– Իրոք, ի¯նչ սիրուն է, Լեո, – նորից հիացավ Ռենան, կուլոնը դրեց շուրթերին, – միշտ ինձ հետ կլինի, – քնքշանվաղուն շշնջաց նա, – և ամենուր, ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ՝ մոտս կլինի, և կպահպանի ինձ չարից, միշտ կպահպանի ինձ… քեզ համար, – նա ժպտահայաց նայեց ինձ և անսպասելիորեն, խնդուն հրճվանքով միանգամից նետվեց գիրկս և, առանց Ռոբերտից քաշվելու, փափուկ տաք շուրթերով համբուրեց այտս: Հետո հանեց իմ նվիրած շղթայիկը, կուլոնը հագցրեց շղթայիկին: Ես օգնեցի նրան՝ պարանոցի վրա միացնելու հանգույցը:
– Սա քեզ, իսկ սա Էսմիրային, – օծանելիքի տուփերը մեկնելով Ռենային` ժպտալով ասացի ես: – Հիշատակ Նաբրանից:
Ռենան գորովասիրտ հայացքով նայեց ինձ, գլուխը սեղմեց իմ ուսին:
– Շնորհավորում եմ, – ասաց Ռոբերտը: – Լեո, տեսնո՞ւմ ես ինչ խերով ոտք ունեմ: Գնացինք: Արաքսյայի ամուսինը հիմա կգա, հարկավոր է շուտ մորթել:
– Լսիր, – ծիծաղեցի ես, – ի՞նչ եք կպել այդ մարդուն:
–
*Պահպանիր ինձ, իմ թալիսման,
Պահպանիր ինձ հալածանքի օրերին,
Եվ օրերին զղջումի ու խռովքի,
Եղիր ինձ հետ օրերին իմ վշտալի:
Ռոբերտը նոր հասկացավ, որ ինքն էլ Արաքսյայի նման է արտահայտվել և բարձր ծիծաղեց:
Արաքսյայի ամուսինը՝ Սարգիսը, արդեն եկել էր, ընկուզենու տակ կանգնած մեզ էր սպասում: Չնայած ամռան շոգին, չգիտես ինչու, ականջավոր գլխարկով էր նա: Գլխարկի մի ականջը ծիծաղելիորեն վեր էր տնկված, մյուսը՝ կախված, խոսելիս երկար քուղերը ծածանվում էին:
Բարևեցինք: Ռոբերտը նրա հետ գնաց ընտրելու գառը:
– Մի բան ուտեիք մինչև խորովածը, – առաջարկեց Արաքսյան: – Ծովից հետո քաղցած կլինեք:
Մենք հրաժարվեցինք. քաղցած չէինք:
– Դե եկեք ձեր սենյակները ցույց տամ, – ասաց Արաքսյան՝ ինձ ու Ռենային ուղեկցելով դեպի տան կից գտնվող երկհարկ նորակառույց սենյակները:
Անցյալ տարի, երբ մենք այստեղ էինք, այս օժանդակ կառույցը չկար:
– Տղաս է կառուցել, – անսքող հպարտությամբ բացատրեց Արաքսյան, իսկ Ռենային ասաց, – տղաս ու աղջիկս Սվերդլովսկում են ապրում: Ինստիտուտն ավարտել են, մնացել էնտեղ: Առևտրի բնագավառում են աշխատում, երկուսն էլ ամուսնացած են: Բայց՝ անհաջող, – հոգոցով ավելացրեց նա:
Փայտե սանդուղքներով բարձրացանք վեր: Հյուրանոցային երկսենյականոց համարի էր նման՝ բոլոր հարմարություններով, կահավորված, այգու վրա բացվող լուսամուտներով, պատերին ու հատակին՝ սինթետիկ գորգեր: Հեռուստացույց ու մագնիտոֆոն էլ կար:
Արաքսյան միացրեց հեռուստացույցը:
– Դու հանգստացիր, ես գնամ Ռոբերտին օգնելու, – ասացի ես` խանդաղատանքով նայելով Ռենային:
Աստված իմ, ինչքան եմ սիրում նրան, պատրաստ եմ չոքել առաջը, անհագ կարոտով համբուրել ձեռքերը:
– Գնա, – ժպտաց նա, և ես դուրս եկա, թողնելով նրանց մենակ. Ռենային՝ լուսամուտի առջև կանգնած, Արաքսյային՝ գյուղական հուշերով տարված:
Ռոբերտն ու Արաքսյայի ամուսինն աշխույժ զրույցի էին բռնված: Պարզվեց, որ նրանք ծնունդով հայրենակիցներ են, երկուսն էլ Շուշիի շրջանից. մեկը` Բերդաձորից, մյուսը՝ Քարինտակից: Սարգիսը ճանաչում էր Ռոբերտի հորը՝ էնկավեդեի մայոր Համբարձում Սևումովին: Ավելի ճիշտ, Սարգիսը՝ դեռ փոքր երեխա, շատ անգամ է նրան տեսել՝ կարճահասակ, մոնղոլական նեղակն մանրիկ աչքերով, թունդ հայհոյող ու դաժան այդ մարդուն:
– Շատ խիստ մարդ էր, ահուդողի մեջ էր պահում մեր գյուղարանքը, – պատմում էր Սարգիսը, – որ Քարինտակ՝ մեր գյուղ էր գալիս, մարդկանց սիրտն ահ ու սարսափ էր ընկնում:
– Ի՞նչ էր անում որ, – հետաքրքրվեց Ռոբերտը: – Ծեծո՞ւմ էր:
– Բա ինչ էր անում՝ ծեծում էր, – խուլ արձագանքեց Սարգիսը: – Գյուղխորհրդի գրասենյակում ում ասես՝ բանտարկում էր: Նրա ահից, ճիշտն ասած, գողություն-բան չկար մեր կողմերում:
– Ինձ էլ է շատ ծեծել, բան չկա, – ծիծաղեց Ռոբերտը: – Բռնիր ոտքը: Ահա այստեղից: Կուսակցությանը նվիրված մարդ էր, ասում էին պետք է ծեծել՝ ծեծում էր:
Սև գառը գլխիվայր կախվեց կեռից: Ռոբերտը գնահատող հայացքով նայեց գառանը, դանակներն իրար քսելով սկսեց սրել:
– Բայց, մեկ է, սիրտս գյուղի վրա է, – անսպասելի ասաց Սարգիսը: – Ճիշտ է, քշեցին բերին փեզո, սակայն մեր սիրտը գյուղից չկտրվեց, մնացինք գյուղին կարոտ: Մեկ է, ես էստեղ մնացողը չեմ, քյիսըմ գյուղ:
– Ռոբերտ, – հեռվից կանչեց Արաքսյան, – խնդրում, աղաչում, պաղատում եմ, էդ մարդուն տարեք Բաքու, գնացքով ճանապարհ դրեք, մեղք է, թող գնա իրենց գյուղը:
Սարգիսը ետ նայեց, խեղճ-խեղճ ժպտաց:
– Երեսուն տարի է, նույն խոսքն եմ լսում՝ մեր շենը կարոտեսըմ, քիիս ըմ գիուղ, – բերանը թեք ծաղրեց նա: – Գնա, – հրամայողաբար ավելացրեց Արաքսյան: – Տան գործերը ես եմ անում, բոստանը ես եմ բեջարում, լոբին ես եմ ջրում, կովերը ես եմ կթում, ձեռքովը ոչ մի բան չի գալիս, հենց վաղը շալա-քյուլադ հավաքիր ու գնա: Մի տեսնեմ՝ ինձնից բացի քեզ ո՞վ պիտի պահի: