Выбрать главу

Սարգիսը այտը ծուռ քմծիծաղեց բեղի տակ, կամաց ասաց.

– Տղաս կպահի:

Արաքսյան լսեց, չարախնդորեն ծիծաղելով ասաց.

– Տղան քոնը չի, իմն է: Քո հույսին մնար՝ էն էլ չէր լինի, – ասաց, լիաթոք ծիծաղեց գլուխը ետ գցած: – Աստված չաներ՝ քեզ գար, քեզ նման անբանի մեկը կլիներ: Պիտի տավարի մոտ նստեր, բերանը բաց հորանջեր: Բայց էն մեծ քաղաքում մի ամբողջ գաստրոնոմ է ղեկավարում, և բոլորը գոհ են: Պատմիր նրանց, թե ոնց ես մեր տասներեք ոչխարը գողանալ տվել:

– Էհ, զահլա տարավ, – կամացուկ, որպեսզի կինը չլսի, ասաց Սարգիսը՝ դարձյալ քմծիծաղ տալով բեղի տակ:

– Օրը ցերեկով ոչխարն աչքի առաջից տարել են՝ չի տեսել:

– Որ հրացան լիներ՝ չէին տանի, – արդարացավ Սարգիսը:

– Հրացանն էլ կտանեին, – համոզված ասաց Արաքսյան: – Երանի թե ոչխարի հետ՝ քեզ էլ տանեին: Քեզ էլ որ տանեին, – ասաց նա, – կհաշվեինք՝ տասնչորս ոչխար են տարել:

Ասաց ու բարձր ծիծաղեց:

Սարգիսը ձեռքը թափ տվեց՝ դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, որ նշանակում էր՝ հավես չկա գլուխ դնելու քեզ հետ:

Նա Ռոբերտից սիգարետ վերցրեց, ծխեց:

– Մեր Քարինտակը հերոսական գյուղ է, – հպարտությամբ ասաց Սարգիսը: – Երգ էլ կա մեր գյուղի մասին.

Քարինտակը խոր ծյորա,

Քըրքարոտ հըղեյա, ծյորա,

Յարիս ըսեցեք միշտ հիշի՝

Կռեվներում ես կորա…

Մերս երգում ու լաց էր լինում: Հայրենական պատերազմում ինչքան հայ է կորել՝ բոլորը Կերչում են խփվել: – Նա հուզված տարուբերեց գլուխը, մի պահ մնաց լուռ, հետո ասաց, – Քարինտակ են ասում մեր գյուղին, որովհետև քերծի տակ է, իսկ քերծի վրա Շուշի քաղաքն է: Էդ բարձունքից քանի-քանի անգամ քարեր ու վառված անվադողեր են գլորել գյուղի վրա: Մեր գյուղացիք, իմ մերս նույնպես, իրենց աչքով են տեսել՝ 1920-ի մարտին, երբ թուրքերը Շուշին վառել էին, էդ բարձունքից հայ կանանց ու երեխաներին նետում էին անդունդը: – Սարգիսը դարձյալ հուզվեց, քիչ լռեց: – Բայց պատմության մեջ չի եղել էնպիսի մի դեպք, որ կարողանային մեր գյուղը գրավել: Քարքարոտ է մեր գյուղը, բայց սիրուն, – երանությամբ ասաց նա: – Մեր գյուղացի Գերասիմ Սուլեյմանյանին, որը նամակ էր գրել Մոսկվա՝ Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու մասին, տարան աքսոր, գյուղից տանելիս արտասունքն աչքին ասել է. «Ախ, իմ ծնող քարեր, իմ ծնող աղբյուրներ, մնացիք անտեր»:

– Աղբյուրներ շա՞տ կան ձեր գյուղում, – հարցրեց Ռոբերտը:

– Շա¯տ, և ի¯նչ աղբյուրներ՝ սառնորակ, քչքչան ու գլգլան, – ոգևորվեց ու թախծեց Սարգիսը: – Օխնա աղբյուրը, Քարե աղբյուրը, Պեխին աղբյուրը, Որսի աստված աղբյուրը, Կրմնջին աղբյուրը՝ որ մեկը թվես: Լիպա անունով աղբյուր էլ կար, տաշած քարերով սարքած, վրան՝ հայերեն տառերով կամար: Կռվից առաջ քանդել, քարերը տարել են Շուշի՝ ռայկոմի համար շենք կառուցելու: Հոնուտի ձորում էլ լավ աղբյուր կա, Շոր աղբյուր ենք ասում, ջրից շալք է ելնում: Աղբյուրի վրա կառուցման թիվը կա՝ 1248 թիվ: Իսկ էդ աղբյուրից վերև Ծռտեն կարանն է, շա¯տ բարձր տեղ է, թուրքերն էդտեղից նույնպես շատ հայեր են թափել ձորը, և ոչ միայն հայ, տասնմեկ ռուս կնոջ ու մի աղջկա ևս գցել են անդունդը: Դուք տեսե՞լ եք Շուշվա ավերակները, – հարցրեց Սարգիսը և պատասխանի չսպասելով դառնությամբ ասաց, – ես տեսել եմ, էսօրվա պես միտս է, երկու շարքի քարե տներ՝ երկու, երեք, չորս հարկանի, բաց տանիքներով, կրակից սևացած պատերով: Տղաներով թութ, մոշ ու խամբար էինք տանում Շուշի, ծախում, հաշվել էինք, տետրակում գրել՝ յոթ հազարից ավելի այրված տուն կար: Հետո դրանք բուլդոզերներով քանդեցին, հողին հավասարեցրին: Ինչո՞ւ էդպես արին՝ անհասկանալի է, կարելի էր, չէ՞, վերանորոգել: Մի ամբողջ քաղաք հողին հավասարեցրին: Անմարդկային բան էր դա: Բայց ցուցումը, ասում էին, վերևից, Բաքվից էր եղել: Մարզկոմի քարտուղարն էդ ժամանակ Շահնազարովն էր, նրա օրոք է եղել:

Ռոբերտը վարժ ու արագ շարժումներով մաշկում էր գառը: Նա քերթած, հակառակ կողմի վրա շրջած գառան մորթին մի գունդ արեց, որը շարունակ սահում, դուրս էր պրծնում ձեռքերի տակից, նայեց գիրուկ կողերին ու ճերմակ կլոր դմակին, գոհ ժպտաց:

– Ախպերո, տեսնո՞ւմ ես ինչ տղա եմ, – նայելով ինձ՝ աչքերը լայնացրած ժպտաց Ռոբերտը: – Ամեն ինչ ձեռքովս գալիս է: Գալի՞ս է, թե ոչ:

– Գալիս է, – համաձայնեց Սարգիսը, շարունակեց իր պատմությունը, – Աղա-Մուհամմեդ խանը 1795-ին ուղիղ չորս ամիս ուզում էր գրավել Շուշին ու էդպես էլ չի կարողանում գրավել, կատաղած գնում, կրակի է մատնում Թիֆլիսը: Իսկ 1826 թվականին, երբ պարսկական զորքերը շրջապատել էին Շուշին, մեր գյուղից մի աղջիկ, Իվետանց ազգից, անունը Խաթուհի, ձորի ջաղացում ալյուր է աղում, քերծի ծերպերի միջով հասցնում ռուսական ջոկատի սովյալ զինվորներին: Քառասունյոթ օր պաշարված մարդկանց թաքուն ալյուր է հասցնում: Հետագայում, ռուսների երաշխավորությամբ, նա մինչև իր կյանքի վերջը ցարի կողմից նշանակված թոշակ էր ստանում:

– Քանի՞ տուն կա ձեր գյուղում, – հետաքրքրվեց Ռոբերտը:

– Մինչև տասնութ թիվը երեք հարյուր տասը տուն կար, հիմա դրա կեսն է մնացել: Ես որ դպրոցում սովորում էի՝ երկու հարյուր վաթսուն աշակերտ ունեինք, հիմա հարյուր քսան աշակերտ է: Որ ֆաբրիկա կար՝ շատ լավ էր, մերս էլ էդ ֆաբրիկայում էր աշխատում, ստախանովական էր: Հիմի ֆաբրիկան փակել են, – տխրաձայն լրացրեց Սարգիսը: – Որ գործ չլինի՝ մարդ գյուղում ի՞նչ պիտի անի: Դրա համար էլ գնալով մարդիկ քչանում են: Յոթ հարյուր տարի առաջ մեր գյուղը հայոց բանակին շատ զինվոր է տվել: Ասկերանի կռվում չորսհարյուր ղարաբաղցիներ, որոնց մեջ նաև մեր գյուղացիք, կռվել են թուրքական բանակի դեմ ու հաղթել: Իսկ 1919-ի ամռանը, անգլիացիների թնդանոթներով զինված մուսավաթականները հարձակվում են մեր գյուղի վրա ու էլի պարտվում: Բաքվում տասնութ թվին քաղաքը թուրքերից պաշտպանելու համար մղված կռիվներին մեր գյուղից հարյուրից ավելի մարդ է մասնակցել: Էդ կռվում զոհված հայ հերոսները թաղված էին հայոց Մեծ եկեղեցու բակում, էն, որ հիմա կոնսերվատորիա է՝ էդ տեղում, եկեղեցին քանդեցին, գերեզմաններն էլ հետը: Չէ, պիտի գնամ, ես էստեղ մնացողը չեմ: