Выбрать главу

– Հանդերը բաց արինք՝ կացնով, ցաքատով, դժվարությամբ: Վարեցինք հանդերը, կարտոֆիլ էր դուրս գալիս՝ ամեն մինը կատվի ձագի մեծության: Ի¯նչ կարտոֆիլ էր՝ ձեռքիդ մեջ փշրվում էր, բա հա¯մը, էդ սերմն էլ չկա՝ ցորենի գույն ուներ: Կռվի տարիներին էդ կարտոֆիլը սովից փրկեց մեր էս վերին գյուղերի ժողովրդին, փրկեց, բայց դե, ավազակներն օր ու արև չէին տալիս:

– Ի¯նչ ավազակներ, – զարմացած հարցրի ես:

– Հա, – բարկացած ասաց Հայրիկը: – Ավազակ, բանդիտ հայ բոլշևիկները: Ժողովրդին բաժանել էին երկու անհավասար մասի, մեկում իրենք՝ բոլշևիկներն էին, որոնց տրված էին բոլոր իրավունքները, մյուսում՝ ամբողջ ժողովուրդը, որոնց վրա դրված էին բոլոր պարտականությունները… Հազար տարվա մեր Ղարաբաղը կապեցին Բաքվի քամակին ու էդ օրվանից օր ու արև չտեսանք: Հարկեր, հարկեր, հարկեր, հազարներով պարտադիր փոխառություն, տուգանք, նվիրված, լավ աշխատող մարդկանց քշեցին տարան անհետ կորցրին, անպետք, լոդր մարդկանց ղեկավար դրեցին, ասացին՝ տանջեք ժողովրդին, ու նրանք էլ տանջում էին, մարդկանց կաշին հանում էին, ո՞ւր փախչես՝ տեղ չկա ու պասպորտ էլ չկա՝ գերի ես, ստրուկ:

Հայրիկը լռեց, քիչ անց նորից խոսեց.

– Է¯, մարդ ի՞նչ կարող է անել, հաշտվում, համակերպվում է, ճարահատյալ ամեն ինչի ու ամեն բանի համակերպվում է՝ առանց համաձայն լինելու, և ամբողջ կյանքն էլ էդպես ապրում է ուրիշի օրենքով, ուրիշի ոչ ճիշտ խելքով, ուրիշի սխալ մտածողությամբ, ծնված օրից էդպես է ապրում մարդը: Աստված՝ անիմանալի ու անտեսանելի, երևի էնպես է ստեղծել կյանքը, որ մեկը հավիտյան տանջի, մյուսն էլ էդպես հավիտյան տանջվի… Չէ, ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա արդարություն չկա:

Հայրիկը դարձյալ քիչ լռեց, ասաց.

– Առուշանանց Օսեփ կար, հիմիկվա ձեր դպրոցի դիրեկտոր Արամայիսի հերը: Ոսկի մարդ, ազնիվ, աշխատավոր մարդ, իր ժառանգներն էլ իր նման մաքուր դուրս եկան՝ Ժենյան, Արամայիսը, նրանց երեխեքը… Երեսունյոթ թվին տարան՝ ու էն տանելն էր: Շատ-շատերին տարան գյուղից, նրանցից ոչ ոք ետ չեկավ: Մեր Աթալամու աղջկա՝ Սոֆյայի ամուսնուն եկել էին, որ տանեն, տեսան հիվանդ պառկած: Անձրև օր էր, կտուրն էլ խոզանից փտել, կաթում է, մերկ, տկլոր երեխեքն էդ կաթոցի տակ: Որպես կուլակ տարան: Այ մարդ, ի՞նչ կուլակ, եթե մարդը մի կարգին տուն էլ չունի: Չորս երեխան՝ երկու տղա, երկու աղջիկ, (աղջիկներից մեկը՝ Էվելինան, սովից մահացավ) մնացին եթիմ, փեզո գրվեցին, գնացին Սումգայիթ: Բա որ ապրուստ լիներ, ես իմ փոքր աղջկորանցը կուղարկեի՞ փեզո: Չէի ուղարկի: Մինչև պատերազմը գյուղը ջահելներով լիքն էր, կռիվը սկսվեց, բոլորին տարան: Ադրբեջանի պլանը Ղարաբաղի հաշվին էր կատարվում, վերևից, իբր, էդպիսի հրաման կար: Մեկ էլ ջահելությունը շատացավ կռվից հետո: Դրանց էլ տարան փեզո՝ Բաքու, Սումգայիթ, Մինգեչաուր, էլի գյուղը դատարկվեց, եղած ուրախությունն էլ կտրվեց: Էստեղ, գյուղում էլ շահագռգռված մարդիկ կային, որ ջահելները չմնան գյուղում: Ղեկավարությունն էր դա: Կռվի ժամանակ նրանցից ոչ մեկը ճակատ չգնաց՝ էդ հերիք չի, իրենց կնանոնցը դուրս արեցին, ռազմաճակատ գնացածների ջահել կանանց հետ ամուսնացան: Միրումանց Հակոբն էր՝ Սիրանին առավ, կոլխոզի նախագահն էր, գյուղսովետի նախագահ Ղուգազանց Սամսոնը կնգանից բաժանվեց՝ մեր էս վերին հարևան Լևոնի կնգանը՝ Գյոզալին առավ, հաշվապահ կար, մոտիկ Գառնաքար գյուղից, Մանգասարյան ազգանունով, անունը Կրիքոր էր, և՛ հաշվապահ էր, և՛ դպրոցի դիրեկտոր, և՛ կոլխոզի կուսակցական կազմակերպության քարտուղար: Գյուղի տեր ու տիրականը: Հետո բռնեցին: Ասում էր՝ «Ուտենք, խմենք, քեֆ անենք, էսօր-էգուց մերոնք գալիս են»: Գերմանացիների մասին էր ասում: Բա ավազակ ու բանդիտներ չէին՝ ի՞նչ էին: Սաղ կոլխոզն իրենք թալանած ուտում էին՝ ոչինչ, կարելի է, բայց, ահա, սոված երեխային, որի հերն ու երկու ախպերը կռիվ էին գնացել, հնձած արտից մի քանի հասկ հավաքելու համար չորս տարով բանտ նստեցնել տվին:

Արևը հասավ մեզ, և մենք հիմա ընթանում էինք վաղորդյան արևի միջով: Հովի հետ դանդաղ ալիք էր տալիս ծաղիկների բուրմունքը, իսկ շուրջբոլորը՝ ծայրեծայր ծղրիդների թախծալի զրնգոց էր. երկարաոտք ու կլոր աչքերով մորեխները աղեղնաձև կարճ ցատկումներով այս ու այն կողմ էին թռչում, արևի տակ տաքացող դեղնականաչ խլեզներն արագ թաքնվում էին ճամփեզրի ծաղկառատ փարթամ խոտերում: Բայց դա երկար չտևեց, ճանապարհը մտավ անտառ, և արևը հիմա ծառերի արանքներից էր մեկ-մեկ ծիկրակում:

– Գիշեր-ցերեկ աշխատում էինք ոնց ճորտեր. ո՛չ տրակտոր կար, ո՛չ կոմբայն, ամեն ինչ ձեռքով, լապատկայով՝ անմշակ հանդ չկար, – կրկին խոսեց Հայրիկը: – Իսկ հիմա ամեն ինչ կա՝ հանդերը մոշը կոխած, տեր ու տիրական չկա… Սաղ տարին աշխատում էինք, վերջում՝ սոված, երեխեքը՝ տկլոր: Էս էր նրանց կոմունիզմը: Է¯, ոնց որ առաջ, հիմի էլ նույնն է՝ քարն էլ է իրենց ձեռքին, չուղուպուրն էլ. ուտողն ուտում է, նայողը՝ նայում:

Անտառից դուրս եկանք Սառնատան աղեղնաձև բարձունքը: Զիլզիլան քամին՝ ուրցի, յուղածաղկի ու դաղձի բուրմունքով, խփեց մեր դեմքին: Այստեղից՝ Քարեն կըլխան, ծագող արեգակի ոսկով բեկված, կաթնավարդագույն, կիսաթափանցիկ մշուշի մեջ երևում էր ամբողջ գյուղը՝ ձորակներում և բլուրների վրա ծվարած փոքրիկ թաղամասերով: Այդ թաղամասերի շուրջն էին փռված կոլտնտեսության արտերը, որ հիմա դեղին էին ներկված: Արտերից այն կողմ, մինչև Խոր Ձորի գլխին, ձորից մինչև երկինք հասնող վիթխարի մեծության բլրի վրա կանգնած ավերակ Կարմիր եկեղեցին, Հնձախութի ու Ախպերքանի սարերն ու այնտեղից էլ անդին՝ մինչև Մեհմանա, անտառներ էին, ձորեր, որոնց միջով իրենց լռին, երբեմն էլ կարկաչուն ջրերն էին տանում լեռնային անանուն փոքրիկ գետակները: