Выбрать главу

Ես նայում էի շարունակ շարժվող նրա ատրագույն հույր շուրթերին, շուրթերին, շուրթերին, և հոգիս ափեափ լցվում էր խանդաղատանքով:

– Անուշիկս, աննմանս, – թոթովեցի ես: – Աստված այս ինչպես է ստեղծել կնոջը, մինչև հիմա անհայտ մոգական ինչ հզոր ուժ է դրել նրա մեջ, որ նա, իր թուլությամբ հանդերձ, ամենազորեղ տղամարդուն անգամ կարող է հուզել, առինքնել լուսաշող մի նայվածքով: Եվ Արարչի միակ ավարտուն գործը գիտե՞ս որն է, այն, որ ստեղծել է կնոջը՝ այսքան սքանչելի, այսքան հրաշագեղ ու անթերի, – ես համբուրեցի նրա շուրթերը, – իմ քաղցրս, իմ հոգիս, բուրումնավետ մեղրախյուս է կաթում քո շուրթերից…

Ես իմ պապակ շուրթերը չէի կարողանում կտրել ցանկագրգիռ այդ շուրթերից, հեռուստացույցի երբեմն մարող ու կրկին հորդող կարմրածիրանագույն լույսերից գունագեղված դեմքով՝ սքանչելի էր Ռենան, ես անկշտում համբուրում էի նրան, խենթանալով քաղցր խոնջանքից ու երջանկությունից, հետո լուսինը միանգամից դուրս եկավ տան ետևից, և նրա արծաթազօծ շողերը շռայլորեն լուսավորեցին և՛ մեզ, և՛ ամբողջ սենյակը:

Հրաշք էր Ռենան այդ լուսնալույսի մեջ՝ ինքն էլ լուսնալույսից ելած աստվածուհի: Ժանյակավոր թափանցիկ կապույտ գիշերանոցի տակից ուրվագծվող կաթնահունց մարմինը՝ ելևէջ կորագծերով, արքայամորու պես մուգ վարդագույն պտուկներով պիրկ կրծքերը կանչում, ձգում էին: Երկար թարթիչներով կիսախուփ աչքերը, անհամբերությամբ կծկված բոցավառ շուրթերի տաք շշունջը. «Արի, արի ինձ մոտ, շուտ», նրա նրբատաշ մատների վարանոտ դողը՝ վերնաշապիկիս կոճակներին, արագացող շնչառությունը, երբ սիրագրգիռ քնքշանքով գրկել էի նրան, և իմ մարմինը զգում էր նրա ձեռքերի, քնքշանքով ու կրքով լեցուն ձույլ կրծքերի, շրջած ափսեի մեծության ողորկ փորիկի, ազդրերի, ամբողջ մարմնի արբեցնող հարազատ ջերմությունը, – այդ ամենը թվում էր երազային, անիրական: «Սիրելիս, սիրելիս, սիրելիս, – բեկբեկուն հառաչով շշնջում էին Ռենայի անարատ տաք շուրթերը, – ես քոնն եմ, սիրիր ինձ, ես ընդմիշտ քոնն եմ», – մարող շշուկով կրկնում էր նա: Իմ ձեռքերն անհագ գրգանքով փաղաքշում էին նրա հեզաճկուն բարալիկ մարմինը, որ այնպես սքանչելիորեն լայնանում էր բարեկազմ կոնքերի վրա, ես ուզում էի սիրել նրան, ձուլվել նրան իմ ամբողջ էությամբ, մարմնով, սիրով, խանդով, կրակոտ կրքերով, զգացմունքներով ու մտքերով, իմ ծնոտը, շուրթերը, իմ ամբողջ դեմքը քսվում էին նրա պրկված բարձր կրծքերին, վարդագույն շրջանակներով ցցուն պտուկները խռովկան ըմբոստանում էին ասես՝ ազատվելով իմ անհագուրդ շուրթերի բռնությունից: «Լսո՞ւմ ես, ես քոնն եմ, – կրկնում էր Ռենան շնչահատ, դողացող ձայնով, և նրա անուշահոտ փթթուն տաքուկ մարմինը, որ ասես մարում էր իմ ամեն մի հպումից, ակամայաբար մղվում էր ընդառաջ, – իմ սիրտը քեզ է պատկանում, ես քոնն եմ, ամբողջովին քեզ եմ պատկանում, արա ինձ հետ ինչ ուզում ես… Դու ես ինձ առաջինը համբուրել, և ես քոնն եմ հավիտյան»: «Ոչ, ոչ, ոչ, – շշնջում էի ես, շնչակտուր հևքով անհագորեն համբուրելով նրան՝ մետաքսյա մազերի ծայրից մինչև ոտնամատները, ու վերստին ու նորից՝ նազուկ ոտնամատներից մինչև ոսկեգույն թարթիչներով զմայլուն աչքերն ու կամար հոնքերը, միաժամանակ ձգտելով կասեցնել անբացատրելի տենդով բռնկված իմ արյան եռքը: – Ոչ ոք, ոչ ոք, ոչ ոք չի կարող դիմանալ քո հմայքին, Ռենա, վարդի պես բացված քո շուրթերի դյութանքին, քո մարմնի քաղցր կախարդանքին ոչ ոք չի դիմանա»: «Դու հո դիմանո՞ւմ ես»: ««Դժվարությամբ, Ռեն, դժվարությամբ»: «Գուցե չե՞ս սիրում ինձ, – տագնապած շշնջում էին Ռենայի շուրթերը: – Չե՞ս սիրում ինձ»: «Սիրում եմ, – ի պատասխան տենդոտ մրմնջում էին շուրթերս, – շատ եմ սիրում, Ռենա, շա¯տ, դրա համար էլ չեմ կարող դիպչել քեզ, քո պատիվը քո հարստությունն է, այն թանկ է ամեն ինչից»:

Ես գուրգուրում, փայփայում, խելահեղ կրքով շարունակ ու անդադար համբուրում էի իմ չքնաղագեղ Կիթերուհուն, իմ Սուլամիթին, մինչև նա քնեց՝ գլուխը իմ կրծքին: Եվ ինձ դարձյալ հուզում էր այս ամենը՝ Ռենայի քնած տեսքը՝ քնի մեջ ժպտացող մարջանագույն կոկոնած շուրթերով, հանդարտված, հազիվ նկատելի շնչառությունը, ծղրիդների երգը՝ պատուհանի տակ, ծովի հեռացող ու մոտեցող անդադրում շառաչը՝ տան ետևում, ցանկապատից այն կողմ, ընկուզենու տերևների շարժուն շրշյունն ու խշշոցը՝ թեթև քամուց, գիշերային մշակի, այդ անտեսանելի գիշերահավքի ձայնը՝ անտառի հեռու խորքում, աքաղաղի՝ լուսայգն ավետող քնաթաթախ կանչը՝ գյուղի ծայրին, և նրա թրթռումնային բեկբեկուն զիլ արձագանքն այստեղից, Արաքսյայի բակից…