– Ջիշդա, – գլխով արեց Թելմանը: – Մալադես, գլոխդ լավ ախշադումա, խելունք ըս նգադալ:
– Լսիր շարունակությունը. այդ ժամանակ, այսինքն՝ չորս հարյուր հիսունմեկ թվականին, երբ ռուսները, հայ կամավորականները, վրացական և… ավելացնենք այստեղ՝ ադրբեջանական միլիցիայի մարտիկները, հերոսաբար կռվում էին բերդի պարիսպների մոտ, Հայաստանը դեռևս գտնվում էր Պարսկաստանի և Թուրքիայի լծի տակ:
– Դա ջիշդ չի, – մտազբաղ, աչքերը առաստաղից իջեցնելով, իմաստուն տեսքով ասաց Թելմանը:
«Փառք աստծո, վեջապես հասկացավ», – մտածեցի ես:
– Հատկապես ի՞նչը, – վարանոտ հարցրեց Լորաննան՝ կրքոտ բերանը կիսաբաց, խաժ աչքերում ծիծաղ:
– Բեդի լինի՝ ծա¯նդր լուձի դակ, – ասաց Թելմանը:
– Ապրես, – գովեց Լորաննան, – դա կուղղեմ, մնացածը ոչի՞նչ, կարելի՞ է հաղորդել: Ամբողջ հոդվածն այս մակարդակով է գրված:
– Ամբայման, – իր հեղինակավոր կարծիքն ասաց Թելմանը, – իրեք ազկերը միասին՝ ճագադ-ճագադի դված գռվում են, խելունք հոտվաձ ա, լավ գանարար բիդի տալ: – Ձեռքը դնելով լերկ գլխին, նա ավելացրեց, – հոկնաձ եմ, շադ հոկնաձ եմ, էս քիշեր չեմ քնալ, էրեխոսը համար կիրք եմ կիրում, էրգու հայրուր վասունվես էճ կիրալ եմ, մնասալ ա հայրուր տասներգուսը:
Լորանան ժպտուն հետաքրքրասիրությամբ նայեց նրան:
– Ի՞նչ գիրք է, – այնուամենայնիվ հարցրեց նա:
– Գռվի մասին, բադերազմ, – երազկոտ, աչքերը կիսափակ մրմնջաց նա, – երգու զորքեր գադաղաձ իրար վրա գրագում են… հյունի գորիզներով:
Լորանան կարկաչուն ծիծաղեց, ասաց.
– Թելման, կներես, մի բան եմ ուզում հարցնել:
– Դու քու էդ ղաշանգ աշկերովդ ինձ մի նայի, – կռվի ահեղ դաշտից վերադառնալով առօրյա կյանքին՝ արտասանեց Թելմանը: – Ղաշանգ աշկերիցը էլ վախում եմ: Սև օխցից վախաձ մարթը՝ սև չաթուից էլ ա վախում: Ասա, հի՞նչ ես ասում:
– Ճիշտն ասա, Թելման, դու դպրոցն ավարտելուց հետո՞ ես համալսարան մտել, թե հենց ուղղակի մանկապարտեզից:
– Այ ախճի, – ջղայնացավ Թելմանը, – խելք չունիս՝ թաքավոր ես, բադերազմի դարիներին հի՞նչ մանգաբարդեզ, հինչ պան, էն սով ժամանագ մանգաբարդեզ որդեղա՞ն: – Ասաց ու գնաց դեպի դուռը, հետո, դռան մոտ շրջվեց, ասաց, – փորս ու գլոխս շադ փիս սավում ա, առավոդը գանուխ քինասալըմ դոխտուրի մոդը, լավ դոխտուր ա, վաղուսվա հինգերներ ենք, մի դեղահադիկ երգու գես արեց, դվես ինձ, ասում ա՝ սա գլոխի համար ա, սա՝ փորի, բայս նայի, ասում ա, որ հանգարձ չխառնես: Խմալ եմ, բայց օգուդ չի դամ, էլի սավում ա: – Ասաց, գլուխը վշտագին օրորելով դուրս եկավ, մոռանալով, թե ինչու էր եկել:
Ելնելով միջանցք, մենք քայլեցինք դեպի վերելակ:
– Այդ ցնորված մանկուրտին գիտե՞ք ինչի են հանել դատախազի պաշտոնից, – ծիծաղելով ասաց Լորաննան: – Ռեստորանից հետո խմած, առանց խմելու էլ խեղկատակի մեկն է, պատկերացրեք՝ խմած ժամանակ ինչ վիճակում պիտի լինի, գլխարկն իր գլխին՝ հանդերձապահից պահանջել է գլխարկը, սպառնալով միլիցիայի կարգախումբ կանչել ու կալանքի ենթարկել բոլոր աշխատողներին: Շրջկոմի առաջին քարտուղարը հրավիրում է իր մոտ ու ասում՝ որպեսզի վաղը չտեսնեմ քեզ շրջանում:
Մենք վերելակի չսպասեցինք, ոտքով սկսեցինք իջնել առաջին հարկ: Երրորդ հարկում, կիսամութ միջանցքի հենասյան ետևում, երկու հոգի կանգնած զրուցում էին: Լորաննան դանդաղեցրեց քայլը, չգիտես ինչու, ուշադիր նայելով այդ երկուսի կողմը: Ես նույնպես ակամա ետ նայեցի. մեր աշխատակից Գևորգ Աթաջանյանն էր մեկը, մյուսը՝ կանգնած էր թիկունքով դեպի մեզ: Գևորգը, դա պարզ երևաց, փորձ արեց անցնել հենասյան ետևը, բայց, ըստ երևույթին, հասկացավ, որ նկատել ենք իրեն, շփոթմունքը թաքցնելու նպատակով, սկսեց կենսախինդ տոնով.
– Այս ո՞ւր ենք գնում այսպես խմբովին, ինձ էլ տանեիք ձեզ հետ կամովին:
– Այնտեղ, ուր գնում ենք՝ տեղ չկա քեզ համար, – չգիտես ինչու, սառնորեն վրա բերեց Լորաննան:
– Ինչո՞ւ, – գլուխը թեքած՝ շինծու զարմանք արտահայտեց Աթաջանյանը:
– «Ինչու»-ի պատասխանն ինքդ մտածիր:
– Նեղացնում ես, Լորիկ, կաղաչեմ՝ մի կոտրիր այն սիրտը, որի մեջ դու ես… – իբր իրոք նեղացած, բայց նույն շինծու ժպիտով՝ նա շարունակեց, – մի՞թե չգիտես, Լորիկ, որ ինձ համար աշխարհում ամեն ինչ քեզնով է ծաղկում ու բուրում, առանց քեզ՝ գիշերն աննինջ, օրս՝ անցնում է տրտում: Գևորգն է սա քեզ ասում, հավատա, առանց քո սիրուն անունի՝ արևն անգամ հմայք չունի…
Առեղծվածային կիսաժպիտով՝ Լորաննան լուռ նայում էր նրան:
– Օվսաննա մի երգիր ինձ, – ի վերջո ասաց նա,– գնա Նորա Բաղդասարյանին երգիր, նա քեզ գուցե հասկանա, ամուսնացած կին եմ ես…
– Ա¯խ, դու ամուսնացած, ա¯խ, դու ուրիշի սիրած, – շարունակեց Աթաջանյանը նույն ոգով, – իսկ ես մենակ ու անտեր, ա¯խ, երազ իմ կորած, ա¯խ հույսի կանթեղ իմ մարած…
Վերելակն անսպասելիորեն կանգ առավ երրորդ հարկում, մի կին դուրս եկավ այնտեղից, մենք արագ մտանք ներս:
– Տանել չեմ կարող վավաշոտ ու ծախու սրիկաներին: Գիտե՞ք ում հետ էր կանգնած:
– Ո՞ւմ հետ էր, – հետաքրքրվեց Արինան:
– Թելմանի կնոջ սիրեկանի՝ Սաֆար Ալիևի հետ:
– Տեսնես ո՞ւմ ոտքի տակն էր քանդում, – վշտոտ արձագանքեց Արինան:
Մենք դուրս եկանք փողոց, անցնելով լայն պողոտան, մտանք զբոսայգի և զրուցելով գնացինք սրճարան՝ պաղպաղակ ուտելու: Մենք գտանք, որ նախկինի այրող հուշերից, նենգադավ Գևորգ Աթաջանյանից ու խեղկատակ Թելման Կարաբաղլի-Չալյանից հետո սառը պաղպաղակը սփոփիչ դարման է: