Выбрать главу

– Գլխով պիտի խփեիր, – խորհուրդ տվեց Աբբասը, զուսպ ծիծաղեց:

Հազի նոպայից հետո նա արդեն վախենում էր բարձր ծիծաղել: Սիավուշը քռքռաց, շարունակեց.

– Ինչ էր եկել վրես, Լեո, չեմ հասկանում: Վերջապես դուռը քիչ ետ գնաց, շղթա կար դռանը գցած, դռան արանքից թեյի զեհավոր բաժակը լի օղին մեկնեցին ու հետն էլ՝ «Ա՛ռ, խեղդվիր»: Վերցրի լիքը բաժակն ու անհուսալի հարբեցողի պես միանգամից գլխիս քաշեցի… Ամեն ինչ պարզվեց, հստակվեց, լուսավորվեց ու պայծառացավ, ի¯նչ կատաղություն, ի¯նչ բան՝ լրիվ անցավ, խաղա¯ղ ու գեղեցիկ աշխարհ, մարդիկ բա¯րի, սիրալիր ու սիրելի, հաղթանակած ու բարձր տրամադրությամբ, որ նրանց, այնուամենայնիվ, չհաջողվեց ինձ խաբել, ինքս ինձ վրա ծիծաղելով դուրս եկա փողոց ու հանկարծ, ծերուկ, քրտինքը տվեց ճակատիս. աչքերիս չէի հավատում՝ միրուքավորս ընկերոջ հետ շիշը ձեռներին ինձ են որոնում… Շփոթել էի, – գլուխն օրորելով ծիծաղեց Սիավուշը: – Ախր՝ նույն սև վերարկուն հագին, մորթի գլխարկով, – արդարացավ նա, ասաց, – լսիր, չորոշեցինք՝ ո՞ւր ենք գնում:

– Ուր ուզում եք, – դեռևս ծիծաղելով ասացի ես: – Գնանք կայարանի մոտ, հենց տեղում թոնրի հաց են թխում, կամ «Սեմաշկոյի» ետևի խորովածանոցը գնանք, ուզում եք՝ «Քարվանսարայ», ինձ համար մեկ է:

– Գնացինք, – ասաց Աբբասը և առաջինն ինքը դուրս եկավ միջանցք:

Ես զանգեցի Ռենային, ասացի.

– Էսմիրային ասա թող անհոգ մնա: Երեք տոմս եմ վերցրել ձեզ համար:

– Լեո, բա դո՞ւ, – սրտաշարժ քնքշությամբ արագ ասաց Ռենան:

– Ինձ համար, Ռեն, չկա ավելի մեծ հաճույք, քան այն, որ դուք երեքով պիտի գնաք այդ համերգին:

– Ցավեդ տանեմ, – ասաց նա:

Եվ դա աշխարհիս երեսին ամենամեծ պարգևն էր ինձ համար:

* * * * *

Համերգի օրը, լուսաբացին, անսպասելի մրրիկ բարձրացավ: Ես դուրս եկա պատշգամբ, որտեղից բարձր շենքերի արանքով, ինչպես խմբագրության իմ առանձնասենյակից, դեպի ծով իջնող նեղլիկ մի տեսարան էր բացվում: Ուշ երեկոներին ես այդտեղից հաճախակի եմ դիտում լուսնի վեհատեսիլ ընթացքը ծովի վրայով, նրա արտացոլումը խաղաղ ջրերի վրա: Պատահում է, լուսինը գլխիվայր ընկնում է ջուրը և երկար ժամանակ դանդաղորեն լող է տալիս մթության մեջ: Գիշերներն այնտեղ, ծովի խորքում, երևում է փարոսի համաչափ թարթոցը:

Ծովն այսօր մթագնած է՝ ինչպես երկինքը, ալիքները մոլեգնում, ծառս են լինում: Մրրիկին ընդդեմ ձիգ բարդիները գալարվում են, ասես ուր որ է պիտի ճղատվեն:

Հետո հորդ անձրև սկսեց: Ես կանգնել, ականջ էի դնում ջրի անդադար շառաչին՝ ջրհորդանների մեջ:

Իսկ հետո ամեն ինչ միանգամից խաղաղվեց, երկինքը պարզվեց և կարծես ո՛չ մրրիկ էր եղել, ո՛չ տեղատարափ անձրև:

Արևոտ, լուսաշող օր էր բացվում քաղաքի վրա:

Ես սպասում էի Ռենայի զանգին. նա համերգի տոմսերը դեռևս չէր վերցրել ինձնից: Վերջապես զանգեց, և դա համարյա օրվա վերջին էր: Ավտոմատից էր զանգում:

– Դու կարո՞ղ ես իջնել ներքև, – հարցրեց նա իր թավշե անուշ ձայնով:

– Չե՞ս ուզում բարձրանալ խմբագրություն:

– Ուզում եմ, – պատասխանեց նա ցածր ձայնով: – Բայց մենակ չեմ: Ավելի լավ է՝ ինքդ իջիր ներքև:

Եվ, չգիտես ինչու, հուզումը պատեց ինձ: Հասկացա՝ Էսմիրան ու Իրադան էլ այնտեղ են: Մի պահ քայլում էի սենյակում, սպասելով, որ անցնի հուզումը: Ապարդյուն:

Ես նրանց իսկույն տեսա. կանգնած էին փողոցի մյուս կողմում, ֆիլհարմոնիայի այգու մոտ՝ բարձրակրունկ կոշիկներով, տոնականորեն գեղեցիկ հագնված: Իրադան համարյա Ռենայի տարիքին էր, երևի մի երկու-երեք տարով էր մեծ, իսկ Էսմիրան, ես ճիշտ էի նկատել, Ռենայի նման էր՝ սլացիկ ու գեղիրան:

Երեք զույգ աչքեր հառված էին ինձ, իսկ ես չգիտեի, թե որտեղ թաքցնեի ձեռքերս, ինչպես անցնեի փողոցը, համենայն դեպս, Էսմիրայի և Իրադայի զննող, հետաքրքրասեր հայացքների ներքո:

– Բարև ձեզ, – ի վերջո անցնելով լայն փողոցն ու մոտենալով նրանց՝ շփոթված ասացի ես: – Ահա և տոմսերը:

Էսմիրան ձախ ձեռքով վերցրեց տոմսերը, աջ ձեռքը մեկնեց ինձ, ես ակամա իմ ափի մեջ առա նրա բարալիկ, սառը մատները:

– Էսմիրա, – ասաց նա՝ նայելով ինձ այնպիսի մի հայացքով, որով արբունքի հասած գեղեցիկ աղջիկները շփոթեցնում են և՛ ջահել, և՛ տարեց տղամարդկանց՝ թրթռացնելով նրանց սրտերը՝ ջահելներին հավանական հեռանկարով, մեծերին, ավաղ, ափսոսանքով միայն, որ այսպես աննկատելի անցավ իրենց ջահելությունը: – Շնորհակալություն տոմսերի համար: