Выбрать главу

Արաքսյան ծիծաղեց, ասաց.

– Թաքնված տաղանդ է, տարեք, թող հեռուստատեսությամբ երգի: Փող կտա՞ն:

Ռոբերտը գլխով արեց:

– Դե որ կտան՝ ես էլ եմ երգում, – ասաց Արաքսյան և միանգամից երգեց՝ գլուխը տմբտմբացնելով.

Լուսնյակ գիշեր, բոլորովին քո¯ւն չունեմ,

Ինձ տեսնողը կարծում է, թե՝ տո¯ւն չունեմ,

Ա¯խ, տուն չունեմ, ա¯խ, տուն չունեմ…

Արաքսյան խորը շունչ քաշեց, աչքերը փակ շարունակեց՝ դարձյալ գլուխը տմբտմբացնելով.

Տուն էլ ունեմ, տեղ էլ ունեմ,

Մենակ սիրած յա¯ր չունեմ,

Ա¯խ, յար չունեմ, ա¯խ, յար չունեմ…

Նա հանկարծ արտասվեց և, մատներով սրբելով աչքերը, արցունքաժպիտ չանչ արեց ամուսնուն.

– Առ է, թաղեմ իմ փայ սիրած յարը: Լավա մեր գյուղացի գիժ Ռոմային գնայի, քան քեզ:

– Բա ուզելա՞, որ գնաս, – վրա բերեց Սարգիսը:

Ռենան խնդումներես նայում էր:

– Քիս իմ մեր շենը, – խմած ու խռպոտ արտասանեց Սարգիսը: – Ես մնաս չըմ ըստեղ :

– Վեր կաց, Մոսկվա-Բաքու գնացքը Խուդաթ կայարանում ահագին կանգնում է, կհասցնես, ժամանակ կա դեռ, – ծիծաղեց Արաքսյան: – Գնա, մի երկու մուղղամմաթ կասես, առանց փող կտանեն:

Ռոբերտն էլ երգեց, նրա երգն էլ սրտառուչ էր, իսկ վերջին բառերն արդեն սեփական հորինվածք էին: «Ա¯խ, ինչ լավ օր է, – երգի եղանակով ձգեց նա, – տանեմ ձեր ցավը, այսօրվա օրն է ամենից լավը»:

Քանի գնում, գիշերվա զովն ավելի էր զգացնել տալիս իրեն:

– Կմրսես, գնա ներս, – ասացի ես Ռենային անսահման քնքշանքով: – Արաքսյա, խնդրում եմ, տարեք սենյակ:

– Աչքիս վրա, – խնդումնասիրտ անմիջականությամբ ասաց Արաքսյան, ջահելավարի ելավ տեղից, թևանցուկ արեց Ռենային: – Գնանք:

Ռոբերտը կրկին լցրեց բաժակները:

Սարգիսը նորից երգեց, և դա արդեն իր հայրենի քաղցրաբարբառով էր. «Սարի սեռին մի կարմյուր թոխպ՝ կամանց-կամանց սըվացավ. մարդի բախտը ըսօր՝ կարմյուր, էքյուց, տեսեր, սվացավ, – երգում էր Սարգիսը գլուխն օրորելով: – Ըսօր ջահիլ, էքյուց պառավ, էս հինչ յամա¯ն տնազ ա, էս աշխարհը լյուս ցերեկավ, պեց ըշկերավ արազա: Լո¯խ արազա»:

Մենք դեռ երկար ժամանակ նստած էինք, թեպետ տեղս տեղ չեր տալիս, ուզում էի գնալ Ռենայի մոտ, պարզապես անհարմար էի զգում Ռոբերտին մենակ թողնել:

– Դուք ջահել եք, իսկ ես պառավեցի, – մտամոլոր ասաց Սարգիսը: – Ես գյուղիս պարտք ունեմ տալու, ինձ ծնեց, սնեց-մեծացրեց, ու ես ոչինչ չարեցի նրա համար: – Ասաց ու վիզը կրկին ձգելով երգեց, – «Սայաթ-Նովա, տարիդ իլավ քառասուն, դուն մահի հիդ, մահը քեզ հիդ հաս-հաս է», – երգեց ու լաց եղավ:

Հետո հանգստացավ, արդեն հանգիստ ձայնով, բայց մի տեսակ կարեկցանքով ու ներողամիտ ժպիտով ավելացրեց.

– Տկլոր, սոված, մեր հերը ֆրոնտում կորած, երեք ախպորցով մեզ քշեցին փեզո ու հավիտյան մնացինք մեր սար ու ձորին կարոտ: Սումգայիթ շենք չկա, որտեղ աշխատած չլինեմ՝ սվաղող բանվոր եմ եղել, ծեփածո երեսապատվածք եմ արել, աբլիցովկա այսինքս, քանի-քանի շենքեր ենք սարքել, է¯, թիվ ու համբարք չկա: Բայց, դե, ո՞վ է գնահատողը, գնահատող չկա: Ի միջի այլոց, – ավելացրեց Սարգիսը, – էստեղ, Նաբրանի ծմակներում նույնպես հայկական տառերով գերեզմանատներ կան, հին-հին գյուղատեղեր, ինքս եմ տեսել… Էս կողքի Ղասումքենդում, շատ մեծ գյուղ է, Բաքվից ավտոբուս է գալիս՝ «Բաքու-Կասումքենդ», Ադրբեջանի մեջ չի՝ Դաղստանին է պատկանում, մեր հարևանն էդ գյուղից է, թաղում էինք գնացել, գերեզմանոցում մեծ թվով սրբատաշ տապանաքարեր կան՝ հայերեն մակագրություններով: Շա¯տ ծեր լեզգի մի մարդ ինձ ասաց, որ իրենց նախնիները հայեր են եղել: Հա, էդ քարերից մեկի վրա, երևի հարուստ մարդու քար է եղել, հետաքրքիր գրվածք կար, միտքն, ուրեմս, սա էր՝ այսինքս, ես էդպիսին էի՝ ինչպես դու հիմի, դու կդառնաս էնպիսին՝ ինչպես ես հիմի… Տեսնում եք՝ ինչ խոսք է: Էհ, ի՞նչ հասկացանք էս կյանքից, քամու բերանն ընկած չոր տերևի պես եկավ ու անցավ… – Սարգիսն անսպասելի կրկին երգի անցավ, – «Կերչի հողը քար ու ղռա, գյուլլեն գլխիս կփռփռա…»:

Ռոբերտը Սարգսի հետ նույն սենյակում էին քնելու: Ի վերջո, ես նրանց թողեցի ընկուզենու տակ զրուցելիս, ինքս գնացի Ռենայի մոտ:

Լույսերը մարած էին, բայց Ռենան քնած չէր: Հեռուստացույցից հորդող լույսի մեջ, ձյան պես սպիտակ անկողնում, ներքնաշորով կիսապառկած, գլուխը բազկին հենած ինչ-որ հաղորդում էր նայում: Տեսա՝ իմ անկողինը նույնպես կից սենյակում պատրաստ էր:

– Չե՞ս քնել դեռ, – սիրով, անհուն հոգածությամբ հարցրի ես, կողպեցի դուռը, պիջակս անփութորեն նետեցի բազմոցին, մոտեցա նրան:

Լուսափեղկը բաց էր, պարզ լսվում էր ծովի անհամաչափ ու խուլ շառաչը: Ինչպես սրբապատկերի առջև՝ ես չոքեցի Ռենայի դիմաց:

Սիրտս անհանգիստ, հուզումնալից խփում էր:

– Թե իմանայիր՝ կուլոնն ինչպես է սազում քո սիրուն պարանոցին…

– Ճի՞շտ: – Ռենան՝ լույս ճառագող մարմնով, անկշիռ ու ճկուն, կիսաբարձրացավ տեղից, մանրիկ ալիքներով իջնող ոսկեզօծ խոպոպները ձեռքի վարժ շարժումով տանելով մի կողմ, շփոթված ժպտաց՝ քնքույշ ձեռքերով մեղմորեն գրկելով ինձ: – Գիտե՞ս Էսմիրան ինչ ասաց մի անգամ… Ես նստած դաշնամուր էի նվագում՝ Շուբերտի սերենադը, ինձ վրա զգացի մեկի հայացքը: Շրջվեցի՝ Էսմիրան, անաղմուկ ներս է մտել և, բազմոցին ծալապատիկ նստած, կատվիկի պես նայում է: Նրա կարծիքով, եթե ես, գրքերս, կոնսպեկտներս թողած՝ Շուբերտ եմ նվագում, ուրեմն, դարձյալ քո մասին եմ մտածում, կարոտել եմ: «Մի տանջվիր, զանգե՞մ խոսես հետը», – ծիծաղելով ասաց նա: Եթե նա իմանար՝ որտեղ եմ ես հիմա: Լեո, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչ եմ անում, խելքս կորցրել եմ լիովին: Աստված չանի, մերոնք իմանան իմ այս արածները, երկու հարյուր քսան կիլոմետր քաղաքից հեռու, իմանան՝ գիտե՞ս ինձ ի¯նչ կանեն… Բայց ես հո երջանիկ եմ, – տաք շնչով այրելով դեմքս՝ շշնջաց Ռենան: – Ես երանության մեջ եմ ուղակի… Չեմ կարողանում հավատալ, որ երազ չէ սա իրոք և ոչ էլ մտապատրանք, որ սա իրականություն է, որ դու, ահա, այստեղ ես, իմ կողքին, ես տեսնում եմ քեզ: Կասկածում եմ նույնիսկ, որովհետև այսքան մեծ երջանկություն մի մարդու չի կարող տրվել: