– Ինչո՞ւ եք նեղություն քաշել, – ասաց: – Անհարմար վիճակի մեջ եք դնում մեզ:
– Այս երկու բլոկ սիգարետն էլ կտաք ձեր ամուսնուն, – սիգարետները մեկնելով նրան՝ ասացի ես:
– Ոչ մի դեպքում, – սիգարետները վերցնելով՝ ծիծաղելով ասաց Արաքսյան: – Նրան ոչ մի տուփ չեմ տա: Օրական տասը սիգարետ՝ այն էլ «Պամիր» կամ «Ավրորա», ավելի ծխելու իրավունք չունի:
Արաքսյայի դուստրը՝ Ալվարդը, նստած էր տան պատշգամբում, այնտեղից նայում էր իր մեծ, նշաձև թախծոտ աչքերով, ժպտում մոր խոսքերի վրա. նա տեղից շարժվել չէր կարող:
– Տասը սիգարետը շատ է, – մեջ ընկավ Ռոբերտը, – հինգն էլ բավական է:
Ռենան մոտեցավ Ալվարդին, ծանոթացան: Երկար խոսում էին, և Ալվարդը նայելով նրան, մեղմ ժպտում էր նույն գեղեցիկ, թախծոտ ժպիտով:
– Ռենա ջան, եկեք, ամեն ինչ պատրաստ է, – կանչեց Արաքսյան: – Լեո, արյունը քաղցր էդ գեղեցկուհուն որտեղի՞ց ես ճարել, ասես քաշած պատկերք լինի:
– Իսկ ի՞նչ է, Լեոն պակա՞ս տղա է, – ինձ պաշտպան կանգնեց Ռոբերտը:
– Իսկ ո՞վ ասաց, թե պակաս է: Պակաս չի, իրար էլ շատ լավ սազում են: Հա, թայը թային որ չգտավ՝ հարամ է: – Արաքսյան հիացած նայեց, ավելացրեց, – էդպիսի աղջիկներ կինոներում են ցույց տալիս մենակ:
– Կինոյից է վերցրել, – կատակեց Ռոբերտը: – Բա զուր տե՞ղն է հեռուստատեսությունում աշխատում:
– Դու էլ ե՞ս էնտեղ աշխատում, – հարցրեց Արաքսյան:
– Ե՞ս… ես ադրբեջանական հանրապետության կապի մինիստրությունում եմ աշխատում: Ուզո՞ւմ ես տունդ հեռախոս անցկացնեմ:
– Շնորհակալ եմ, – ժպտաց Արաքսյան, – հեռախոս ունենք, – և դարձյալ նայեց դեպի Ռենան: – Երևում է շատ բարի սիրտ ունի, – ինքնասույզ ու խորունկ տխրությամբ ավելացրեց նա՝ նայելով պատշգամբի հատակին անշարժ նստած դստեր կողմը:
Ռենան մոտեցավ մեզ, և ես նրա աչքերում, մեկ ուրիշ աչքի համար աննկատելի, արցունքի շող տեսա:
– Մեղք է, – շշնջաց նա, – համարյա իմ տարիքին է, տասնինը տարեկան:
– Դու այդպիսի սրտով ո՞նց ես ուզում բժշկուհի դառնալ, – կամացուկ ասացի ես, – և այն էլ՝ մանկաբույժ:
– Ինքս էլ չգիտեմ, – շշնջաց նա, գլուխը հակելով իմ ուսին: – Տասնինը տարի, սխալ բուժման պատճառով, անշարժ գամված է տեղում:
– Նստեք, – մոտենալով՝ սեղանի մոտ հրավիրեց Արաքսյան: – Ամեն ինչ թարմ է՝ կաթը, ձուն, սերուցքը, յուղն ու մեղրը: Կաթը, յուղը, սերուցքը՝ մեր կովերն ենք կթում, ձուն՝ մեր հավերի ձուն է, մեղրը՝ մեր ճանճի մեղրն է: Մի քիչ կերեք, հանգստացեք, հետո կգնաք ծով, կգաք, ամեն ինչ պատրաստ կլինի: Գալիս չմոռանաք, խանութից հաց կբերեք: Ուրիշ ոչ մի բան պետք չէ: Ամեն ինչ կա:
Ռոբերտը հիշեց, գնաց ավտոմեքենայի բեռնախցիկից հանեց ինչ բերել էինք՝ դեղնաթափանցիկ շահնա տեսակի քաղցր խաղող, ձմերուկ, սեխ, հանքային ջուր, չմոռանալով, իհարկե, իմ «Ախթամարն» ու իր սիրած օղու՝ «Գժելկայի» շշերը:
«Էս «Գժելկայից» ես կգժվեմ մի օր», – ծիծաղեց Ռոբերտը:
* * * * *
Տնամերձ այգուց անտառի վրա բացվող դռնակ կար: Մեր ետևից խնամքով ծածկելով դռնակը՝ մենք տոփանված խոնավ արահետով, մի քանի անգամ անցնելով հորդահոս քչքչան առվակների վրայով, իջանք դեպի ծով, որտեղից փչող մարմանդ հովը շարժում էր մանրիկ թփերը՝ ասես շոյելով մեկ այս, մեկ այն տերևը:
Արահետի երկու կողմերում, մինչև գոտկատեղ հասնող ծաղիկներին թավ բզզոցով նստել էին բոռերը, որոնց ծանրությունից ծաղիկները թեքվել էին գետնին ու հազիվ նշմարելի ճոճվում էին թեթև քամուց:
Ինչ-որ տեղ, ոչ այնքան հեռու, արտույտը երգի անցավ ու լռեց:
Խոտածածկ արահետի եզրից մի երաշտահավ վեր թռավ աղմուկով և միանգամից ճկելով՝ թեք սլացավ ծառերի արանքով: Մի մոշահավ ևս պոկվեց համարյա նույն տեղից, խոյընթաց սլացքով աղեղ տվեց լայն շրջանով, զիլ կչկչաց ու անհետացավ մթին շամբուտում: Շիկակարմիր մրջյունները, վազքի մեջ մտած, սուրում էին ծառերի բներին, միալար երգում էին ծղրիդները, մի թռչնակ ծլվլաց ու լռեց:
– Լեո, նայիր, – Ռենան կանգ առավ, կիսաբաց շուրթերով ժպտում էր, – չե՞ս տեսնում:
Ռոբերտը մեր կողմը չէր նայում, ձեռքերը բարձրացրած՝ մխրճվել էր մոշու կառչուն թփերի մեջ, մոշ էր ուտում:
– Նայիր, մի՞թե չես տեսնում, – Ռենան, թևս մտած, ցույց էր տալիս դիմացի ոչ բարձր ծառը, որի սաղարթներում ցոլցլում էր արևի շողը: – Մեզ է նայում: Լավ նայիր, – բուռն խանդավառությամբ հրճվում էր նա:
Ես տեսա ոչ միանգամից: Տերևների մեջ պտույտ գալով սկսեց ծլվլալ կարմիր բերանով բաց դարչնագույն մի փոքրիկ թռչնակ: Քիչ հեռվում կանչեց կկուն՝ խլաձայն ու թախծոտ: Նրա կանչը սրտի զարկերի էր նման: Հետո միանգամայն անսպասելի կլկլացրեց արու սոխակը, որին գեղ-գեղ ձայնակցեցին դեղձանիկն ու խլահավը, և անտառը ծայրեծայր լցվեց թռչունների զվարթ ծլվլոցով:
Ամենուրեք իրենց դարն ապրած ու տապալված ծառեր կային՝ անտառային խոնավությունից սլկուն, զմրուխտե թավշի պես փայլուն մամուռով ու մամուռի տակ մնացած չեչոտ սուր ոստերով:
Ծառերի արանքից շեղակի լույս էր հորդում, բացատ էր՝ ընդարձակ, քնած ու տաքուկ սաղարթախիտ անշարժ անտառով երիզված, կապտավուն երերուն մշուշի մեջ կովեր էին արածում՝ ծլնգացնելով զանգուլակները: Բխոված ձի էլ կար այնտեղ, որ չէր երևում, նրա երկաթե ոտնակապանքի զնգոցն էր միայն ղողանջում երբեմն: