Выбрать главу

– Չասա՞ց ինչ տառասխալներ էին, – հետաքրքրվեց Լորաննան:

– Ասաց: «Պոլկովոդեց» բառի փոխարեն մեքենագրել էր «Վոլկովոդեց»: Ստալինին վերաբերող տեքստում: Դա ռուսական հաղորդումների խմբագրության մեքենագրուհու մասին էր, իսկ հայկականն էլ մեքենագրել էր. «Սոցիալիստական աշխատանքի հերոս Բաստի Բագիրովան պլանային վաթսուն կիլոգրամի դիմաց, երեք հարյուրից-չորս հարյուր կիլոգրամ բամբակ է քաղում»: «Քաղում» բառում «ղ»-ի փոխարեն ուրիշ տառ էր տպել: Սրան էլ՝ հինգ տարի: Պատկերացնո՞ւմ եք, մի տառի համար: Իմ հարցին, թե օրգաններին ո՞վ հայտնեց այդ տառասխալների մասին, առանց ամոթի ասաց՝ ես: Պատկերացնո՞ւմ եք: Ասում է՝ չնայած տարբեր ժամանակ, բայց երկու դեպքն էլ իմ հերթապահության ժամանակ է եղել, իրավունք չունեի չհաղորդելու, դիտմամբ էին արել: Որ ասեմ էլ ինչ ասաց՝ կշշմեք:

– Նրանից ամեն ինչ սպասելի է, – ասաց Լորաննան: – Ի՞նչ է ասել:

– Ասում է՝ դիմել եմ քաղսովետ, որպեսզի հայկական եկեղեցու զանգը հանեն, ինձ խանգարում է:

– Եվ այդպիսի մարդուն բարևում ենք, – ասաց Լորաննան վշտագին տեսքով, – աթոռ ենք առաջարկում, հարգում ենք ծերությունը:

– Էլի ծերությունից էր խոսում, – ասաց Արինան: – Ավելի սարսափելի բան չկա, ասաց, քան այն, որ գիտես, որ արդեն ծեր ես: Ասում է՝ բոլորն ասում են ամուսնացիր, բա ո՞նց ամուսնանամ, ասում է, հիմա փոխադարձ սե՞ր կա որ, – սրտանց ծիծաղեց Արինան: – Ոտի մեկը գերեզմանում՝ փոխադարձ սիրուց է խոսում, մոխրվես դու: Գիտե՞ք էլ ինչ ասաց, – նորից ծիծաղեց Արինան իր անբռնազբոս ծիծաղով, – ասում է՝ Աթանես Սենալը մի կարգին բանաստեղծ չէր, բայց, տես, որտեղ է թաղված՝ հայկական գերեզմանատան մուտքի մոտ: Մի դրա բախտին նայիր, ասում է:

– Աթանես Սենալն իրենից տասնհինգ տարով փոքր էր, կամավոր ռազմաճակատ է մեկնել ու իրենից էլ հազարապատիկ լավ բանաստեղծ էր: Մեռած մարդկանց էլ է նախանձում, ի՞նչ փչացած մարդ է: – Լորաննան շրջվեց Արինայի կողմը: – Արինա, բախտդ բերել է, ազատվել ես նրանից: Հրավիրում եմ, գնում ենք պաղպաղակ ուտելու: «Գրական Ադրբեջանի» վերջին համարում բանաստեղծություններս տպագրվել են, խմբագիրն ասաց, որ հանդեսի տպաքանակն այս տարի տասներկու հազար է, բայց կասկած չունի, ասաց, որ իմ բանաստեղծությունների շարքը տպագրելուց հետո տպաքանակը եկող տարի կհասնի տասնհինգ հազարի: – Նա ծիծաղեց, ավելացրեց, – այնպես որ, հոնարար եմ ստացել, ես եմ վճարում: Հանուն քո խաթեր, Արինա:

– Ոչ, ես պիտի վճարեմ, – առարկեց Արինան:

– Մի վիճեք, ինքս կվճարեմ, – ասացի ես: – Մի քանի տուգրիկն ինչ է, որ ես ափսոսամ Արինայի համար: Վեր կացեք:

– Ոչ՝ ես, – դարձյալ ընդդիմացավ Արինան:

Դուռն անսպասելիորեն բացվեց, ներս մտավ Թելման Կարաբաղլի-Չալյան-Սալվադոր Դալին՝ դեղին փողկապով, չգիտես ումից վերցրած չվառած սիգարետը մատների արանքում, մազերը ցից:

Մշտական միջանցքում կանգնած՝ որևէ մեկից սիգարետ խնդրելու, մշտական պատրաստ՝ ծամածռված շուրթերով ժպտալու, կորամեջք խոնարհվելու, գլուխ տալու աջ ու ահյակ, կամացուկ բամբասելու դիմացից եկողին. «Օ¯հ, վա¯ր գիդաք դա հինչ փիս մարթ ա, ագնոցավոր օխցա, օխց», և դարձյալ, մինչև գետին քծնաժպիտ խոնարհվելով այդ նույն մարդուն՝ «նեջյա՞ սյան, ազիզըմ»* ու դարձյալ, նրա անցնելուց հետո՝ «ո¯ւհ, թույնավոր գյուրզա օխցա, օխց»:

– Էս հի՞նչ գռիվ ա, – հարցրեց նա՝ խոր ընկած աչքերը վազեցնելով սենյակում ու մի այնպիսի ստրկամիտ ժպիտով, որ չէր հասկացվում՝ իսկապես ժպտո՞ւմ է, թե ուզում է լալ:

– Թելման Հայրապետովիչ, կռիվ չկա, վեճ է, – ասաց Լորաննան և հանկարծակի առկայծած ինչ-որ մտքից պայծառացած դեմքով ավելացրեց, – հոդված ենք ստացել, դրա շուրջն էր վեճը: Եվ դու, որպես հին դատավոր ու դատախազ, պետք է քո հեղինակավոր կարծիքն ասես՝ արժե՞ այն հաղորդել ռադիոյով:

– Ես՝ բադրասդ, – ասաց Թելմանը՝ սպասողական դիրքով ու դեմքին մտածող մարդու արտահայտություն տալով:

Լորաննան իր սեղանի վրայից ինչ-որ մեքենագիր թղթեր վերցրեց,

մի երկու վայրկան պահեց աչքերի դեմ:

* ինչպե՞ս ես, թանկագինս (ադրբ.)

– Սա, ճիշտն ասած, հոդված էլ չէ, որպես այդպիսին, դոկտորական դիսերտացիայից մի գլուխ է՝ նվիրված ժողովուրդների բարեկամությանը: Հեղինակը հայտնի մարդ է, դոցենտ:

– Գարևոր չի, գարթա:

– Կարդում եմ, սկիզբն ուշադիր լսիր:

Թելմանը համակ ուշադրություն դարձած լսում էր:

– Կարդում եմ, սկիզբն ուշադիր լսիր:

Թելմանը համակ ուշադրություն դարձած լսում էր:

– Վարդանանց պատերազմի ժամանակ Երևանի բերդի գրավումը իրականացվեց ռուսական բանակի, հայ կամավորական ջոկատների և վրացական միլիցիայի անձնազոհ մարտիկների արյան գնով, – դանդաղ, բառ առ բառ շեշտելով կարդաց Լորաննան, հետո աչքերը բարձրացրեց, նայեց Թելմանին: – Արժե՞ շարունակել:

– Պա, իհարգե, – անվարան ասաց Թելմանը: – Պա, ոնս չարժի, ժողովուրթների պարեգամություն ա, չէ՞:

– Իմ կարծիքով, – ասաց Լորաննան, և ես զարմացա, թե նա ինչպես էր կարողանում հանգիստ ձևանալ, թե իրոք ինչ-որ նյութ է կարդում, – ահա այստեղ, ուր խոսվում է վրացական միլիցիայի մասին, պետք է խոսվի նաև ադրբեջանական միլիցիայի սխրագործությունների մասին: