Выбрать главу

Իրադան գլխի շարժումով պատասխանեց իմ ողջույնին, իսկ Ռենան միայն ժպտաց:

– Համերգին դեռ ժամանակ կա, – ասացի ես: – Գնա՛նք սրճարան. այստեղ ընտիր պաղպաղակ են տալիս:

– Կարելի է, – նրանց փոխարեն արագորեն պատասխանեց Էսմիրան լուսապայծառ ժպիտով:

Ժպիտը շատ էր սազում նրա սիրունիկ դեմքին:

– Էսմիրա, – սաստեց նրան Իրադան:

Բայց ո՞ւմ ես ասել:

– Գնացինք, ինչո՞ւ եք կանգնել, – ասաց նա, և մենք երկնահաս լորենիների լայն ծառուղով, ինչպես անտառի միջով, թռչունների դայլայլի ուղեկցությամբ, քայլեցինք դեպի Իչարի Շահարի պարսպի տակ գտնվող բացօթյա սրճարանը, ուր կարոտակեզ մի երգ էր ծորում մագնիտոֆոնը:

«Փթթուն գարնանը շատ թափառեցի ու երազ տեսա, որ իմ հետ ես դու», – երգում էր Յալչին Ռզազադեն:

Էսմիրան կանգ առավ, ցնծուն բերկրանքով շունչը պահած, լայն բացած ջինջ աչքերով նայեց արահետի վրա թեքված լորենու ճյուղերին, որոնց վրա խաղալով վազվզում էր դարչնադեղնավուն մի սկյուռ: Ճյուղից ճյուղ թռչելով՝ սկյուռը սլացավ ծառն ի վեր, լորենու ամենաբարձր կատարին, երկնքին քսվող ճյուղերի վրա մի պահ երևաց նրա հրաշեկ պոչը, դողդողաց ու անհետացավ սաղարթների մեջ:

– Մի երկու հոգի դահլիճում ուշաթափվելու են, – շրջվելով ասաց Էսմիրան անթաքույց հրճվանքով: – Նրանք համոզված էին, որ ինձ չի հաջողվի տոմս գտնել:

Նա հտպիտ հայացքով նայեց ինձ. ժպիտը շարունակ ծաղկում էր նրա սևորակ կայծկլտուն աչքերում, շուրթերի վրա, տարածվում ամբողջ դեմքին: Ժպիտ էր ծաղկում անգամ ձյունից ճերմակ, շաքարասպիտակ պսպղուն ատամների վրա:

– Եվ այն էլ բեմից ոչ հեռու, երրորդ շարքում, – գոհ, որ դա ուրախություն պիտի պատճառի նրան, ասացի ես:

– Ինչպե՞ս, – իսկապես ուրախացավ Էսմիրան: – Երրորդ շարք, իսկ նրանցը գիտե՞ք որտեղ է՝ ամենավերջին կարգում: Աման ալլահ, նախանձից պայթելու են:

– Իսկ գիտե՞ս ում էին պատկանում այդ տոմսերը, – նրա հետաքրքրությունն ավելի բորբոքեցի ես:

– Ո՞ւմ, – վառվող աչքերով շեղակի նայելով ինձ, հարցրեց Էսմիրան:

– Ադրբեջանի գրողների միության վարչության նախագահ Անարին:

– Անարի՞ն: – Էսմիրան կանգ առավ, նրա խոշոր, շքեղ աչքերում մի արտակարգ լույս էր փայլում: – Ես կարդացել եմ նրա վեպը՝ «Վեցերորդ հարկ՝ հինգ հարկանի շենքում»: Սքանչելի գործ է: Թահմինայի մահն ինձ ցնցել է… Ոչ ոք չի հավատալու: Ոչ ոք: Մեր գրողներից ովքե՞ր են ամենալավը, գիտե՞ք: Ասեմ՝ Անար, Էլչին, Աքրամ Այլիսլի, Իբրահիմբեկով եղբայրները, Չինգիզ Հյուսեյնով: Կարդացե՞լ եք Հյուսեյնովի վիպակը՝ «Մագոմեդ, Մամեդ, Մամիշ»: Սքանչելի վիպակ է: Գլխավոր հերոսուհու անունը նույնպես Ռենա է, բայց, դե, անբարոյական վարքի տեր ու խորամանկի մեկն է նա, իմ քույրիկը նրա լրիվ հակապատկերն է: Անարի տոմսերը… Բայց հո տեսնելու են, թե որտեղ եմ նստած:

– Ռենա՞ն էլ է կարդացել այդ վիպակը, – հենց այնպես հարցրի ես Էսմիրային:

– Չգիտեմ, – ընդգծված անփութությամբ նետեց նա՝ անմեղապարտ խաղացկուն ժպիտով: – Հիմա նա հայ գրականություն է ուսումնասիրում, – ինձ նայելով՝ ծիծաղեց: – Վերջերս ի՞նչ էր կարդում: Սպասիր հիշեմ… Ալեքսանդր Մակեդոնացին երեսուն հազար զինվոր ուներ, բոլորին դեմքով ճանաչում էր և անունները գիտեր, իսկ ես մի հասարակ գրքի վերնագիր հիշել չեմ կարողանում:

– Էսմիրա, – այս անգամ արդեն թախանձեց Ռենան:

– Հիշեցի, – ասաց նա՝ ուշադրություն չդարձնելով քրոջ թախանձանքին, – «Մուսա լեռան քառասուն օրը»: Հաստափոր գիրք է, ես քառասուն օրում էլ չեմ հասցնի կարդալ: «Արբատի զավակները» նույնպես մեծ գիրք է, բայց ես երկու շաբթում կարդացի: Այդ Սաշայի համար չորս օր լաց եղա: Մեղք էր: Ես որ նրա սիրած աղջկա՝ այդ Վարյայի տեղը լինեի, նրա ետևից կգնայի Սիբիր, մինչև Կանսկ: Ինչպես որ «Մանոն Լեսկոյի և ասպետ դը Գրիյոյի պատմությունը» վեպում դը Գրիյոն կամովի գնաց Ամերիկա աքսորված Մանոնի ետևից: Գիտե՞ք Սոնան ինչ էր ասում:

– Սոնան ո՞վ է:

– Մեր դասարանից, – անտարբեր նետեց նա: – Նարգիս է երևակայում իրեն: Հա, գեղեցիկ է, բայց հո բացարձակ գեղեցկուհի չէ: Նարգիսը, որի իսկական անունը, ի դեպ, Ֆաթիմա էր, ու Սոնան հազիվ թե դա իմանա, հանրահայտ կինոդերասանուհի էր, նա ոչ միայն Բոլլեվուդում ու մեկ միլիարդանոց Հնդկաստանում՝ ամբողջ աշխարհի մակարդակով էր գեղեցկուհի: Նյու-Յորքում, երբ նա հիվանդ պառկած էր, տաքսու վարորդները փող չէին վերցնում նրան այցելության գնացող ուղևորներից, այլ խնդրում էին այդ փողով ճերմակ վարդեր առնել նրա համար: Աման ալլահ, մի տես ում հետ է ուզում համեմատվել: Աշակերտ կա՝ գիտի, որ գիտի, աշակերտ կա՝ գիտի, որ չգիտի, աշակերտ էլ կա՝ չգիտի, որ չգիտի: Այ, դա է Սոնան՝ չգիտի, որ չգիտի: Ասում էր՝ վ-ա-ղ-վ-ա դ-ա-ս-ե-ր-ս չ-եմ կ-ա-ր-ո-ղ-ա-ն-ա-լ-ու կ-ա-ր-գ-ի-ն պ-ա-տ-ր-ա-ս-տ-ե-լ, հ-ա-մ-ե-ր-գ-ը ե-ր-և-ի խ-ա-ն-գ-ա-ր-ի, – ծաղրեց Էսմիրան:– Իբր թե դու ե՞րբ ես դասերդ կարգին պատրաստել: Որևէ միտք հստակ ձևակերպելը նրա համար սոսկալի տանջանք է: Այս ու այն տեղից արտագրելով, հուշելով-բանով մի կերպ «երեքներ» է կորզում: Դիտմամբ բարձր ասաց, որ ես լսեմ: Ուզում էր խայթել, բայց չի կարա:

Էսմիրան՝ եղնիկի պես թեթևաքելք, քիչ առաջ էր ընկել, անցնող տղաները, արևի ետևից պտտվող արևածաղկի պես, գլուխները շրջում էին նրա կողմը: