– Ողորմի քեզ, որդիս, ներիր անբախտ հորդ, – մրմնջաց նա:
Ո՞ւմ մասին էր խոսքը, չհասկացա, զարմացած նայեցի նրան, բայց ոչինչ չհարցրի, չէի ուզում ցավ պատճառել նրան. թե պետք լիներ՝ ինքը կասեր:
– Էստեղից ասես ամբողջ Ղարաբաղն է աչքիդ առաջ, – խոսեց Հայրիկը: – Նայիր, տեսնո՞ւմ ես Շուշին:
– Ո՞ւր է, – ես հուզվեցի, աչքերս կկոցած՝ լարեցի տեսողությունս:
Երկար նայելուց հետո միայն հեռու-հեռավոր կաթնագույն մուժի մեջ ինչ-որ ճանապարհ ուրվագծվեց, այդ ճանապարհի ուղղությամբ հայացքս գնաց, լեռան բարձրունքում լուցկու տուփի մեծության տներ տեսա, որ հազիվ էին երևում:
– Քսան թվականի գարնանն էր, կարտոֆիլ էինք վարում էստեղ, լուսննգա տաք գիշեր էր, երբ տեսանք վառվող երկինքը: «Վայ մեր խեղճ ժողովուրդ, – ձեռքը ծնկանը խփելով ասաց մերս: – Շուշին էրվում է»: Երեք օր ու երեք գիշեր էրվում էր քաղաքը, մենք էստեղից տեսնում էինք… Երեսունհինգ հազար հայություն էր ապրում… Հազարներով մարդ զոհվեց: Քչերին է հաջողվել փրկվել էդ զուլումից: Իբր էդ քիչ էր, Ղարաբաղն էլ երկու կես արեցին, մի մասը դարձրին մարզ, մի մասն էլ Գյուլիստանի, Գետաշենի, Գյոգ-Գյոլի, որ հնում Ալհրակ էր կոչվում, Շամխորի, Դաշքեսանի ու Գետաբեկի ու շատ-շատ գյուղարանքի հետ մինչև Քռի ու Արաքսի կողմերը, միացրին թուրքերի շրջաններին, մարզի մեջ չմտցրին: Էդ օրվանից Ղարաբաղի մեջքը կոտրվեց: Մի նայիր էս կողմը՝ Ղուջուղուրդա սարերը տեսնո՞ւմ ես՝ Գանձասարի վանքից էն կողմ… Մենք էդ սարերով միացած էինք Հայաստանին, դա էլ էր մտնում Ղարաբաղի մեջ, էդտեղով, է¯, Քյալբաջար-Լաչինով սկսած մինչև Կուբաթլի ու Ջաբրաիլ, մինչև Զանգելան ու Փիզուլի, առաջ Կարյագինո էր կոչվում, մեր սարերն են, հետո ինչ կատարվեց, չհասկացանք, խաղեր խաղացին մեր գլխին, անջատեցին, կտրեցին մեզ Հայաստանից:
Ես նայեցի նրա ձեռքի ուղղությամբ, տեսա այդ սարերը՝ դարձյալ մշուշի մեջ կորած:
– Էդ սարերից էն կողմ Հայաստանն է:
– Հայաստա՞նը, – անհանգիստ զարմանքով ասացի ես, ու սիրտս թրթռաց մի անհայտ բանից:
Որտե՞ղ էի կարդացել՝ հիշել չկարողացա, շուրթերս իրենք իրենց ինքնաբերաբար մրմնջացին. «Հրազդան, գետակդ իմ հայրենի, Հրազդան, ջրերդ իմ անուշիկ»:
– Հա, Հայաստանն էդ սարերից էն կողմ է: Քսան թվի ապրիլի կեսերին դաշնակցականները Դրոյի հետ էդ սարերով եկան մեզ օգնության, թե չէ թուրքերն ու մուսավաթը մեր հայերի գյուղերը հինգ-վեց թվերի պես թալանելով, մեկը մյուսի ետևից կրակ տալով գալիս էին ու ժողովրդին էլ անխնա կոտորում էին: Խնաբադն ու Խրամորթը լրիվ վառեցին: Մեր շրջանի ներքևի գյուղարանքը՝ Բեգում-Սարով, Չայլու, Սեյսուլան-բան, կորուստ շատ ունեցան, իսկ մեր էս վերին գյուղերին չկարողացան շատ վնաս տալ, ժողովուրդը համախմբված էր, իրար օգնության էին հասնում, մի քանի մարդ զոհվեցին Վանքից, Առաջաձորից, Չլդրանի մեր էս տեղամասում Սրխավանդի քյոլանի ավազակների կողմից մենակ մի մարդ սպանվեց՝ Մաքի Հարությունյանը: Ես էլ եմ կռվել, քանի տարեկան էի, չեմ հիշում, բայց արդեն ջահել տղա էի, ծմակներով, սար ու ձորերով ձիաները քշած գնում էինք… Մեր էս կողքի Պողոսագոմեր գյուղից Բախշի կար, ի¯նչ ազղուն մարդ էր, ի¯նչ կռվող էր, վերջերս մեռավ, նրա ջոկատում էինք կռվում: Մի անգամ անձրև ու թուխպ գիշեր ժամանակ, Թևանը եկավ մեզ մոտ, ժողով արեց: Նա, Դալի Ղազարը, Վարդանը, Նիկոլ Դումանն ու նրանց նմաները թե չլինեին՝ Ղարաբաղը կորած էր: Էդպես էր, կռվով, զոհեր տալով պաշտպանեցինք մեր հողը:
– Դու եղե՞լ ես Հայաստանում, – հարցրի:
– Չէ, չեմ եղել: Իմ ախպեր Ակուփը եղել է: Նա գրագետ էր, կարդալ, գրել գիտեր, թուրքական ճակատում կռվել է: Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի տանն է եղել: Պատմում էր, որ շատ լավ, ժողովրդական մարդ էր: Վերադառնալիս Շամխորի մոտ գիշերը չորս կողմից մուսավաթականներն ու զինավորված թուրք ժողովուրդը հարձակվում են ռուսական էշելոնների վրա, մի քանի գնացք են վառում, իրարանցման ժամանակ ախպորս ու մեր կողմերից մի քանի հոգու հաջողվում է փրկվել, սառնամանիք հունվար ամսին, սարերով մի կերպ գալիս, հասնում են տուն, Ղազարահող: Ճանապարհը հատուկ քանդել էին, ասում էր, յոթանասուն էշելոն էր կանգնած, բոլորին թալանում են, զենքը գրավում, նրանց կանանց հետ շատ վատ բաներ անում, բոլորին կոտորում: Հազարավոր ռուսներ են սպանվել, ասում էր, էդտեղ:
Հայրիկը ելավ, երկար շրջում էր տնատեղերում, ձեռքը դնում ծառերի բներին, մտախոհ կանգնում: Կարծես թե խոսում էր ծառերի հետ: Ի՞նչ էր մտածում, ի՞նչ էր խոսում՝ հնարավոր չէր հասկանալ: Հետո ետ եկավ, ասաց.
– Գնանք:
– Ո՞ւր:
Նա չպատասխանեց, կրծքով ճեղքելով բարձր կռատուկները, ես լուռ գնացի նրա ետևից, ինչ-որ տեղ, երևի հաճարկենիների ամենաբարձր կատարներին, արևի թեք շողերի մեջ անուշաձայն ղունղունում էին աղունիկները, մի փոքրիկ բացատում, որի վրա հուրհրատում էր արևը, իսկ բացատն էլ ասես ծաղկավոր սավան լիներ՝ անթիվ, անհաշիվ ծաղիկներով, կանգ առանք: Թփուտների երկար շարքերի տակ խոխոջում էր խոտերով ու տերևներով կաշկանդված աղբյուրը, ջրափոսի խորքից մանրիկ չոր տերևները շրջապտույտ էին կատարում՝ անդադար իջնում ու կրկին ելնում էին: Աղբյուրի մոտ, ծառերի ճյուղերի արանքից, անհատնում լույս էր հորդում: