Իմ հայացքը թափառում էր այդ մշուշների մեջ, ասես ձգտելով գտնել այն վայրերը, ուր հայկական ավերակ գյուղեր էին…
– Տեսնո՞ւմ ես ա¯յ էն տունը, – Հայրիկը ձեռքը մեկնեց, հեռու բլրի վրա մի տուն ցույց տվեց: – Բալաբեկի տունն է: Գերի էր եղել, քառասունինը թվականի ամռանը մի օրվա մեջ մեր գյուղից մի տասը մարդու, որոնք կռվի ժամանակ գերի էին ընկել, տարան: Էդ ի¯նչ անաստված բան էր, ասում են, վեց միլիոն զինվոր մարդ, Ստալինի մեղքով, գերի էր ընկել, չհաշված խաղաղ բնակչությունը, որ մնացել էր գերմանացիների կողմից գրավված հողերում: Փոխանակ իրեն՝ Ստալինին կախելու էդ հանցագործության համար, ինքն էր կախում, աքսորում անմեղ մարդկանց: Էդ Բալաբեկի ամբողջ ընտանիքը՝ պառավ հոր, մոր ու փոքրիկ եղբոր՝ Մանվելի հետ միասին, տարան: Քույրը՝ Վիկտորյան, մեր էս մոտիկ Շահմասուր, Ծմակահող, թե Գառնաքար գյուղում՝ միտս չի հիմի, մոռացել եմ, նորավարտ վարժուհի էր, իրիկունը եկավ տեսավ տունը դատարկ, դուռը փակ, հավերը դռան տակը կուչ եկած: Մոտ երեսուն տարի է անցել, բայց մինչև հիմի էլ ձենն ականջումս է: Ո¯նց էր ծկլթում, ո¯նց էր իրեն սպանում, գոմշակովն էլ հանդից եկել, առանց կթելու տռնգում էր, ո¯նց էր տռնգում՝ սար ու ձոր դղրդում էր: Մարդու մազերը փշաքաղվում էին, սիրտը կտոր-կտոր էր լինում: Բա, էդպես ենք ապրել, բալաս… Է¯, ապրել կա, մեռնելուց վատ է:
Հայրիկը լռեց, շրջեց ձիու գլուխը, և մենք նորից շարունակեցինք ճանապարհը:
Հեքիաթային ճանապարհորդություն էր դա. անցանք Կըղնախաչը, որտեղից մի չնաշխարհիկ տեսարան էր բացվում դեպի Խաչենի հովիտը: Խաչենագետը Թարթառի պես թաքնված չէր մշուշների մեջ, արծաթե գոտու պես շողում, պսպղում էր արևի տակ: Այնտեղ, ոլործուն գետից այն կողմ, Քոլատակ գյուղի գլխին, Սուրբ Հակոբա վանքի ուղղությամբ, լեռների պռնկին թառած Կաչաղակաբերդի ծխապատ ու խոնավ հեռուներում ամպրոպներից ցնցվում, դղրդում էին երկինք ու երկիր, մերթընդմերթ, զիգզագաձև ճեղքվածքներ տալով, երկինքը պատռվում էր կայծակներից՝ մի կարճ ակնթարթ պղնձագույն ցոլքերով լուսավորելով շրջակայքը:
Կըղնախաչից մենք թեքվեցինք աջ և հիմա շարունակ ընթանում էինք աջ, քար ու քռեջ ճամփով, միշտ դեպի աջ՝ մեկ մտնելով մթավուն ծմակուտի զովասուն ստվերների մեջ, մեկ դուրս գալով ազատ տարածություն, ուր սարալանջերն ի վեր ալյակ-ալյակ վեր ելնելով՝ դանդաղորեն տարուբերվում էր կարմրաթև ծաղկած ավելը:
Մի կարճ պահ կրկին երևաց Կաչաղակաբերդը, այնտեղ, Կաչաղակաբերդից այն կողմ, թաց ջրաներկի յոթ գույներով աղեղված՝ երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը, կամար էր կապել շողշողուն ծիածանը՝ լեռ ու ձոր միացնելով իրար:
– Քիչ է մնացել, հասել ենք արդեն, – ասաց Հայրիկը, երբ մենք, շրջանցելով փոքրիկ մի լճակ, որը խաղաղ էր այդ պահին և արտացոլում էր շրջակա ծառերը՝ գլխիվայր կախված թափանցիկ ջրի մեջ, դուրս եկանք ընդարձակ մի դաշտ՝ տանձի, խնձորի ու թթի ծառերով, այս ու այնտեղ՝ ոչ այնքան մեծ, անձրևներից գունաթափ դեզերով ու հնձած խոտի կախարդական բուրմունքով:
Լռություն էր, չորս կողմը թրթռուն մշուշոտ արև, արևի մեջ վերձիգ մի տանձենի՝ հուրհրատող կարմիր տերևներով, նախշուն չարդը, բոլոր նրբերանգներով փայլող փետուրներով՝ կապույտից մինչև ոսկեգույնը, երևի ձիու ոտնաձայներից վախեցած՝ խուճապահար զիլ ծղրտոցով մի ծառից մյուսն էր անցնում:
– Ահա և մեր հայրենիքը, – ասաց Հայրիկը՝ տրտմագին, տխուր ձայնով:
Շուրջը սարերն ի վեր ելնող ու դեպի ձորակներն իջնող ամռան վերջի թափուր հանդեր էին, անդորրի մեջ կորած միջնահողեր՝ մենավոր կանգնած ընկուզենիներով, մանր, ծաղկեղեն անանուն մարգագետիններ, մի թմբի վրա՝ ավերակ տներ: Այդ տների մեջ բարձրացած ծառերի, մացառուտների, զրավարդի ու մոշի թփերի թագավորություն էր: Տանձենիների թավուտում հին գերեզմանաքարեր կային, ծռված, կիսով չափ հողի մեջ խրված: Ես մի քարի վրա, ուր ժանյակաձև զարդեր կային ու մամռապատ գրեր, դժվարությամբ, բայց կարդացի. «Այս է հանգիստ… ԱԾ ողորմի լուսահոգի Ադունց… ՉՂԳ… հայոց զորաց պետ իշխան… ջունգար ամս հինգ…»: Հայոց լեզվի և գրականության մեր ուսուցիչ Մանվել Առուշանյանը բացատրեց հետո այդ ՉՂԳ-ն, որ նշանակում էր 1244 թվական, բայց ո՞վ էր եղել այդ իշխանը Ադունց ցեղից, որ հինգ տարի պատերազմել էր Միջին Ասիայի կողմերից եկած մոնղոլ-ջունգարների դեմ՝ մնաց անհայտ: Գրերը ջնջված էին, ոչինչ չէր կարդացվում:
– Էստեղ վարար աղբյուր էլ կա, – ասաց Հայրիկը:
Մենք մի քիչ էլ առաջ անցանք, աղբյուրի մոտ իջանք ձիուց: Իրոք, կախարդական վայր էր: Ես տեսնում էի՝ Հայրիկը հուզված էր, բայց աշխատում էր թաքցնել հուզմունքը:
– Էստեղ եմ ծնվել ես, – հանկարծ ասաց նա փոխված ձայնով, – ծառերից կապած ճոճքում՝ էստեղ է մերս ինձ օրոր ասել: Չորս եղբայր ու երկու քույր՝ բոլորս էլ էստեղ ենք ծնվել, էստեղ մեծացել: Էստեղից ենք քոչել Ղազարահող… Հե¯յ գիդի հա, հիմի տես, ամայի ավերակ է դարձել:
Հայրիկը ձիուց իջեցրեց խուրջինը, ձին բաց թողեց, որ արածի: Նստեցինք աղբյուրի մոտ, ծաղիկների ու կանաչ խոտերի մեջ: Մեծ մաման ուտելիք էր դրել մեզ հետ. թոնրի մի հաց՝ բաժանած երկու մասի, երկուական խաշած ձու, մի քանի եփած կարտոֆիլ, կոտեմ ու մի քանի թև սոխ: Հաց կերանք: Հայրիկը երկու բաժակ օղի խմեց իր տափաշշից: Ես զարմացա, որովհետև նա մի բաժակից ավելի երբեք չէր խմում: