Հայրիկը ձիու գլուխը շրջել էր գյուղի կողմը, և մենք ուղղակի ձիու վրայից զմայլանքով դիտում էինք ներքևում, լուսաբացի ծիրանագույն շղարշի մեջ կորսված մեր բաժին հայրենիքը: Հեռվից, գյուղի կողմից, հեռացող ու թեթև քամու հետ վերստին ետ եկող ձայներ էին գալիս՝ գառան մայուն, աքլորի կանչ, աղջկա զնգուն ծիծաղ՝ աղբյուրի մոտ, շան բեկբեկուն կատաղի հաչոց, ձիու խրխնջոց…
Լեռան դարչնաշեկ կրծքից երկու արծիվ պոկվեցին և, կեռ կտուցներն անդնդի վրա կախ, դանդաղասահ աղեղվեցին, կորան ուղղաբերձ ապառաժի ստվերներում, հետո կրկին հայտնվեցին արեգակի կարմրավուն շողերի մեջ, լայն շրջանով եկան, եկան ճոճվեցին կողքից-կողք ու դարձյալ զուգընթաց գնացին՝ սահուն, ազատ ու անկաշկանդ սլացքով, հետո այդպես երկար, դանդաղորեն պտտվում էին անդնդի վրա թեքված թեղիների, ժայռախորշերում բուսած կարճլիկ բոխիների, քարածերպերին կառչած մասրենիների ու Ղըրմա աղբյուրի դեղնականաչ անտառի վրայով: Ստվերախիտ ու զովասուն այդ թավ անտառում տղաներով մի քանի օր առաջ հաճարկենիներից մեկի գորշ բնին՝ բա¯րձր, շատ բարձր, դանակով դաջված անուններ տեսանք՝ «ՋԻՎԱՆ ԱԴ. 1946 թ. ամառ»: ԱԴ, այսինքն՝ Ադունց: Իմ Ջիվան հորեղբոր անունն էր դա: Դրանից քիչ ցածր հորս անունն էր՝ գրված տասը տարի անց. «Լ. ԱԴ. 1956 թ. ամառ»: Իսկ ավելի վեր, դա մենք հետո տեսանք, երկու մարդաբոյ դրանից բարձր, խոշոր տառերով՝ «ԱՍՅԱ»: Դա էլ հորաքրոջս անունն էր, ո՛չ մի տարեթիվ, ո՛չ մի այլ գրություն, միայն՝ ԱՍՅԱ: Ինչպե՞ս էր, աղջիկ տեղով, ողորկ ծառաբունն ի վեր մագլցել ու եղբորց անունների կողքին երեք հարյուր-չորս հարյուր տարով անմահացրել իր անունը՝ անհասկանելի էր: Նրանք այստեղ, կախարդական այս կիսամութ ծմակում, բնության հետ խառնված, նրա արքենի կանչերին մերված խոզ են պահել՝ իմ Ջիվան հորեղբայրը, նրա բանտարկությունից հետո՝ իմ հորաքույր Ասյան, նրանից հետո՝ հայրս: Հուզմունքը պատեց ինձ, ինչ-որ անհայտ բան, որտեղից-որտեղ՝ իմ ներսից բարձրանում, խեղդում էր ինձ… Տղաների ուսերին կանգնած՝ նույն ողորկ ծառաբնին, որտեղ դաջված էին իմ հորեղբոր, հորաքրոջ ու հոր անունները, դանակի ծայրով խոր փորագրեցի իմ անունը ևս՝ «ԼԵՈ ԱԴ. 1976 թ. օգոստոս»:
Արծիվները հիմա երևի պտտվում էին նաև դեպի լույս ու արև միտող ծառերի վրայով, ծառերի վրա դայլայլող հավքերի, սառնորակ, արծաթահունչ հուշիկ քչքչոցով Ղըրմա աղբյուրի, վիթխարամեծ մամռապատ կանաչ քարերի, այդ քարերի արանքներով մտամոլոր վազող տերևածածկ արահետների վրայով: Այդ արահետները քարերի ու հաստաբուն ծառերի արանքներով ոլոր-մոլոր գնում, հասնում են միչև լեռան ստորոտը՝ Սառնատուն, ուր քարակոփ նեղլիկ խորշերում ամենաշոգ ամռանն անգամ սառույց է լինում…
Արծիվները նորից ընկղմվեցին թանձր ստվերների մեջ ու նորից դուրս սահեցին այնտեղից, լայնատարած թևերով, և նրանց թևերը փայլածում էին Ղըրմա աղբյուրի մթնած ծմակի վրա:
– Հայադ գյուղի պես Թխկոտն էլ դատարկվեց, Ախպերքանում մի երկու տուն էր մնացել, փոխադրվեցին Խոր Ձոր, – տխրությամբ, մտազբաղ ասաց Հայրիկը: – Վերին Չլդրանում էլ համարյա տուն չմնաց: Մեր գյուղերը դատարկվում են կամաց-կամաց: Անտեր ենք, – գլուխն օրորեց Հայրիկը, – տեր չունենք: Նայիր ձախ, – շարունակեց, – տես ո¯նց է շողշողում Մռավա սարը:
Թարթառի ամբողջ ձորը մշուշով էր լցված, ոսկեշղարշ այդ մշուշի վրայով ես նայեցի հեռավոր Մռավա սարին, որի գագաթները ոչ այն է ձյունապատ էին, ոչ այն է ճերմակ ամպերի մեջ էին կորած՝ իրոք շողշողում էին:
– Տասնհինգ տարի Մռավա սարում ու Մռավա սարից էս կողմ, Հաթերք գյուղից դեպի աջ՝ Բալին սարում, անասնապահ եմ եղել, – ասաց Հայրիկը, – կոլխոզի տավարն էի պահում: Շա¯տ գյուղատեղեր կան էնտեղ՝ Թրղե գետի երկու կողմերին, ընկուզենի ծառերով, կալատեղերով ու հորերով, հայկական գերեզմանատներով, ծմակների մեջ կորած, քանդված եկեղեցիներով, տների փլատակների մեջ ծառեր կան՝ երկնքի բոյին: Իմ պապն էդ գյուղերի անունները լրիվ գիտեր, անգիր ասում էր՝ Շուքավանք, Սրաշեն, Քարահունչ, Խոտորաշեն, Աստղաբլուր, Ական, Մասիս, Մթնաձոր, էդ Մթնաձորի շենատեղում մի շա¯տ լավ վարար աղբյուր կա, ջուրն անմահական, ուրիշ գյուղեր էլ կան, անուները մտիցս ընկել է, բայց դե, ամբողջապես ավեր: Ո՞վ է ավերել՝ հայտնի չի: Գուցե Չինգիզ խանի, Լենգ-Թեմուրի, Թոխտամիշ խանի ժամանակ, կամ էլ Շահ Աբբասն ու Նադիր շահն են արել, նրանք Ղարաբաղում՝ սկսած մեր սարերից մինչև Քուռ և Արաքս գետերը, հայոց գյուղերն ավերեցին, հայությունը քշեցին Պարսկաստան: Իմ պապն իր ախպորց հետ Ղարաբաղ մտած Աբաս-Միրզայի վաթսուն-հազարանոց զորքի դեմ կռվել է: Քո տարիքի տղա էի, հալա մի քիչ էլ կուճուր, ինքը պառաված, փոփ դառած, պատմում էր: Էդ կռվում, ասում էր, ռուսները՝ կազակները, մեզ օգնել են: