Գերեզմանաքարերի արանքում հովի շունչն առնում, երգաձայն օրորվում էին բազմաթիվ խատուտիկները՝ արևածաղկի պես հինա դրած դեղին գլխիկները տարուբերելով այս ու այն կողմ:
Մեծ մաման երկար, շատ երկար լաց էր լինում Արկադյա և Ջիվան որդիների ու Զաբելա դստեր գերեզմաններին: Մեծ որդու անունն էր տալիս երբեմն: Ճերմակ մազերով գլուխն օրորելով ողբում էր. «Քո քաշած օրերը, Զաբել, որ հիշում եմ, գլուխս հեռում է, խոխեքդ մեծացել, թագավորի նման ապրում են, իսկ դու՝ անտուն, մի կտոր ցամաք չոր հացի կարոտ, այ իմ անբախտ բալա»: Իմ Մեծ տատի՝ Շահում այայի գերեզմանին նույնպես երկար լաց էր
===========================================
**յորղան (ղրբ. բարբառ) – վերմակ )
լինում: Ծննդյան ու մահվան թվերը փորագրված էին քարին՝ 1870-1972, վերջին թվից հանեցի առաջին թիվն ու տեսա, որ նա ուղիղ հարյուր երկու տարի ապրել է, միամտորեն հարցրի Մեծ մամային՝ մի՞թե պառավ մարդկանց համար էլ են լալիս: Նա տխուր նայեց ինձ, տխուր հայացքով նայեց, լացախառն ասաց՝ ես նրա ապրած կյանքի համար եմ լաց լինում, նրա տաջված կյանքի համար…
Մեծ մաման ինքն էլ աղքատության մեջ էր մեծացել, մորական կողմի ամբողջ ազգուտակը լրիվ զոհվել էր Շուշվա հրդեհի ու կոտորածի օրերին: Սահակ եղբայրը Բաքվում էր սպանվել անհայտ հանգամանքներում, նա այնտեղ նավթագործ ինժեներ էր, քույրերը՝ Հարուսյակն ու Զանանը Բաքվի տասնութ թվականի կոտորածի ժամանակ նավով մի կերպ հասնում են Էնզելի, այնտեղից անցնում են Միջին Ասիա, Սամարղանդ. նրանց կյանքն էլ այնտեղ է խավարեց: Մյուս եղբայրը՝ Գրիշան, պատերազմի ժամանակ, ֆիննական կռվում թե հետո՝ անհայտ կորավ, տասնհինգ տարի անց հեռավոր Վորկուտա ցուրտ քաղաքի աքսորավայրից, որտեղ տարվա տասներկու ամիսը ցուրտ ձմեռ է, մնացածը՝ ամառ, նամակ եկավ, ողջ է, ամուսնացել է մի ռուս կնոջ հետ, անունը՝ Շուրա:
Աղքատ ու անտեր (տիրացու հորը նույնպես աքսորել էին), տասնչորս տարեկանում Շահում այան նրան ամուսնացրել էր, որ նա մի կտոր հացի տեր դառնար, բայց կոլեկտիվացման տարին ինչ կար՝ խլեցին տարան կոլխոզ, ու նա էլի մնաց նույնը՝ մի կտոր սև հացի կարոտ, ամբողջ կյանքը դժվարության ու կարիքի մեջ: «Լենինի մեջքը կոտրվեր ու Ստալինի մեջքն էլ հետը, – մի անգամ ջղային վիճակում ասաց Հայրիկը, – ամեն ինչ ունեինք՝ քառասունից ավել կով ու գոմշակով, հարյուրից ավել այծ ու ոչխար, լծկան եզներ ու ձիեր ունեինք, տասնյակ հեկտար հողեր, քանի հատ արոր ու գութան, մեղվի գվվոցը սարով մեկ կանգնած, խոզի սուրուները է¯ ծմակները լցած, խլեցին, համայնացրին, կապեցին սովի, ժմեխ ու հաճարկի կանաչ տերև էինք ուտում՝ ոնց տավար, թե ինչ է կոմունիզմ են կառուցում»: Այդ խոսակցությունից հետո էր, որ Հայրիկն ինձ տարավ Առաջաձորի կողմերը՝ Բուրջալի, իրենց նախկին հողերն ու հայրական տնատեղերը ցույց տալու:
– Հեռո՞ւ է, – հարցրի ես Հայրիկին:
– Մոտիկ չի, – ասաց նա, իսկ հետո բեղի տակ ժպտալով ավելացրեց, – ինչքան էլ երկար լինի ճանապարհը, միևնույն է, սկսվում է ճակատը ղաշղա մեր ձիու առաջին քայլից:
Մենք ճանապարհ ընկանք առավոտ ծեգին: Ներքևում, տնամերձ այգին երիզող մամխի խիտ թփոտներում, նոր բացվող օրն էր ողջունում դարչնակարմրագույն թևիկներով անաջը՝ ճիտ-ճիճիտ, ճիտ-ճիճիտ, ճիտ-ճիճիտ… Նրա արծաթահունչ անընդմեջ կանչը՝ ճիտ-ճիճիտ, ճիտ-ճիճիտ, երկար ժամանակ ուղեկցում էր մեզ:
Արևը նոր-նոր էր դուրս եկել, ձորերը լցված էին կաթնամշուշով, և արևածագի կամարաձև շողերը ոսկեզօծել էին հեռավոր սարերի կատարները:
Գյուղական ոլորապտույտ, տոփանված ճամփան մեկ ճյուղավորվելով, մեկ նորից միանալով, մեզ տանում էր դեպի այդ սարերը: Այս ու այնտեղ, ճամփեզրի շամբուտներում երգում էին դեղձանիկները, կանչում էր կկուն, արտերի միջից ձայնակցում էր լորը՝ կախ-կղա, շահ-կղա:
Ձորակների հետ իջնելով, վայրի ծաղիկներով ծածկված բլրակների հետ բարձրանալով՝ գնում էինք, չորս կողմ ափեափ ծփում էին արտերը, դադար տալով՝ արտորում էր արտույտը, օդում թրթռալով կախվում, անշարժանում էր տատրակը, տաքություն բուրող դեղնած արտերի վրայով, ուր ալիքաձև թափառում էր արծաթյա քամին, շրջան կազմած՝ թռչում էին ծտերի երամները:
– Էս դաշտերի տեղը ծմակներ էին, – ասաց Հայրիկը: – Ինչքան աչքդ կտրում է՝ ծմակներ էին, էստեղ ու էնտեղ՝ հին գյուղատեղեր, կտրեցինք ծմակները, խմհատներ բացեցինք, առաջ ոչինչ չկար, մի քանի գոմեր էին՝ տարբեր տեղեր, սրանք բոլորը մեր Առաջաձորի հանդերն էին:
Ճամփեզրին առավոտյան սյուքից թեթև օրորվում էին եռաբաժան տերևներով ու գնդաձև ծաղիկներով դաշտային երնջակը, շողավարդն ու կաթնախոտը, խոլորձն ու արևաքույրիկը, սպիտակ թերթիկներով դեղնագույն երիցուկն ու կարմիր կակաչը՝ պսակաթերթիկների հիմքում իրեն բնորոշ սև գույնով: Դրանց գլխավերևում, ամբողջ ճանապարհի երկայնքով, թևահարում, ճախրում էին գույնզգույն թիթեռները, ասես վախվորած՝ զգուշորեն նստելով ցողաթաթախ ծաղիկներին:
Ձին դանդաղ էր գնում, թամբին ուղիղ նստած, Հայրիկը ճոճվում էր ընթացքի հետ, նրա քրտնահոտ տաք մեջքը գրկած՝ ես նույնպես ճոճվում էի: