Այդպես էլ կար:
* * * * *
Իմ օրերը, այո, չէին անցնում՝ թռչում էին, ինչպես իմ սիրավառ սիրտն էր անդիմադրելի մղումով թռչում իմ չքնաղագեղ Ռենային ընդառաջ:
Արար աշխարհ՝ մարդիկ, որ ահա լողանում էին ծովում, ուրախ ձայնում իրար, ծիծաղում՝ ճողփյունով ընկնելով զովասուն ջրերի մեջ, բարձր ու ջինջ երկնքով հարավից հյուսիս անցնող կռունկների անկյունաշար շղթան՝ կարոտակեզ կանչերով, ժայռի բարձունքին համրորեն կանգնած մենավոր բարդին, որ ճկվում, թեթև տարուբերվում էր մեղմ զեփյուռից, և նրա տերևներն անընդհատ թրթռում էին, ամեն ինչ նոր իմաստ էր ստանում Ռենայի ներկայությամբ: Մինչ նա՝ այս ամենն անըմբռնելի էր ինձ համար, իսկ հիմա… ես այնքան երջանիկ եմ, որ չեմ կարող մտածել անգամ, թե այս երջանկությունը կարող էր չլինել:
Ամբողջ Ապշերոնում Բիլգիան* միակ տեղն է, ուր ծովափը ժայռոտ է, և մենք այստեղ եկանք լողանալու ու քաղաքից դուրս, ծովահայաց ժայռերի վրայից դիտելու անեզր ու անկնճիռ մաքուր ծովը, որի լազուր շողշողուն մակերեսին այս ու այնտեղ կոտորակվում, ճերմակին էին տալիս միանգամից հայտնվող ու կրկին անհետացող թափանցիկ արևով ողողված մեղմափրփուր կոհակները: Արծաթափայլ այդ կոհակները, հետզհետե փշրվելով, համբուրաձայն աղմուկով լիզում էին ափամերձ քարերը:
Մենք մարդկանց աչքից հեռու, ժայռերի մոտ էինք լողանում, որովհետև ես չէի ուզում, որ ուրիշ որևէ մեկը նայեր Ռենային: Երփներանգ լողազգեստով ու «Մակնամարա» արևապաշտպան շքեղ ակնոցով, դեռևս չչորացած ջրի լուսավոր կաթիլներով առձիգ մարմինն արևայրուկից շոկոլադագույն, ծաղկապատվաստման գեղեցիկ հետքը գեղեցիկ թևին՝ սքանչելի էր նա:
Ամրասրունք բարձր ոտքեր, նրբենի ուսեր ու լողազգեստի տակից պրկված գեղանի կուրծք, առասպելական բարակ մեջք ու նրբագեղ բերան՝ գրգասուն բոսոր շուրթերով. ասես ամբողջ լողափը շրջվեց մեր կողմը, երբ մենք հայտնվեցինք այնտեղ: Նրա ստվերն անգամ գեղեցիկ էր:
– Գնանք ժայռերի մոտ, այնտեղ մարդ չկա, – ասացի ես:
Իմ աննման Ռենան ակնթարթորեն հասկացավ իմ հոգու խռովքը և, դեմքին մի չքնաղ հեզություն ու նրբություն, ժպտալով ասաց.
– Գնանք:
Եվ դրա համար ես անչափ երախտապարտ էի նրան: Ես այդ գողունի հայացքները որսացի նաև խորովածանոցում, դա միանգամից ալեկոծեց ինձ: «Ռեն, եթե իմանամ, – կամացուկ, մի տեսակ խռպոտության փոխված ձայնով արտաբերեցի ես,
շնչահեղձվելով իմ ներսում հետզհետե հորձանք տվող ամենակուլ կրքի ու խանդի խառնակ զգացմունքից, – եթե իմանամ, թե մեկի ձեռքը կպել է մարմնիդ, դանակով կկտրեմ այդ տեղը»: Ռենան, գրկելով իմ թևը, շշուկով ասաց.
–*Բիլգիա – լողափ Ապշերոնի թերակղզու համանուն ավանի՝ Բաքվի արվարձաններից մեկի հարևանությամբ
– Եթե ես քեզ հետ եմ, ուրեմն ինձ հարկավոր չէ ոչ ոք: Նա չէ երջանիկ, ով շատ երկրպագուներ ունի: Այլ նա, ով ունի մեկը, որից բացի ոչ ոք պետք չէ նրան: Մի խանդիր ինձ, Լեո, հասկացիր, ես երբեք ու ոչ մի անգամ այնպիսի բան չեմ անի, որ վիշտ պատճառի քեզ:
Այդպես ասաց Ռենան ինձ այն ժամանակ:
Մենք խոսում էինք հազար ու մի բանի մասին՝ կարևոր ու անկարևոր, շարունակ մի թեմայից անցնելով մյուսին, անհոգ ծիծաղով՝ իրար վրա ջուր էինք ցողում, արևի ու տաք ավազների միջով ձեռք-ձեռքի վազելով՝ մեզ նետում էինք ջուրը, մրցության մեջ մտած՝ ափից ահագին հեռանում ու նորից առաջկտրուկ ետ էինք լողում, կրկին մրցելով, թե ով առաջինը կհասնի ափ:
Հետո մենք խոսեցինք Զիգմունդ Ֆրոյդի հոգեվարժության ըմբռնման մասին, ես ասացի, որ համաձայն եմ Ֆրոյդի այն կարծիքին, ըստ որի նախնադարյան մարդը շարունակում է ապրել մեր հոգեկերտվածքի անգիտակցական ոլորտում և ամեն մարդ օժտված է բնածին ագրեսիվ բնազդներով, ավերելու հակումներով:
Ռենան առարկեց ինձ: Նա գտնում էր, որ ես դրանով իսկ արդարացնում եմ բռնությունը, ագրեսիան, ավերելու և սպանելու անասնական բնազդները: Նա օրինակ բերեց Ռասկոլնիկովին, հարցնելով, թե որտե՞ղ են նախնադարյանն ու անգիտակցականը նրա արարքների մեջ, նա մարդ է սպանել, երկու կնոջ, նա ասում է, որ ես ոչ թե նրանց, այլ ինքս ինձ սպանեցի, այդ սպանությունից հետո նա լիարժեք մարդու պես չի կարող ապրել, բայց մենք նույնպես նախկին ձևով ապրել այլևս չենք կարող:
Հետո նորից ու նորից խոսում էինք, Ռենայի ձայնն անուշ մեղեդի էր ինձ համար: Հետո մենք անցանք ուրիշ թեմայի՝ երաժշտության: Ռենան ասաց, որ կարող է օրերով Ռավել ու Բախ լսել, ափսոսանքով նշեցինք, որ հավանորեն անկրկնելի լիներ նաև տասներորդ սիմֆոնիան՝ «Ֆաուստի» մոտիվներով, եթե Բեթհովենը հասցներ ավարտել: Հետո գեղանկարչության ու քանդակագործության մասին խոսք եղավ, և ես հարցրի Ռենային, գիտի՞ նա, արդյոք, որ Հայնեն գնում էր Լուվր և, ժամերով նստած Միլոսյան Վեներայի արձանի մոտ, լալիս էր անարգված մարդկային կատարելության համար:
Հետո Ռենան ասաց, որ դեռևս չի եղել Էրմիտաժում և շատ կուզենար մի անգամ՝ արձակուրդներին, մեկնել Լենինգրադ, լինել Էրմիտաժում, Ռուսական թանգարանում ու նաև, իհարկե, առափնյա այն տանը՝ Մոյկայի վրա, ուր իր վերջին ժամերն էր ապրել Պուշկինը: