ընկերներ են լինում, քան աղջիկները: Բայց, այնուամենայնիվ, ես չեմ հասկանում, թե ինչու են նախանձում: Ինչ հագնում եմ՝ լավ,
վատ՝ նախանձում են, ուրախ ժամանակ տխուր ձևանամ, կամ տխուր ժամանակ՝ ուրախ, նախանձում են, տասներորդ դասարանի տղաներն ինձ նայում են կամ նամակ են գրում, կամ էլ, ասենք, պայուսակս վերցրած՝ ուղեկցում են, էլի նախանձում են: Փորձի համար՝ մազերս կտրեմ, համոզված եմ, իրենք էլ կկտրեն: Չգիտեմ ինչ անեմ, – իբր շատ մտահոգ՝ ուսերը թոթվեց նա: – Էհ, գիտե՞ք ինչ եմ մտածում, – ուրախ ավելացրեց,– ում չեն նախանձում, ուրեմն նա իրենից բան չի ներկայացնում: Թող նախանձեն, ավելի լավ է ինձ նախանձեն, քան ես նրանց, չէ՞… – նա դարձյալ քիչ դադար տվեց, ասաց, – ես բժշկական երբեք չեմ ուզենա՝ «Վարակիչ հիվանդությունների և նրանց հետ շփվող անձանց մեկուսացման ժամկետները», «Արյան համակարգի հիվանդություններ», «Կանխարգելիչ պատվաստումների օրացույց»՝ Ռենայի գրքերը որ նայում եմ՝ սիրտս խառնում է: Դպրոցն ավարտեմ՝ կընդունվեմ կոսմետոլոգիայի և գեղեցկության ինստիտուտ: Իմացել եմ՝ Լենինգրադում այդպիսի ինստիտուտ կա, հենց այդ ինստիտուտն էլ կընդունվեմ, – եզրափակեց Էսմիրան և անսպասելի ավելացրեց, – ես բանաստեղծություններ եմ գրում:
– Ոչ թե բանաստեղծություններ, այլ ոտանավորներ, – խեթեց Ռենան:
– Ի՞նչ տարբերություն, – գլուխը շրջելով քրոջ կողմը, ասաց Էսմիրան, սիրուն քթիկը կնճռոտելով:
– Տարբերությունը չես հասկանում, դրա համար էլ ոտանավորներ ես գրում, – ժպտաց Ռենան:
– Դուք կարծում եք մենակ դպրոցո՞ւմ են ինձ նախանձում՝ տեսնո՞ւմ եք:
Այս անգամ բոլորս ծիծաղեցինք, և Էսմիրան էլ, իհարկե, մեզ հետ:
Նույն ծառուղով զրուցելով քայլեցինք մինչև կանգառ, և Էսմիրան դարձյալ առջևից էր գնում՝ անհոգ ու թեթևաքայլ, գոտկատեղից աջ ու ձախ թեթևակի կոտրտվելով:
Կանգնեցրի պատահած առաջին տաքսին:
– Մենք տրոլեյբուսով կգնանք, – փորձեց առարկել Իրադան, – ութերորդ համարն ուղիղ Լենինի պալատ է գնում:
– Էսմիրային պատի՞վ է բերում տրոլեյբուսով համերգ գնալը:
– Կարծում եմ՝ ոչ, – հաստատեց Էսմիրան:
– Վերջ ի վերջո, ի՞նչ կասի հակառակորդ կողմը, – ժպտացի ես:
– Նրանք այդքան հեռուն չեն մտածում, – ծիծաղեց Էսմիրան, նստեց մեքենայի առաջնամասում, վարորդի մոտ, նստեց հանդիսավորությամբ, իսկ մինչ այդ, մինչ կնստեր, դարձյալ մեկնեց ձեռքը և, կկոցուն աչուկներով նայելով ինձ, ասաց, – ես ձեզնից բաժանվում եմ հաճելի տպավորությամբ:
Ռենան ու Իրադան անկարող եղան զսպելու իրենց ծիծաղը:
– Ես ցանկանում եմ, որպեսզի դու ոչ-ոքի չնախանձես կյանքում, – ժպտալով ասացի ես Էսմիրային: – Որովհետև նախանձը երջանիկների թշնամին է: Եվ համոզված եմ նաև, որ երբեք առիթ չես ունենա նախանձելու որևէ մեկին:
– Ես էլ եմ այդպես կարծում, – ասաց Էսմիրան սիրագորով քնքշությամբ և, ի նշան հրաժեշտի, խաղացրեց նազուկ մատիկները:
Երեկոյան ուշ Ռենան զանգեց ինձ, պատմեց համերգից ստացած տպավորությունների մասին, ոչ չարությամբ, իհարկե, գանգատվեց Էսմիրայի չարաճճիություններից և վերջում, համարյա շշուկով, ավելացրեց. «Մերոնց շատ դուր ես եկել: Էսմիրան շարունակ քեզնից էր խոսում, իսկ Իրադան ասաց, որ տղամարդկային արտակարգ հմայք կա քո մեջ… Համեմատությունների հիվանդ իմ քույրիկը գիտե՞ս քեզ ում հետ էր համեմատում»:
– Գիտեմ:
– Ո՞ւմ, – քաղցր կարկաչեց Ռենան:
– Քվազիմոդոյի:
Նա դարձյալ ծիծաղեց, ասաց.
– Քեզ չե՞մ ասել, որ դու Քվազիմոդոյից ահագին սիրուն ես:
– Ասել ես: Ուրախ եմ, որ հիշեցրիր: Ուրեմն՝ Չելենտանոյի:
– Ո-ո¯չ, – կրկին անգամ ծիծաղեց Ռենան: – Դու Չելենտանոյից էլ սիրուն ես… Ոչ մի տեղ՝ ո՛չ ինստիտուտում, ո՛չ որևէ տեղ, չկա մեկը, որի հետ կարողանայի համեմատել քեզ. դու տղամարդու կատարելատիպն ես ինձ համար, մի՞թե չես հասկանում:
– Դե լավ, ասա, ո՞ւմ հետ էր համեմատում:
– Ջոն Լեննոնի:
Ես ժպտացի. նա՝ Բրիջիդ Բարդո, ես՝ Ջոն Լեննոն: Հաճելի համեմատություն էր:
Ասացի.
– Ջոն Լեննոնը վեց տարով փոքր էր Բարդոյից:
– Նույնքան էլ դու մեծ ես ինձնից, – ծիծաղեց Ռենան:
Նա բարձր տրամադրությամբ էր, շարունակ հրճվում ու ծիծաղում էր.
– Բայց դա մի՞թե խանգարում է, որ ես սիրեմ քեզ խենթորեն:
– Խնդրում եմ, հայտնիր նրանց իմ շնորհակալությունը:
– Չեմ հայտնի, – նորից ծիծաղեց Ռենան և բարի գիշեր մաղթեց ինձ, չմոռանալով, իհարկե, իր հայերենը՝ «Ցավեդ տանեմ»:
* * * * *
Բացօթյա սրճարան մենք հաջորդ օրն էլ գնացինք: Այս անգամ Արինայի ու Լորաննայի հետ: Արինան ավարտել էր նախկին գլխավորի հուշագրության մեքենագրությունը, և դա անհրաժեշտ էր նշել:
– Այդ ծանր բեռից ազատվեցի՝ դա պետք է նշել, – ասաց Արինան: – Չեմ հավատում, թե դրա զզվելի մռութն այլևս չեմ տեսնելու: Վերջին օրը, փոխանակ շնորհակալություն հայտնելու, որ այդ ցանցառություններն առանց մի կոպեկի մեքենագրել եմ, ասաց. «Տառասխալներ ես թույլ տվել, մեր մեքենագրուհիներից մեկին յոթ տարով աքսորեցին Սիբիր, մյուսին՝ հինգ տարով: Եվ այդ ամենը մի-մի տառասխալի համար»: