Выбрать главу

* * * * *

Առավոտյան, լույսը դեռ նոր բացված, արթնացա: Արևը դեռևս չէր երևում ծովի ետևից, բայց պատերին վետվետում էին ծիրանագույն լույսի քառակուսիները: Բազմերանգ գորգն ասես վառվում էր շերտավոր կարմիր լույսից: Ես մի թուղթ գտա, այնտեղ գրեցի Ռենայի սիրած երգերից մեկի սկզբնաբառերը՝ «Տխուր իմ երգով ես չեմ արթնացնի իմ գեղեցկուհուն, թող քաղցր քնի» և, թուղթը դնելով նրա կողքին, փոքրիկ սեղանին, զսպանակվող գորգի վրայով անշշուկ դուրս եկա ապակեպատ նեղլիկ պատշգամբ, իջա բակ:

Ռոբերտն ու Արաքսյան մեքենայով գնացին մոտիկ Յալամա՝ ձուկ բերելու: Արաքսյայից թաքուն ես փող տվեցի Ռոբերտին՝ վճարելու ձկան ու երեկվա գառան համար, Ռոբերտը չէր ուզում փողը վերցնել, բայց ես ասացի, որ կնեղանամ, և նա տեղի տվեց:

Սարգիսը նախիրն արդեն հանդ էր տարել, ու մենք այդպես էլ նրան չտեսանք այլևս:

Այգու միջով անցա, մտա անտառ: Խոտերը ծածկված էին լուսաբացի արևոտ շողշողուն ցողով: Տերևների մեջ երգող կարմիր բերանով դարչնագույն փոքրիկ թռչնակը չկար: Գուցե կա՞ր, բայց չէր երգում: Երեկ նա հատուկ Ռենայի համար էր, երևի, դայլայլում: Հաճելի է անտառի լռությունը ոսկեվորված այգաբացին: Ինչ-որ անբացատրելի խորհուրդ կա այդ լռության մեջ: Դուրս գալով արահետից՝ ես խորացա անտառում: Փտած տերևների, խոնավ հողի ծանոթ սուր հոտը, տերևների տակ թաքնված առվակի մեղմ խոխոջյունը, կեռնեխի անդադրում երգն ու կկվի տրտում կանչը, իրոք, ակամա ինձ հեռավոր ու հեքիաթներով լի ուրիշ աշխարհ են տանում: Այդ հեռավոր աշխարհում էր ապրում Հայրիկը: Բարձրահասակ, շեկ ու նիհարավուն, սրբապատկերի պես անմեղ ու բարի դեմքով, երեսի սպիտակ, փափուկ մազը եկած իմ հոր հայրը, որին թոռները Հայրիկ էին կոչում: Կար և իմ Մաշո Մեծ մաման՝ հեզ ու խոնարհ, խեղճ ու կրակ մի կին, հորս մայրը: Նրանք հիմա էլ կան, տանջանքով ու տառապանքով ութ զավակ մեծացրած՝ չորս պատերի արանքում ապրում են նրանք մեն-մենակ, զուրկ ու չարքաշ՝ աչքները հեռու քաղաքներում մոլորված իրենց զավակների ու թոռների ճանապարհին:

Այն ժամանակ ես վեցերորդն ավարտել, փոխադրվել էի յոթերորդ դասարան, հայրս պիտի գար իմ ետևից, որ տաներ Սումգայիթ, հետագա ուսումս այնտեղ պիտի շարունակեի: Ես դա չէի ուզում: Չէի ուզում մենակ թողնել Հայրիկին ու Մեծ մամային: Աշխարհի ողջ բարությունն իր մեջ ամփոփած իմ Մեծ մաման գարնան արևոտ մի օր, նայելով այգում ծաղկած ծառերին, ափսոսանքով ասաց. «Ապրելը պիտեր, մեռնելը չպիտեր»: Բնածին տաղանդ էր նա, Առաջաձոր գյուղի երկդաս վարժարանում որոշ ժամանակ սովորել էր, բայց ինչ անցել էին՝ անգիր գիտեր, հիշում էր: «Вставай, проклятьем заклейменный, весь мир голодных рабов*», – արտասանում էր նա երանավետ անուշ հայացքով, իսկ ինչպիսի թրթռուն, քաղցր ձենով էր երգում.

Ամպի տակից ջուր է գալի,

Դոշ է տալի, փըրփըրում.

Էն ո՞ւմ յարն է նըստած լալի

Հոնգուր-հոնգուր էն սարում:

Այ պաղ ջուրեր, զուլալ ջուրեր,

Որ գալիս եք սարերից,

Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,

Յարս էլ խըմե՞ց էդ ջուրից:

Նույն թրթռուն ձայնով էր նաև արտասանում՝ «Ո՞ւր ես վազում, այդպես արագ, այ դու խելառ, սիրուն գետակ, կանգ առ, խաղանք էս ծառի տակ, կանգ առ խաղանք էն ծառի տակ: Չէ, փոքրիկս, գնամ պիտի, տես ջաղացը գյուղի մոտի, պիտի ուժ տամ, որ պտտի»:

(*«Ինտերնացիոնալ» երգի առաջին երկու տողը.

«Ելիր, ում կյանքն անիծել է,

Ով ճորտ է, մերկ է և ստրուկ»:

Արտասանում էր մի տեսակ վերացած, երգեցիկ ձայնով ու գլուխը մի կողմ թեքած: Իսկ ձմռանը, մի տաք օր, խոշոր փաթիլներով ձյուն էր տեղում, Մեծ մաման նայում էր թափվող փաթիլներին, հետո կամացուկ արտասանեց.

Երգինքը պարզ, գետինքը՝ ծյուն,

Լուսննգյան՝ սիպտակ, ծյունը՝ սիպտակ,

Հանդերը սուս մտալըն քուն

Ծյունից կարած յորղանի** տակ:

Այս տողերն են մնացել իմ հիշողության մեջ: Նա ոտանավորներ շատ էր հորինում, արտասանում էր ու հետո մոռանում: Նրա սև, վաղեմի գեղեցիկ, այժմ խամրած աչքերը կյանքում ավելի շատ արցունք էին տեսել, քան ծիծաղ: Նա մի անգամ ինձ իր հետ տարավ գերեզմանատուն:

Ամռան շոգուտոթ օր էր, ճիճիները ձայն-ձայնի տված, խլացնում էին շրջապատի բոլոր շշուկները, տերևների սոսափն ու անտառից եկող կկվի թախծագորով կանչը: Նոր հասնող ցորենի զմրուխտ կանաչ արտը՝ ներկված կակաչի համատարած կարմիրով, թեթև քամուց ծփուն օրորվում էր քիչ այն կողմ, թրթռացող կիզիչ տապի հետ ալիքվելով գնո¯ւմ, գնում հասնում էր անտառի եզրին ու նորից ալիքվելո¯վ, ալիքվելո¯վ ետ էր գալիս դեպի գերեզմանոց: