Выбрать главу

«Միասին կգնանք», – մտովի ասացի նրան, և այդ մտքից սիրտս թպրտաց:

– Դու կարդացե՞լ ես Պուշկինի նամակներն իր սիրած աղջկա՝ Նատալյա Գոնչարովայի մորը:

Ես ծանոթ էի այդ նամակներին, կարդացել էի, բայց հատկապես ո՞ր նամակի մասին էր նրա խոսքը՝ չգիտեի:

– Այնտեղ Պուշկինը գրում է, որ ինքը պատրաստ է մեռնելու Նատալյայի համար: Ամենավսեմ սերը, կարծում եմ, կարապների սերն է: Եթե նրանցից մեկը զոհվում է, մյուսը չի դիմանում դրան, քարափից իրեն նետում է ծովը… Դու կարող ե՞ս կյանքդ զոհել հանուն քո սիրած աղջկա, – անսպասելի հարցրեց Ռենան՝ կապուտակ աչքերը հառելով ինձ:

– Ռենա, – ասացի ես՝ շոյելով ու համբուրելով արևի ոսկով օծված նրա գեղանի ուսերը, – ես իմ կյանքը կտամ քեզ առանց վայրկյան անգամ վարանելու:

– Ես սիրում եմ քեզ, – նրա հրափափուկ կրակե շուրթերը թեթև հպանքով անցան իմ դեմքի վրայով, կանգ առան տոչորված շուրթերիս: – Ես սիրում եմ քեզ և դրա մեջ է իմ ամբողջ կյանքը, – շշնջաց Ռենան հազիվ լսելի:

Ես համբուրում էի այդ բառերն արտաբերող շուրթերը, և հոգիս ցնծում էր երջանկությունից:

Բարձր երկնքով կռունկների մի ուրիշ երամ էր անցնում՝ դարձյալ անկյունաշար շղթայով ու նույն թախծական կանչերով՝ կուռլո¯ւ, կուռլո¯ւ, կուռլո¯ւ…

Եվ ինձ համար միանգամայն անսպասելի՝ Ռենան արտասանեց Տերյանի տողերը.

Չի հասկանա ձեր հոգին և՛ ծույլ, և՛ օտար,

Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար…

Ես զարմացած ու հիացմունքով նայեցի Ռենային, հիշեցի Էսմիրայի խաղացկուն ժպիտով ասված խոսքերը. «Նա հիմա հայ գրականություն է ուսումնասիրում», ժպտացի՝ լցված նրա հանդեպ քնքշանքով ու երախտագիտությամբ:

– Հազարամյակների մշակույթի պատմություն ունի հայ ժողովուրդը, – ասաց Ռենան: – Ճիշտն ասած, Լեո, առաջ չգիտեի:

– Այո, հազարամյակների մշակույթ ունենք մենք, – հաստատեցի ես, – և առաջին քաղաքակիրթ ազգը եղանք, որ ընդունեցինք քրիստոնեությունը, և մեր բոլոր դժբախտություններն այդտեղից են գալիս:

– Ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ, – հանկարծակի ասաց Ռենան՝ շառագունած և մի տեսակ վշտագին ձայնով ու սրտառուչ անկեղծությամբ:

«Նրանց տանը, ամենայն հավանականությամբ, խոսակցություններ են գնում այդ ուղղությամբ, – ցավով մտածեցի ես, – պարզապես չի ուզում ասել»:

Մի պահ լուռ էինք, ձայնի մեջ սքողված թախիծ՝ Ռենան ասաց.

– Աստված չանի, Լեո, մի բան պատահի քեզ՝ մի րոպե անգամ չեմ ապրի… – Նա քիչ դադար տվեց, ավելացրեց, – քեզ ունենալով՝ ես ունեմ ամեն ինչ, կորցնելով քեզ՝ ես կկորցնեմ ամեն ինչ:

Ես գրկեցի նրան, տաքուկ մարմինը սեղմեցի ինձ և ոչինչ չգտա ասելու: Իսկ Ռենան ասաց.

– Կուզենայի նորից այնպիսի մի տեղ լինեինք, ուր ծով լիներ, բայց և անտառներ լինեին, թավախիտ անտառներ, և որ ծովը հեռու չլիներ, շարունակ լսեինք նրա աղմուկը, – և անսպասելի ու չարաճճիորեն ավելացրեց, – ես հայերեն գիտեմ արդեն՝ ես ս-ե-ր-ր-ու-մ եմ կ-ե-զ… ես շ-ա-ա-տ ս-ե-ր-ր-ու-մ եմ կ-ե-զ… ես մ-ե-ր-ր-ն-ու-մ եմ… ես մ-ե-ր-ր-ն-ու-մ եմ կ-ե-զ համմար…

Ես ծիծաղեցի:

– Չծիծաղե¯ս, – ասես կաշեպատ դուռ էր ծեծում, բռունցքներով թմբկահարելով կուրծքս, շիկնահար այտերին լուսաժպիտ՝ ասաց նա, – սխա՞լ եմ խոսում, ասա, սխա՞լ եմ խոսում: – Իսկ հետո, իբր թե նեղացած, ստապատիր արցունքախառն աչքերով, ոսկեհնչյուն ծիծաղի միջից, – ես կանեմ, կանեմ դա, կտեսնես, կգնամ, էլ չեմ գա, թե որ այդպես ուզես…

Աստված իմ, նա շարունակ իրեն սիրել է տալիս՝ առանց որևէ պատկերացում ունենալու այդ մասին:

Ես Ռենային ավելի ամուր սեղմեցի ինձ, դողացող ձայնով ասացի.

– Դու ինքդ էլ չգիտես, թե ինչքան քաղցրիկն ես…

* * * * *

Ռենայի հետ մեր հաջորդ հանդիպումը նույնպես ծովափին էր, առողջարանային Նաբրան անունով ոչ մեծ գյուղում, Բաքվից երկու հարյուր քսան կիլոմետր դեպի հյուսիս, համարյա Դաղստանի և Ադրբեջանի սահմանագծին, անտառների հարևանությամբ:

Այդ անտառներն այստեղ Կովկասյան հեռու լեռների փեշերից տարածվում, հասնում էին ընդհուպ մինչև Կասպից ծովը: Երկինք հասնող վիթխարի ծառերով, մարգագետիններով, քչքչան գետակներով ու անթիվ, անհամար աղբյուրներով կուսական խիտ անտառներ, դրանք այնքան անեզր ու անծայրածիր էին, որ անծանոթ մարդը չէր համարձակվում խորանալ այնտեղ, կարող էր մոլորվել և կորչել մթին թավուտներում: Պիոներական տասնյակ ճամբարներ կային Նաբրանում ու դրանից այն կողմ, ծովափի երկարությամբ՝ մեկը մյուսին հաջորդող լեզգիական փոքրիկ գյուղերում՝ Առաջին Յալամա, Երկրորդ Յալամա, Երրորդ Յալամա, հինգից ավելի գյուղեր և բոլորն էլ նույն անունով՝ Յալամա, բայց թվերով տարբեր:

Անցյալ տարի ամռանը, ռադիոհաղորդում պատրաստելու համար, մենք եղանք այդ ճամբարներից մեկում: Ճամբարը վրաններում էր տեղավորված, զովասուն անտառի մեջ, մի բարձրիկ տեղ, որտեղից մինչև ծով՝ մի հարյուր քայլ էր: Ամենուր մանկական զիլ ձայներ, ճիչ ու ծիծաղ էր, երգեր, որ թնդում էին անտառով մեկ: Այդտեղ ծանոթացանք խոհարարուհի Արաքսյայի հետ: Նրանց ընտանիքը միակ հայ ընտանիքն էր ամբողջ Նաբրանում: Սումգայիթից, հիվանդ աղջկա պատճառով, մի քանի տարի առաջ էին փոխադրվել այստեղ: Ե՛վ Արաքսյան, և՛ ամուսինը՝ Սարգիսը, փոքրամարմին, չնայած տարիքին, մազերը լրիվ սև մի մարդ, որը մասնագիտությամբ շինարար էր, ծեփագործ, հորս ճանաչում էին: Նրանք էլ էին Ղարաբաղից, հիսունական թվականներին հավաքագրման եկածներից: Տուն ունեին Նաբրանում, հենց նրանց հյուրընկալ տանն էլ ապրում էինք այդ օրերին: Մտերմացել էինք, բաժանվելիս Արաքսյան ասաց. «Երբ ուզենաք՝ եկեք, հաշվեք, որ հարազատի տուն եք գալիս»: