպասում եմ, իսկ նրանք չկան ու չկան: Ցրտից դոփդոփում եմ տեղում, նույնիսկ մտածեցի, որ խանութը, կարող է, ուրիշ ելք ունի, և որ նրանք, հավանորեն, օղին առել, գնացել են: Էդ մտքից կատաղությունս բռնեց մի փոքր, ու էդ պահին տեսա՝ միրուքավորը դուրս եկավ խանութից: Ականջավոր գլխարկն աչքերին քաշած, եկավ ու, առանց կանգ առնելու, անցողակի նայելով՝ արագ անցավ իմ կողքով: Դա ինձ խիստ զարմացրեց, բայց մտածեցի, որ օղին տակից են տալիս, երևի, էդպես է պետք, որպեսզի միլիցիա-բան չտեսնի: Երկրորդ ընկերը չկար, և ես դարձյալ մտածեցի, որ դա նույնպես, երևի, կոնսպիրացիայի ձև է: Միրուքավորը գնաց դեպի կողքի շենքը, մտավ շքամուտք՝ ես էլ նրա ետևից: Բարձրանում է սանդուղքներով ու ետ-ետ է նայում, երևի, երկրորդին է սպասում, մտածում եմ: Հասանք երրորդ հարկ, ես նույնպես ներքև նայեցի՝ երկրորդը չի՞ երևում արդյոք: Այդ կարճ ակնթարթին մի դուռ բացվեց, միրուքավորը իրեն գցեց ներս և դուռը շրխկոցով փակեց: Ծերուկ, ոնց որ թե կռանով հարվածեն Սիավուշի գլխին, մնացի շշմած: Ուշքի եկա ու կամաց թակում եմ դուռը՝ ոչ մի ձայն: Կատաղությունը կրկին գլուխ բարձրացրեց իմ մեջ: Պարզ է, ձեռ են առել: Ավելի ուժգին եմ ծեծում դուռը: «Ի՞նչ ես ուզում», հարցրին ներսից: «Իմ բաժին օղին», ասում եմ: «Հիմի միլիցիա կկանչեմ, քեզ օղի ցույց կտան»: Միրուքավորն էր երևի: Էստեղ ես լրիվ կորցրի ինձ: Օրը ցերեկով, ուրեմն, խաբեն քեզ ու դեռ միլիցիայով էլ ահաբեկե՞ն: «Մի թեյի բաժակ օղի, թե չէ դուռը ջարդում եմ», – մեյխանայի պես կրկնում էի և բռունցքներով ու ոտքերով խփում դռանը: