– Ինչի՞ համար:
– Ինչպե՞ս թե ինչի՝ երկարակեցության:
– Նապաստակն ամբողջ օրը ցատկոտում, վազվզում է այս ու այն կողմ՝ իսկական մարմնամարզիկ, ինքն էլ հումակեր, բայց ութ-տասը տարուց ավելի չի ապրում, իսկ այ, կրիան մարմնամարզությամբ չի զբաղվում, ծույլ ու դանդաղկոտ՝ ոչ մի տեղ չի շտապում, ուղարկում են ջրի, մի ժամ անց դժգոհում, որ մինչև հիմա չկա, դրսից ասում է՝ շատ խոսեք, չեմ էլ գնա ու, տես, չորս հարյուր հիսուն տարի ապրում է:
Էսմիրան, ծիծաղեց, ծիծաղկուն աչքերով նայելով Ռենային, ասաց.
– Ֆիզկուլտ ինստիտուտի էդ տղայի ուշքը գնում է քույրիկիս համար:
Իմ սիրտն ալեկոծված բաբախեց:
– Լեո, մի լսեք նրան, – շագանակացոլ խոշոր աչքերով մի կարճ ակնթարթ նայելով ինձ՝ խնդրեց Իրադան: – Ռենա, դու ճիշտ ես, մենք իզուր ենք նրան վերցրել հետներս:
Էսմիրան աչքերին ձանձրացող մարդու արտահայտություն տվեց՝ կրկին ծուլորեն թափ տալով ձեռքը, այս անգամ ասես ճանճ էր քշում իրենից:
– Իսկ իմ քույրիկի ուշքն էլ ձեզ համար է գնում, – ասաց նա՝ հեզանազ ժպտալով: – Կարդացե՞լ եք Կապուտիկյանի բանաստեղծությունը. «Թափառում ենք փողոցներում՝ ես քո սիրով, դու՝ ուրիշի, այրվում ենք հրդեհներում՝ ես քո սիրով, դու՝ ուրիշի», – արտասանեց նա, պաղպաղակի մելքիորե գդալիկը լիզելով՝ ելակով պաղպաղակից անցնելով շոկոլադին:
Իրադան ծիծաղեց, օրորեց գլուխը՝ իբր, երեխա որ երեխա:
– Գիտե՞ք, Զաուրն ինչ ասաց ամբողջ դասարանի առաջ: Մեկը կա, ասաց, եթե հրամայի՝ պատուհանից կանցնեմ դուրս և երրորդ հարկի քիվի վրայով աչքերս փակ շենքի մի ծայրից կգնամ մինչև մյուս ծայրը: Այս ու այն կողմից հարցրին՝ ո՞վ է այդ մեկը: Իսկ նա ասաց՝ Էսմիրան: Պատկերացնո՞ւմ եք: Սոնան մեռած էր ու թաղած չէր: Իսկ մինչ այդ, դրանից մի քանի րոպե առաջ, գիտե՞ք ինչ էր ասում այդ Սոնան՝ եթե նա առաջինն է, ասում էր, ում մասին մտածում ես, երբ արթնանում ես, միակը, երբ սթափ ես, և վեջինը, ում մասին դու մտածում ես քնելուց առաջ՝ դա արդեն սեր է: Զաուրի խոսքից հետո գույնը գցել էր: Պատի գույն: – Էսմիրան ժպտաց, գերպայծառ հայացքով կկոցուն նայեց ինձ: – Ի՞նչ եք կարծում, – քիչ անց ասաց նա, – արժե՞, որ ես Զաուրին ներեմ:
– Իհարկե, – արագ ու հաստատուն ասացի ես:
– Ոչ, չեմ ների,– շեշտակի և ուրախ նայելով ինձ՝ վճռական ասաց Էսմիրան, մի փոքր մտածեց, ավելացրեց, – թող ներողություն խնդրի:
Հուզիչ էր նրա բարյացակամ անկեղծությունն ու միամիտ անաղարտությունը:
– Կխնդրի, ի՞նչ պիտի անի, – ասացի ես ժպտալով:
– Ես էլ եմ այդպես կարծում, – ակնհայտ գոհունակությամբ ժպտաց Էսմիրան: – Ես մտածում եմ, որ ներելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես ներում: Ինչպես նաև նսեմացնելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես նսեմացնում, հարգելով ու օգնելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես հարգում ու օգնում, պաշտպանելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես պաշտպանում: Եվ այդ ամենի համար անկախ քեզնից, ինքդ քո աչքին բարձրանում ես ու միանգամայն այլ ձևով ես զգում քեզ: Ադպես է, չէ՞, – հարցրեց ու, առանց պատասխանի սպասելու, ավելացրեց, – ինձ դուր է գալիս այստեղ, ոնց որ անտառում լինես. թռչունների ծլվլոց, սկյուռիկի վազք, երաժշտություն: Ռոք երաժշտությունը շատ է հոգեհարազատ ինձ, էթնիկ, ժողովրդական երաժշտություն ևս շատ եմ սիրում: Գիտե՞ք ժողովրդական ինչ երգ եմ ես շատ սիրում՝ «Քյուչալարա սու սափմըշամ՝ յար գյալանդա թոզ օլմասըն, յար գյալանդա թոզ օլմասըն*», – կամացուկ երգեց նա: – Շատ լավ երգ է, չէ՞: Սիրո մասին է, ճիշտ է, բայց խորը թախիծ, տխրություն կա մեջը: Սիրտդ տակնուվրա է անում, հասկանում ես, որ նրա աչքը ճամփին է, շարունակ սպասում է, բայց սիրածը չկա և հույս էլ չկա, թե գալու է: Այսպիսի համեղ պաղպաղակ ես ոչ մի տեղ չեմ կերել, – հանկարծակի փոխելով թեման՝ ասաց նա:
– Հաճելի է լսել, – ասացի ես:
Էսմիրան նայեց ինձ մշուշոտ, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց երևի փոխեց միտքը, լռեց:
– Տեսե՞լ ես՝ ինչ բուրմունք է, – չհամբերեց, ձգվեց, վիզը երկարեց դեպի Ռենան:
– Ախ, ախ, ախ, – խնդումնասիրտ գլուխն օրորեց Ռենան:
– Օխ, օխ, օխ, – կոտրատվեց Էսմիրան չափազանցված զվարճությամբ: – «Շանել № 5»: Մամայի օծանելիքն է, մի քիչ փչեցի վրաս: Գժվում եմ դրա բուրմունքից, – նա թեթևակի մի հառաչ արձակեց, թեքվեց դեպի ինձ, պարանոցը մոտեցրեց դեմքիս՝ ցփնելով ինձ իր զմայլեցուցիչ բույրերով, – հոտ քաշեք, – թույլատրեց նա: – Լավն է, չէ՞:
Օդն անգամ աղջկական անուշահոտություն էր բուրում:
– Աննման, – ասացի ես:
– Գիտե՞ք ինչ, – պաղպաղակն ուտելով ասաց Էսմիրան, – տարօրինակ բան, երբ երջանիկ ես, լաց լինել ես ուզում, բայց, երբ տխուր ես, չես ուզում ծիծաղել… Դրա համար էլ, կարծում եմ, ավելի
լավ է երջանիկ լինել: Ու ոչ ոքի չնախանձել: Ամենածանր բանը նախանձկոտ մարդու համար գիտե՞ք որն է. այն, որ նրան ոչ ոք չի
–
*«Փողոցներում ջուր եմ ցանել, յարս գալիս՝ փոշի չլինի, յարս գալիս՝ փոշի չլինի» (ադրբ. ժող. երգ):
նախանձում: Մեր դասարանի բոլոր աղջիկներն ինձ նախանձում են, – նա մի երկու վայրկյան դադար տվեց, հետո ասաց, – ես ընդհանրապես կարծում եմ, որ տղաներն ավելի կայուն ու հուսալի