Выбрать главу

– Այս ի¯նչ հրաշք տեղեր են, Լեո, – երանությամբ շուրջը նայելով՝ շշնջաց Ռենան: – Ես սա չեմ մոռանա, երբեք չեմ մոռանա…

Ասպիրակի արբեցնող բույրը, անցած տարվա փտած տերևների, խոնավ հողի ու կուսական ծմակների նախաստեղծ սուր հոտը, կեչու աստղիկները՝ անձրևներից գոյացած ջրափոսերում, վերսլաց կաղնիների բարձր սաղարթների արանքներից երևացող կտրատված երկինքը, – այդ ամենը հիշեցնում էր ինձ հեռու-հեռավոր այն օրը, երբ Հայրիկի հետ գնացել էինք Կղնախաչից այն կողմ՝ Բուրջալում գտնվող իրենց հին տնատեղերը տեսնելու:

– Եկեք, սև մոշ եմ քաղել ձեզ համար, – առջևից կանչեց Ռոբերտը:

Խճուղուց այն կողմ երևաց ծովը՝ անմարդ, խաղաղ, անեզր: Ծովն ու երկինքը միացել էին իրար, և հեռվից դժվար էր զանազանել՝ որտեղից էր սկսվում երկինքը և որտեղ վերջանում ծովը: Արևի շռայլ լույսով ողողված մանրիկ կոհակները միանգամից հայտնվում, ցոլցլում էին ծովի կապտակապույտ մակերեսին, անհայտանում, կրկին հայտնվում էին, շողշողում կուրացուցիչ փայլով:

Ռենան, թևս գրկած, այտով իմ ուսին սեղմված, հիացմունքով նայում էր:

Ծովը կանչում էր մեզ:

Այդ կանչին անսալով` մենք ձեռք-ձեռքի իջանք ծովի կողմը: Ինչ անցավ Ռենայի մշտափոփոխ զվարթ մտքով, այդ պահին պարզ չէր, նա լուսատեսք ժպտաց, արագ հանեց կոշիկներն ու, մատները սահեցնելով դրանց մեջ, հապշտապ կտրեց խճուղին, ոտաբոբիկ վազելով գնաց դեպի լողափ:

Եվ մինչ ես նոսր թփուտների արանքներով, սուրսայր մանր քարերի տակից ցայտող աղբյուրակները շրջանցելով, կհասնեի նրան, նա շորերն արդեն հանել, գցել էր ավազներին, լողազգեստով նետվել ջուրը, և հիմա, գեղասրունք ոտքերի ու ձեռքերի համաչափ շարժումներով ճեղքելով ջուրը, իրեն մղում էր առաջ` դեպի ծովի խորքը:

– Հեռու մի՛ գնա, Ռե՛ն, – բարձր կանչեցի ես, – այնտեղ շնաձկներ կան:

Սակայն ծովի խորքից եկող խուլ շառաչի, ալիքների ճողփյունի, ճայերի անվերջանալի կանչերի ներքո հազիվ թե նա ինձ լսեր:

Շնաձկներ իսկապես կային, այն էլ` մի քանի հատ: Շրջան կազմած` մե՛կ գլխիվայր սուզվում էին ջրերի մեջ` մի կարճ պահ փոսորակներ թողնելով իրենց ետևից, մե՛կ ելնում էին` սև ձյութից էլ սևասև, դնչերով վեր փայլածում արեգակի պաղպաջուն ցոլքից:

Ռոբերտը դեռևս չկար, նա այնտեղ մոշ ուտելով էր զբաղված երևի:

Հեռվում, ուր կապույտ երկինքն իջել, ձուլվել էր ծովին, և, իրավ, զանազանել անկարելի էր, թե որտեղ էր վերջանում ծովը, և որտեղից սկսվում երկինքը, ճերմակաթույր նավ էր կանգնած: Գուցե կանգնած չէր, գուցե դանդաղ սահում էր առաջ, այստեղից չէր երևում: Ու չէր հասկացվում նույնիսկ մարդատար նավ էր դա` տախտակամածներով ու նավասենյակներով, թե ձկնորսանավ` խարիսխ ձգած այստեղից հեռու, ծովն ու երկինքը միացնող այդ կապտաշղարշ կետում:

Ռենան հետ էր շրջվել և առաջվա պես, թևերով ճեղքելով ջուրը, լողում էր դեպի ափ: Արևը Ռենայի թիկունքում էր և ոսկեզօծ ճաճանչներով ողողել էր նրա մազերն ու գլուխը:

– Արի՛, – ձայնեց նա հեռվից: – Դու կարծում ես ջուրը սա՞ռն է: Ամենևին: Մի՛ վախեցիր, արի:

Նա ժպտում էր իր լուսաշող աչքերով, և դա ժպիտ չէր սոսկ, առինքնող կանչ էր ու հրավեր: Խանդավառ հիացմունքով նայում էի նրան, ինքս ինձ, իրոք, նախանձելով, որ իմն է նա: Ես արագ հանվեցի, մտա ջուրը, որ սկզբում թվաց շատ սառը, և լողալով գնացի Ռենային ընդառաջ: Երբ բոլորովին մոտ էի արդեն, նա ձեռքը պարզեց ինձ, բռնելով նրա մատները` ես Ռենային ձգեցի դեպի ինձ, պինդ սեղմեցի կրծքիս, և այդպես, ես նրան գրկած` ծովը մեզ օրորում էր արևից շողշող ջրերի վրա:

– Ինչպիսի¯ երանություն, – հրճվագին ասաց Ռենան, և, հավանորեն, այդ երանությունից աչքերը փակ, նա գլուխը թեքած` դեմքով հպվեց իմ այտին:

Նրա մեղրաբույր շնչառությունը խելացնոր էր և, նայելով նրան ու հմայվելով նրա թովիչ տեսքով, ես ժպտալով մտածեցի այն մասին, որ, ըստ երևույթին, երանության հմայքը աչքերը փակ կարելի է զգալ միայն:

– Երանությունը հենց ինքը երջանկությունն է, – ի վերջո վճռական ասաց Ռենան:

– Երևի:

– Իսկ դու կարո՞ղ ես ասել, թե որտեղ է սկսվում երջանկությունը և որտեղ վերջանում:

– Իմ անուշի՛կ Ռեն, – տոթակեզ շուրթերով հպվելով նրա մերկ ուսերին, ասացի ես, ներքուստ ապրելով սքանչելի այդ վայելքը անեզրական ծովում, – ինձ համար երջանկությունը քեզնով է սկսվում ու քեզնով վերջանում:

Ռենան գթասիրտ նայեց ինձ, ասաց փաղաքշական ձայնով.

– Ցավեդ տանեմ, բայց մի՞թե դու կարող ես ինձ նման սիրել, դու ինձ նման սիրել չես կարող, որովհետև կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են սիրում: Տղամարդու համար սերը իր կյանքի մի մասն է, իսկ կնոջ համար սերը նրա կյանքի մի մասը չէ, սերը ողջ իր կյանքն է:

– Դրա համար կնոջը պիտի պաշտել, մանավանդ, որ նա ամենևին չգիտի իր գինը: Դու իմ կատարելիությունն ես, Ռեն: Դու իմ շունչն ես, իմ հոգին ու իմ ոգին ես: Դու երկրպագության ես արժանի միայն: Դու լսո՞ւմ ես ինձ:

Ռենան խանդաբորբոք խլրտաց իմ գրկում` ասես ձգտելով ներթափանցել իմ մարմնի մեջ: Մեր շուրջը լուսաջինջ արևով ողողված ալիքները երբեմն երևում էին ճերմակափրփուր ծփանքով, երբեմն անհայտանում ու վերստին հայտնվում էին ծովի տարուբերվող մակերեսին` ցոլցլելով կուրացուցիչ լույսով: