Выбрать главу

Հայրիկը լուռ էր, երկար ժամանակ լուռ էր, այնուհետև մի տեսակ խզված ձայնով ասաց.

– Հետո էլի եկան, նեղություն շատ տվին, գյուղի շուրջը ծմակներն ընկած, սար ու ձոր ընկած որոնեցին, բայց ում որոնեին, երեխաս չկար արդեն, ես նրան զոհ էի տվել: Էդպես է ստացվում: Մի տարի անց ձեռք քաշեցին, էլ չեկան: Է¯, ես Ղազարահողից իզուր տեղափոխվեցի Չլդրան, շա¯տ իզուր: Իմ ախպերք՝ Ջալալը, Ակուփը, Մուխանը, քուրս՝ Զառին, բոլորն էնտեղ էին՝ տնավորված, երեխոցով: Ես ինչո՞ւ եկա, ի՞նչ առաջ գցեցի, գդալ ու շերեփ շինելով, եղան ու թի շինելով, տաշտ ու տաշտակ շինելով ու էդ ամենը գիշերները ներքևի թուրքերում կորեկի ու գարու հետ փոխանակելով, շան քթից ջուր խմելով երեխա մեծացրի ու մեկ-մեկ կորցրի: Էս անարդար աշխարհում իմ արդար երեխոցս մեկ-մեկ կորցրի, անտեղի տեղը բոլորին կորցրի… Հարազատներիս մեջ, չէ, չէի կորցնի երեխոցս: Ես ծառերի վրա գրելով եմ տառերը սովորել, ուզում էի, որ երեխեքս անուսում չմնան, կրթություն ստանան, Ղազարահողում դպրոց չկար, էստեղ՝ կար… Կորցրածս շատ եղավ, գտածս՝ զերո…

Արցունքները գլորվում էին Հայրիկի այտերի վրայով: Հետո հառաչեց, ասաց.

– Ինչ ասեմ, էդպես եղավ… Է¯, ուրիշ ժամանակներ էին, ուրիշ աշխարհ: Ինքս ինձ հետ կռիվ տալով ապրել եմ: Ո՞ւմ պատմես և ի՞նչ պատմես, նույնն է, թեկուզ գայլի պես ձեն հանիր, գետնովը տուր քեզ, ի՞նչ կարող ես փոխել՝ ոչ մի բան…

Որոշ ժամանակ լուռ նստած էինք: Հայրիկը, ձեռքերով գետնին հենվելով, բարձրացավ տեղից, ցրված հայացքով նայեց շուրջը: «Չեմ գտնում, երեխաս խառնվել է խոտ ու ծաղկին, խոտ ու ծաղիկ դառել», – ասաց և նույն խոտածածկ արահետով ծանր քայլեց դեպի տնատեղերը:

Արևը վերստին հուրհրատում, այրում էր, այս ու այնտեղ քաղցր դայլայլում էին թռչունները, անդադրում երգում էր ճիճին:

Հասանք նույն տեղը, ուր հաց էինք կերել: Երկար ժամանակ լուռ նստած էինք, հետո Հայրիկը պառկեց գետնին, խոտերի վրա՝ դեմքով դեպի իրենց տնատեղերը: Այդպես շատ երկար մնացինք: Մոտիկ տեղ տանձի ծառ կար, լսվում էր՝ տանձը շարունակ կաթուկ էր տալիս: Տապից երերում էր օդը: Ճիճիները դարձյալ ճտճտացնում էին անդադար: Քիչ այն կողմ, նարնջագույն հատապտուղներով մասրենու թփերում, կլկլացնում հա կլկլացնում էր կեռնեխը: Չգիտեի՝ քնա՞ծ է Հայրիկը, թե մտածում է: Չէի համարձակվում ելնել ու նայել նրան: Բայց երևի քնած չէր, որովհետև կողքի ծաղիկներին ոտքերը ծաղկաթաթախ դեղնակարմրավուն մեղրաճանճեր էին նստում, միալար գվվում, և նրա հարցն էլ այդ մեղրաճանճերի մասին եղավ: Ուրեմն քնած չէր: Մտածում էր:

– Մեղուն գիտե՞ս ինչքան է ապրում, – երկար, շատ երկար լռությունից հետո հարցրեց Հայրիկը ու ինքն էլ պատասխանեց առանց ետ շրջվելու: – Երկու հարյուր քառասուն օր, այսինքս՝ ութ ամիս: Ութ ամսից հետո նա արդեն ծեր է, դուրս է գալիս փեթակից, թևերը հազիվ բացած ընկնում է խոտերի մեջ, որ չխանգարի ուրիշներին. գեղեցիկ ապրում է իր գեղեցիկ աշխարհում ու գեղեցիկ էլ մեռնում է, ասես ոչ թե մեղու է, այլ իսկական մարդ:

Բավականին ուշ էր, երբ Հայրիկի հետ գյուղ հասանք: Ծառերի ստվերները երկարել, կոտորակվելով օրորվում էին ձորալանջերին: Մեր ստվերները նույնպես, մերթ մեծանալով, մերթ փոքրանալով՝ մեզ հետ գալիս էին գյուղ: Սարերից արդեն ոտքով էինք իջնում: Երկու մեծ խուրջին ընկույզ ու կուլենի տանձ էինք հավաքել, գցել ձիու վրա, ես առջևից էի քայլում՝ ձիու կապը բռնած, Հայրիկը՝ իր ծերունական գայթուն քայլվածքով՝ ետևից: Գյուղավերևում, աղբյուրի մոտ, միանգամայն անսպասելի, տեսա Լյուդմիլա Առաքելյանին, որին ես վաղուց սիրում էի թաքուն: Սիրտս անհանգիստ սկսեց բաբախել: Նա գիտեր, որ ես շուտով մեկնելու եմ Սումգայիթ: Կուժն ուսին, թախծանուշ աչքերով երկար նայում էր: Չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե ես այլևս չեմ տեսնելու նրան, աչքերս լցվեցին: Եվ որպեսզի Լյուդիկը չտեսներ արցունքներս, ես շրջվեցի, նայեցի ետ. Կըղնախաչի միգապած սարերը ողողված էին մայր մտնող արևի ոսկեփայլով:

* * * * *

Մեքենայի երկար ազդանշաններից հասկացա, որ Ռոբերտն ու Արաքսյան վերադարձել են Յալամայից և ինձ են կանչում:

– Ախպերո, էս որտե՞ղ ես, – ուրախ ու, ինչպես միշտ, շարժուն ու գործունյա, ժպտաց Ռոբերտը, թևքերը քշտած նայելով ինձ: – Մի տես ինչ ձուկ ենք բերել:

Հսկայամեծ սևրյուգան ընկած էր տերևների վրա և բացուխուփում էր բերանը՝ ճիգով օդ որսալով:

Ձայնի վրա Ռենան դուրս եկավ Ալվարդի սենյակից և պատշգամբում կանգնած, ասես, մի տեսակ չհամարձակվելով ու կարծես թե ամաչելով, նայեց ինձ, ժպտաց: