Выбрать главу

Ահա թե ում հիշեցի ես, երբ Ռենան ասաց, որ կուզենար նորից այնպիսի մի տեղ լինեինք, ուր ծով լիներ, բայց և անտառներ լինեին, թավախիտ անտառներ, և դա լիներ ծովից ոչ հեռու: Բայց ես Ռենային ոչինչ չասացի, ուզում էի անակնկալ մատուցել: Չէի ասել նմանապես, որ մեքենա եմ առնում, փողն արդեն մուծված էր, մտածում էի նրա հետ իմ մեքենայով Նաբրան գնալ, եթե, իհարկե, Ռենային հաջողվեր թույլտվություն ստանալ տանը:

Իմ մտերիմ ընկերոջ՝ Ռոբերտի հետ, որին գիտեի գյուղից (նրա քույր Մարիան՝ անսահման բարի, մոր պես մեղմ ու քնքույշ, աստվածային մի էակ, իմ ուսուցչուհին էր, երբ ես գյուղում սովորում էի, և Ռոբերտն ամառները Բաքվից գալիս էր գյուղ), գնացինք Բաքվին մերձակա Բալաջարի հանգուցային երկաթուղու կայարան՝ մեքենան ստանալու: Բայց իմ ուզած գույնը չկար, բոլոր «Վոլգաները» սև գույնի էին, ես սև գույնի չուզեցի, պայմանավորվեցինք սպասել, շուտով նորերը պիտի ստանային: Ես անհանգստացած էի, որովհետև ամառը վերջանում էր, շուտով ինստիտուտում պիտի սկսվեին պարապմունքները, և Ռենան այլևս չէր կարող ինձ հետ Նաբրան գնալ:

– Ախպերո, իսկ դու ինչո՞ւ ես անհանգստանում, – սրտաշարժ ոգևորությամբ ասաց Ռոբերտը: – Ես իմ գազան «Ժիգուլիով» ձեզ երկու, շատ-շատ՝ երկուսուկես ժամում կհասցնեմ Նաբրան:

– Իսկ ես քեզ խոստանում եմ չորս ձևի խորոված, – ուրախացած ասացի ես: – Խոզի, գառան, սևրյուգայի և օսետրինայի:

– Խմիչքն ինձ ավելի է հետաքրքրում:

– Ինչ խմիչք ուզում ես՝ պատրաստ եմ գնել քեզ համար:

Գործունյա, սնդիկի պես շարժունակ Ռոբերտն իրար անցավ:

– Գնում ենք: Ուրեմն այսպես: – Նա դեմքին լուրջ արտահայտություն տվեց: – Համեստ ժողովուրդ ենք, բավարարվենք քչով՝ սևրյուգա և գառան խորոված: Մանավանդ, օսետրինան շատ է յուղալի, իսկ խոզի խորովածն ամառ ժամանակ՝ չարժե: Ախպերո, կարճ՝ սպասում եմ զանգիդ:

Ռենային հաջողվեց համոզել մորաքրոջ աղջկան՝ Դիլարային (նա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում՝ Բինաղադի ավանում էր ապրում և, բարեբախտաբար, հեռախոս չուներ, ստուգել չէին կարող), աշխատանքի վայրից զանգել Ռենայի մորը և խնդրել, որպեսզի Ռենան մի օրով մնա իր մոտ: Ռենայի մայրը դժկամությամբ, բայց համաձայնել էր, պայմանով, որ կիրակի երեկոյան ժամը ութից ոչ ուշ Ռենան տանը լինի:

Ռոբերտն իր խոսքի տերը եղավ. մենք Նաբրան հասանք համարյա երկուսուկես ժամում:

Արաքսյան՝ լղար, երկար, մազերը ծոծրակին ոլորած, իրենց բակի ճյուղատարած ընկուզենու՝ փողոցի վրա սփռած ստվերում կանգնած, խաչած թևերը փորին, ասես մեզ էր սպասում: Բայց հանկարծակիի եկավ, երբ Ռոբերտը մեքենան արգելակեց նրա մոտ: Զարմանքն ու շփոթմունքը նա մի պահ չկարողացավ թաքցնել, հետո վերագտավ իրեն, չորուկ դեմքը սիրալիր ու հյուրընկալ արտահայտություն ստացավ:

– Բարով եք եկել, – բարեհոգի ժպտալով ասաց նա: – Շատ բարով եք եկել:

Ռենան նրան շատ դուր եկավ:

– Ի¯նչ լավ նախշուն աղջիկ է, ասես թփից հենց նոր պոկած զրավարդ լինի, – ասաց նա՝ ոսկե ատամները բաց ժպտալով: – Մութ տեղը կանգնի՝ լույս կտա, – և, նայելով Ռենային, իր իմացած կիսառուսերենով ավելացրեց, – օչեն կրասիվի դեվուշկա:

Ի պատասխան՝ Ռենան լուսաճաճանչ ժպտաց նրան:

– Ձկան հարցը ո՞նց է ձեզ մոտ, – դուրս գալով մեքենայից և աջ ու ձախից մեքենան դիտելով՝ հարցրեց Ռոբերտը:

Նա արդեն իր տարերքի մեջ էր:

– Ձկան երկիր է՝ ոնց պիտի լինի, – նույն ոսկեատամ ժպիտով պատասխանեց Արաքսյան: – Սիրտդ ի՞նչ է ուզում՝ օսետրինա, սևրյուգա, բելուգա:

– Մենք Լեոյի հետ արդեն պայմանավորվել ենք՝ սևրյուգա և մի սև չաղլիկ գառ:

– Ձուկը կլինի առավոտյան շուտ, քեզ հետ մեքենայով կգնանք Երրորդ Յալամա, կբերենք: Նախօրոք իմանայի՝ կառնեի, իսկ գառը՝ երեկոյան ամուսինս կգա, կմորթենք:

Ռոբերտը, գլուխը ետ գցած, երկար ծիծաղում էր:

– Մենակ էդ խոսքի համար արժեր էստեղ գալ, – դեռևս ծիծաղելով ասաց նա: – Ամուսնուդ ինչո՞ւ ենք մորթում, ի՞նչ է արել:

– Ամուսնուս չենք մորթում, – ինքն էլ ծիծաղելով՝ ասաց Արաքսյան: – Թեկուզ արժե մորթել: Ոչխարը դուրսն է, պիտի բերի:

Տան ետևում, այգուց այն կողմ, խշշում էր անտառը:

Կաղնու տերևի պես եզրը կտրտած կատարը ցից, աչքը՝ փողոցում, ճամփեզրի թանձր փոշու մեջ թավալվող իր հարեմին՝ ցանկապատի վրա հպարտորեն կանգնած, փետուրներով հուրհրատին էր տալիս շիկացած ածուխների շեղջի նման հրակարմիր աքաղաղը:

Արաքսյան արագ սեղան գցեց:

Տաքացրած թարմ կաթի բույրը տարածվել էր բակում:

– Չէ, արժե գյուղում ապրել, – ասաց Ռոբերտը: – Ինչ ուզում եք ասեք՝ արժե:

– Գյուղում ապրես, բայց չաշխատես, – ժպտալով ավելացրեց Արաքսյան:

Ես նվերներ էի բերել, հանձնեցի Արաքսյային: Նա նեղացավ: