Հայրիկը, հայացքը գետնին, լարված ինչ-որ բան էր փնտրում և տեսքից երևում էր՝ գտնել չէր կարողանում: Հետո նստեց, ձեռքով տփտփում էր գետինը, ետ-ետ տանում ծաղիկները, որ սփռված էին չորս բոլորը, սոթ տալով առաջ՝ որոնում էր ու գլուխն օրորելով ու անարցունք, խեղդված լաց լինելով ասում՝ Մհերիկ, Մհերիկ, պապան ցավդ տանի, Մհերիկ, պապադ մեռներ՝ քո մեռնելը չտեսներ, քոռանար՝ աչքը չտեսներ, ձեռքը կոտրեր՝ չբարձրանար…
– Հայրիկ, ի՞նչ ես փնտրում, – անհանգիստ հարցրի ես:
Նա ասես սթափվեց, շվար հայացքով նայեց ինձ, հետո ասաց.
– Էստեղ էր, հիմի չեմ գտնում, ծաղիկների մեջ կորել է… Թե՞ տեղն եմ կորցրել՝ չեմ հասկանում…
Շուրջը, իրոք, փարթամ ծաղիկներ էին՝ խատուտիկ ու վարդակակաչ, դեղին հիրիկ, կուժկոտրուկ ու կարմրավառ մեխակ, հոտավետ ասպիրակ ու մեղրուկ, երեքնուկ ու հափրուկ, շողավարդ ու զանգագածաղիկ, փնջերով աճած վայրի վարդ ու մանուշակ: Երկարուկ ցողուններին ճոճվում էին մազմզոտ բոռերը, իսկ ծաղիկների վրա պտտվող մեղուների խուլ գվվոցը բռնել էր շրջակայքը:
– Քո հորեղբայրն էստեղ է թաղված, – միանգամից ասաց Հայրիկը, և նրա դեմքը լարվեց, ձգվեց, արցունքը լճացավ աչքերում: – Եկա տեսնեմ գերեզմանը ու քեզ էլ ցույց տամ, որ մեզանից հետո գոնե մեկն ու մեկը հիշի երեխիս, ես գուցե վերջին անգամ է, էլ չկարողանամ գալ, պառավել եմ: Բայց տեսնո՞ւմ ես, ոնց որ թե կորցրել եմ տեղը… Քարեր կային դրված, չկան…
Ես սարսռած նայում էի, առանց որևէ բան հասկանալու. բայց չէ՞ որ իմ հորեղբայրը ռազմաճակատում անհետ կորել է, հայրս շատ անգամ է պատմել այդ մասին: Ասես կռահելով իմ մտքերը՝ նա ծանր հոգոցով ասաց.
– Է¯, ոչ ոք չգիտի, ո¯չ ոք, չեչաքարի պես ծակծկված էս սրտում էսքան տարի պահել եմ, – նա չորչորուկ ձեռքը դրեց կրծքին, լռեց, հետո ասաց, – կրակն ընկած ներսս՝ էսքան տարի էրում, փթոթում, խորովում է, բայց ոչ ոքի չեմ պատմել… Էս ծմակներում երգող հավքերին լաց լինելով պատմել եմ, ծառերին, մամռոտ քարերին, ջրերին պատմել եմ, բայց մարդու՝ չէ, չեմ պատմել…
Հայրիկը երկար ժամանակ լուռ էր, խորասուզված մտքերի մեջ: Վերջապես խոսեց.
– Կամավոր գնաց ռազմաճակատ, տարիքը չէր բռնում, բայց գնաց… Ինչ-որ տեղ, Հյուսիսային Կովկասում թե որտեղ, ռմբակոծության ժամանակ գնացքից ետ է մնում, ասում են, դիտմամբ ես ետ մնացել, չեն հավատում, որ դիտմամբ չի արել, դիտմամբ անողը զոռով ճակատ չէր գնա, իրենցն ասում են, քոնը չեն լսում: Կալանում են, ծեծում, սպառնում են գնդակահարել: Մի խոսքով, փախչում է էդտեղից, Դաղստանի սարերով, ցերեկները թաքնվելով, գիշերները ճամփա ընկնելով, սոված, ծարավ, հասնում է էստեղ: – Հայրիկը նորից լռեց, նրա հոգին ալեկոծվում էր, ես դա հասկանում էի. ծանր էր շնչում: – Էս կողմերում տավար էի պահում, ձին նստած եկա՝ աղբյուրից ջուր խմելու, երևի հետևելիս է եղել, դուրս եկավ շամբուտից, երեսի մազը լրիվ եկած, շեկ միրուքով, նիհարած, պատառոտված երկար շորերով, ոտնամանների տակը պոկված… Շիմշաթ սիրուն երեխաս՝ ոնց որ մուրացկան: Սկզբում չճանաչեցի, իսկ որ ճանաչեցի՝ ոտքերս տակիս թուլացան: Քոռանա¯մ ես… Ասաց՝ պապա, երկու օր ոչինչ չեմ կերել… Ծմակներում, ասաց, ծառերի վրա, տերևների արանքում հատուկենտ միրգ էր լինում, մկան բներում ճուղուպուր, հաճարկ ու տկողեն էի գտնում, գյուղարանքի մոտերքում, հանդերում թաքուն կարտոֆիլ էի հանում, հում ուտում, մի կերպ դիմացել եմ, հասել էստեղ, բայց էս վերջին երկու օրը ուտելու համարյա ոչինչ չկար… Գիշերը ետ եկա, հաց ու շոր բերեցի: Խնդրում, համոզում էի գնալ ու հանձնվել իշխանությանը: Չէ ու չէ, չէր հավատում նրանց, չէր համաձայնում: Ես իմ ոտքով չեմ գնա նրանց մոտ, ասում էր, եթե մեր ընտանիքին վտանգ է սպասում, ոտքիս կրակիր, տար հանձնիր, ինքս չեմ գնա, դու չգիտես նրանց… Շրջանից սկսեցին մարդիկ գալ, տղադ բանակից փախել է, ասացին, կարող է էս կողմերում է, պետք է հանձնվի: Եթե հանձնվի, կուղարկենք տուգանային գումարտակ, թե չէ՝ բռնեցինք, տեղն ու տեղը գնդակահարելու ենք: Նրանց մեծը՝ էնկավեդեից, գալիֆեով, բոյը կարճ չար մարդ էր, նագանը կատաղած թափ տալով էդպես էլ ասում էր՝ որ բռնեցինք, աչքիդ առաջ շան պես սատկացնելու ենք, լեզուն չորանա, երեխուս մասին էդպես ասաց, քեզ էլ, ասաց, տնով-տեղով, որպես դեզերտիրի ընտանիք, քշելու ենք Սիբիր: Էդպիսի դեպք եղել էր, Հաթերք գյուղից երկու ընտանիք տարել էին… Գյուղի ակտիվիստների հետ փնտրեցին անտառներում, բայց գտնել չկարողացան: Ասացին էրկու օր հետո էլի են գալու… Շատ մտածեցի ու իմ կարճ խելքով որոշեցի կրակել ոտքին ու էդ ձևով հանձնել: Թող ուղարկեն տուգանային, մտածում էի, միայն թե ողջ մնա, չկորցնեմ որդուս ու մեզ էլ սաղ ընտանիքով Սիբիր չքշեն: Խելքս էդքանը կտրեց: – Հայրիկը շունչ քաշեց, միանգամից ասաց, – ինքն էստեղ, ծառերի ետևում, աղբյուրի մոտ կանգնած էր, մոսեննի թվանքով հեռվից աչքերս արուն կալած կրակեցի, բայց էդ րոպեին ոնց ստացվեց՝ մի աչքաճպելում նա թեքվել էր գետնին, թե ինչ՝ գնդակը ուրիշ տեղի կպավ… Հասա, ձեռքս կոտրվեր, գույնը գցած, շաղված աչքերով, ասես մի տեսակ ինձ հույս տալու ժպիտով՝ ձեռքը սեղմած կրծքին, գետնին ընկած նայում էր, ինչ-որ բան էր ուզում ասել, ասաց՝ մաման… Երկու անգամ ասաց՝ մաման, ու էդ էր, լեզուն կապ ընկավ, էլ չկարաց խոսել, ինչ էր ուզում ասել երեխաս՝ չիմացա, խոսքն էդպես էլ մնաց սրտում, շփոթված նայում էր, երևի ինքն էլ ոչինչ չհասկանալով, մատներս ափի մեջ երկու անգամ թույլ սեղմեց. հրաժեշտ էր տալիս երևի… Քանի տարի է, գիշեր թե ցերեկ՝ աչքիս առաջ… Սխալվելու համար, տես, մի րոպեն էլ բավական է, ափսոսալու ու հավետ տանջվելու համար ամբողջ կյանքն էլ քիչ է… Մարդ գիշերներն անքուն, աղ լցնելով իր վերքին, երկար հիշում է այն, ինչ ամենից շատ կուզենար մոռանալ… Ժամանակի ընթացքում ամեն ինչ գուցե թե կարելի է մոռանալ, բայց դե, զավակի կորուստը՝ չէ, զավակի կորուստը մինչև մահ-գերեզման մոռանալ չի լինի, դադարգյուն եղած երեխաս միշտ աչքիս առաջ՝ սիրտս կտոր-կտոր անելով էդպես խեղճ-խեղճ նայում է…