– Էսմիրա, – կանչեց Իրադան, – առաջ մի ընկնիր:
Մենք տեղավորվեցինք կլոր սեղանի շուրջը: Մատուցողուհին ճանաչում էր ինձ, մենք հաճախ էինք տղաներով գալիս այստեղ՝ սուրճ խմելու կամ պաղպաղակ ուտելու: Նա ջերմորեն ողջունեց: Սկսեցինք պատվիրել:
– Դու պաղպաղակը ելակո՞վ ես սիրում, թե շոկոլադով, – հարցրի ես Էսմիրային:
– Ե՛վ ելակով, և՛ շոկոլադով, – արագախոսեց նա: – Երկուսն էլ սիրում եմ:
– Էսմիրա, – այս անգամ Ռենան փորձեց սաստել քրոջը: – Քեզ ի՞նչ եմ ասել:
– Ասել ես՝ կարգին կպահես քեզ, – խոստովանեց Էսմիրան: – Ես ինձ վա՞տ եմ պահում, – դառնալով իմ կողմը, հարցրեց նա, ծիծաղկուն կկոցած աչքերով նայելով ինձ:
– Ամենևին, – ասացի ես: – Ընդհակառակը:
– Տեսնո՞ւմ ես, – հաղթական հայտարարեց Էսմիրան: – Բողոքներ չկան, – և կրկին դառնալով ինձ ասաց, – ես այդ Սոնայի հետ չեմ խոսում: Զաուրի հետ նույնպես:
– Իսկ Զաուրն ո՞վ է:
Էսմիրան կրկին շեղակի նայեց ինձ, վարդագույն փափլիկ շուրթերով ճակատի մազափունջը փչելով մի կողմ: Ճիշտ և ճիշտ՝ Ռենայի նման:
– Մեր դասարանի գերազանցիկն է, – ոչ առանց հպարտության, բայց անտարբեր ձևանալով բացատրեց նա: – Խռով եմ հետը:
– Ինչո՞ւ, – խոսեցրի ես ժպտալով:
Ռենան ու Իրադան նույնպես ժպտում էին՝ երկուսն էլ փաղաքուշ հայացքներով նայելով Էսմիրային:
– Որովհետև մաթեմատիկայի ստուգողական գրավորը տվել էր Սոնային արտագրելու: Դրա համար էլ խռովեցի:
– Էհ, դրա մեջ ի՞նչ կա որ, – ասացի ես:
– Ոչ: Ես չէի ուզում, ուրեմն չպիտի տար, – ասաց նա իր լուսաշող աչքերով նայելով ինձ:
Լուսաշող սպիտակուցներով սև աչքեր՝ անուշիկ թուխ դեմքի վրա:
– Ինչո՞ւ:
Էսմիրան նայեց ինձ, քիչ մտածեց, ասաց.
– Որովհետև այդ Սոնան աղջիկներին ասել էր, թե իբր Զաուրի հետ կինո են գնացել, և որ, իբր, Զաուրն իրեն համբուրել է: Սուտ: Զաուրն ինձ երդվեց, որ այդպիսի բան չի եղել: Ստում էր:
– Էսմիրա, դու կարո՞ղ ես լռել, – բարկացավ Ռենան:
– Կարող եմ, – ասաց Էսմիրան և ուղիղ կես վայրկյան լուռ էր:
Բայց միայն կես վայրկյան:
– Ինչ-որ բան է պատահել մեր հեռախոսի հետ, – ասաց նա, – երեկ խոսում էի ընկերուհուս հետ և բոլորովին չկարողացանք մեկս մյուսին հասկանալ:
– Իսկ փորձե՞լ եք հերթով խոսել, – ժպտաշող աչքերով նայելով Էսմիրային հարցրեց Ռենան:
Էսմիրան նայեց նրան, բայց միտքն ուրիշ տեղ էր:
– Զաուրն ասում է, որ ես շատ նման եմ Սոֆի Մարսոյին, – ասաց նա: – Իսկ ինձ թվում է, որ ես ավելի շատ թոփ-մոդել Մոնիկա Բելլուչիի նման եմ: Դուք տեսած կա՞ք նրան:
– Ո՞ւմ: Զաուրի՞ն:
– Չէ-է¯, – քաղցրահունչ ծիծաղեց Էսմիրան՝ գլուխը թափահարելով: – Մոնիկա Բելլուչիին: Քսանհինգ տարեկան է ու այս օրերին ամբողջ Փարիզն ու Նյու-Յորքը նրա մասին են խոսում որպես ամենահանրահայտ մոդելի:
– Տեսել եմ: Կարծեմ, վերջերս «Պլեյբոյում» կար նկարը:
– Ճշմարիտ է, «Պլեյբոյի» կազմին նորերս եղել է նրա նկարը: Ճիշտ, նմա՞ն եմ նրան:
Ես նայեցի Էսմիրային. ոգեղեն կենսուրախությամբ, լուսավորված ոչ այն է՝ երկնահաս ծառերի սաղարթների արանքից թափանցող շողշողուն արևով, ոչ այն է՝ ուղղակի ներսից եկող ինչ-որ արտակարգ լույսով, ձայնի մեղմանուշ երանգով, ալ կարմիր վառվռուն անպիղծ շուրթիկներով, անկյունավոր աչքերի այրիչ հրով ու մի տեսակ էկզոտիկ իր գեղեցկությամբ, նա, իրոք, ամենևին չէր զիջում սևաչյա մանեկենուհի Մոնիկա Բելլուչիին, և, կարծես, այո, ինչ-որ նմանություն կար նրանց միջև:
– Նման ես, – հաստատեցի ես: – «Պլեյբոյն» արժանի է, որ քո նկարը նույնպես տպագրվի այնտեղ:
– Ես էլ այդ կարծիքին եմ, – Էսմիրան աշխուժորեն նայեց Ռենային ու Իրադային, գոհունակ ժպտաց: – Իմ քույրիկը նմա՞ն չէ Մերիլին Մոնրոյին, – անսպասելի հարցրեց՝ քիչ առաջվա նույն ծիծաղկուն աչքերով նայելով ինձ:
– Երբ Մերիլին Մոնրոն տասնինը տարեկան էր՝ նման էր քո քույրիկին, բայց քո քույրիկն ավելի հրապուրիչ է, քան Մերիլին Մոնրոն տասնինը տարեկանում, – ասացի ես:
Ռենան ժպտաց աչքերով, նայեց ինձ խորունկ սիրող հայացքով՝ Էսմիրայից ու Իրադայից աննկատ հրաբոսոր շուրթերի թեթևակի հպումով համբույր հղելով ինձ:
– Ես կարծում եմ, – շարունակեց Էսմիրան, – որ նա ավելի շատ Բրիջիդ Բարդոյին է նման:
– Էսմիրա, – հարկադրական աղերսեց Ռենան:
Էսմիրան, կնճռոտելով դեմքը, ձեռքը թափ տվեց, այսինքն՝ մի խանգարեք, ինքը հիմա կարևոր հարցեր է վճռում:
– Նրանց նկարները դնում եմ կողք-կողքի և չեմ կարողանում տարբերել. մազերը, հոնքերը, կազմվածքը, նայվածքը, թևերը, հատկապես, երբ անթև շոր է հագնում, աչքերի գույնն ու ժպիտը, մանավանդ ժպիտը, ամեն-ամեն ինչ նույնը, մեր դասարանում էլ են բոլորն ասում, որ շատ նման են, իսկ շուրթերը, նայում եմ՝ նույն էրոտիկ շուրթերը…
– Էսմիրա, դու կտրելո՞ւ ես ձենդ, – շառագունելով՝ արդեն լրիվ բարկացավ Ռենան: – Իրադա, ախր, մենք նրան ինչո՞ւ վերցրինք մեզ հետ:
– Էլ մի ասա, – համաձայնեց Իրադան:
Բայց ժպտում էր:
– Մեր հարևան շենքում, հինգերորդ հարկում, մի տղա կա, ֆիզկուլտ ինստիտուտում է սովորում, – դույզն անգամ չազդվելով նրանց խոսքերից՝ ասաց Էսմիրան մտասույզ, – աչքը գցած մեր պատշգամբին՝ առավոտից մինչև իրիկուն կիմոնո հագած ցատկոտում, մարզանք է անում: Դուք մարմնամարզությամբ զբաղվո՞ւմ եք, – դառնալով ինձ՝ անսպասելի հարցրեց նա: