Ռենայի կիսամուշտակի տակից ես ձեռքերս մտցրել, գրկել էի նրա հեշտանքավառ խաղացկուն իրանը, ես նրան ձգում, սեղմում էի ինձ, շնչելով նրա ողորկ պարանոցի անուշաբույրը, և սիրտս խլրտում, հոգիս ցնծում էր այդ տաքուկ մերձեցումից: Նրա գլուխը թեթևակի ետ էր գցած, ձյան լայնշի փաթիլները թևավոր աստղերի պես անդադար իջնում էին նրա լուսավոր դեմքին, Ռենան՝ հուզիչ ու մատղաշ, դեռատի, ձեռնոցավոր ձեռքերը մտցրած մեկը մյուսի մորթավոր թևքը, քմահաճ աղջնակի նման հրճվալից ծիծաղում էր՝ լեզվի ծայրով որսալով այդ փաթիլները:
Նեոնային լույսերի մեջ՝ գոլորշի էր ելնում նրա անուշիկ բերանից, ես նրան ավելի ու ավելի էի սեղմում ինձ, շարունակ մրմնջալով. «Ցավդ տանեմ, ցավդ տանեմ, ցավդ տանեմ», և աչքերս լցվում էին Ռենայի հանդեպ տածած անասելի մեծ սիրուց ու իմ սրտի խորքից ելնող խանդաղատանքի արցունքով:
– Լեո, – ցածրիկ, մի տեսակ ասես զգուշավոր ձայնով շշնջաց Ռենան, – ամեն մի աղջիկ, կին՝ նշանակություն չունի, ուզում է իր կողքին տեսնել իսկական տղամարդու՝ ուժեղ, վճռական, բարի ու հասկացող, որպեսզի նրա հետ իրեն սիրված, ցանկալի ու պաշտպանված զգա: Կյանքում ամենից գլխավորն այն չէ, որ ունի մարդ: Առավել կարևոր է սերը, հավատը, անմնացորդ նվիրաբերումն այդ սիրուն: Մարդուն մի սիրտ է տրված ու այդ սրտում մի տեղ՝ միայն մեկի համար, և ես չեմ սխալվել՝ ընտրելով ու սիրելով քեզ, երբ այդ մասին մտածում եմ, ինքս ինձ նախանձում եմ, և միակ բանը, որ այս աշխարհում կարող եմ անել, քեզ սիրելն ու պաշտելն է, սիրել և խոնարհվել քո առջև, որպես միակի, որին ես հենց այս պահին կարող եմ նվիրաբերել իմ ամբողջ կյանքը՝ առանց մի վայրկյան անգամ մտածելու, առանց մի ակնթարթ անգամ տատանվելու:
Ես բարձրացրի հայացքս և խանտաղատանքի բուռն զգացումը, ինչպես քիչ առաջ, համակեց ինձ. Ռենայի կապտակախարդիչ աչքերում նույնպես արցունք էր լճացել, որը շողշողում էր գույնզգույն լույսերից:
– Ռենա, Ռենա, իմ աննման Ռենա, – բերկրանքից ու հուզմունքից շնչասպառ՝ արտասավոր ուժգնությամբ բաբախող սրտով ասացի ես, սակայն շարունակել չհասցրի, Ռոբերտի ձայնն ընդհատեց ինձ.
– Ախպերո, – դուրս գալով մեքենայից, հեռվից ուրախաձայն բացականչեց Ռոբերտը: – Քեֆ անողին քեֆ չի պակսի, քեֆ ենք անելու, – ոգևորված ասաց նա: – Ձյունն ու ցուրտն ի զորու չեն խանգարելու մեզ՝ հասնելու մեր ազնիվ նպատակին:
Առաջին հարկում, հանդերձարանում, մենք հանվեցինք, բարձրացանք ռեստորան, ուր Ռոբերտը նախօրոք սեղան էր պատվիրել: Ռոբերտը մենակ չէր, իր ընկերոջ՝ Զարմիկի հետ էր: Ռոբերտի նման դյուրաշարժ ու գործունյա՝ Զարմիկը նույնպես առաջ կապի նախարարությունում էր աշխատում, բայց հետո թողել, դուրս էր եկել այնտեղից և հիմա գործն առևտրի հետ էր՝ միրգ ու բանջարեղեն էր առաքում Մոսկվա:
Հաստ ու թավ բեղերով՝ Զարմիկը բոլորովին նման չէր հայի, բնիկ նախիջևանցի էր և ադրբեջաներեն խոսում էր նախիջևանցիների առոգանությամբ՝ Նախիջևանն արտաբերելով՝ Նախծվան:
«Ես Ագուլիսից եմ, – ասաց Զարմիկը: – Ագուլիսեցիները գիտե՞ք ինչով են հայտնի, – ծիծաղելով ասաց նա: – Պանիրը դնում ենք բանկայի մեջ, հացը քսում բանկային, ուտում»:
Իրենց սիրած աղջիկների՝ Լիայի և Սիմայի հետ էին նրանք երկուսն էլ: Լիային ես շատ էի տեսել, նա և Ռոբերտը վաղուց էին հանդիպում, իսկ Սիմային՝ Բաքվին մերձակա Զաբրատ ավանից, ազգանունը՝ նույնպես Մահմուդովա, սպիտակամաշկ ու գեղաչյա, տեսնում էի առաջին անգամ: Երկրորդ հարկի ընդարձակ դահլիճում, որտեղից ամբողջ քաղաքը՝ իր առկայծող լույսերով, մեր աչքի առաջ էր, մենք ամբողջ երեկոն երգ ու նվագի տակ ինքնամոռաց պարում, անվերջ կատակում, անհոգ ծիծաղում էինք:
Զարմիկը հեքիաթատիպ անեկդոտ պատմեց. «Մի օր մի մարդ գետում ձուկ բռնելիս հանկարծ արծաթե ձկնիկ է բռնում, – սկսեց նա: – Էս ձկնիկը մարդկային լեզու է առնում ու ասում. «Ախպեր ջան, ինձ բաց թող՝ մի ցանկությունդ կկատարեմ»: Էս մարդը հայրենասեր տղա է լինում ու արծաթե ձկնիկին Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի քարտեզն է ցույց տալիս ու ասում. «Ուզում եմ ծովից-ծով Հայաստան»: Արծաթե ձկնիկը նայում է քարտեզին, մտքում գցում-բռնում է ներկա քաղաքական ու տարածաշրջանային իրավիճակն ու ասում. «Ցավդ տանեմ, էս գործի համար ոսկե ձկնիկի թափն ա պետք: Կներես, բայց ուրիշ բան ուզի»: Էս մարդը մի պահ ուզում է գժվի ու արծաթե ձկնիկին կուլ տա, բայց մի բան է հիշում ու ասում. «Տանը մնացած երեք աղջիկ ունեմ, որ մարդու տաս՝ նոր բաց կթողնեմ»: Արծաթե ձկնիկն ասում է. «Ցույց տուր աղջկերքիդ նկարները»: Էս մարդը ջեբից հանում է իր աղջիկների նկարները ու ցույց տալիս արծաթե ձկնիկին: Արծաթե ձկնիկը նայում է նկարներին, նայում է, նայում ու ասում. «Չէ, ախպեր ջան, ավելի լավ է քարտեզը տուր՝ տենամ ինչ եմ անում»:
Մենք բոլորս բարձր ծիծաղեցինք, որովհետև և՛ անեկդոտն էր սրամիտ, և՛ Զարմիկն էր շատ համով պատմում:
Հետո ես ու Ռենան իսպանական «Ֆլամինգո» պարեցինք և, հավանաբար, լավ էինք պարում, հատկապես Ռենան՝ խանդավառ ու չքնաղատեսք, ուղղակի մի աննման սքանչելիություն, լանջաբացվածք ունեցող վառ կարմիր շողշող երկար շորով, որովհետև մյուս պարողները շուտով ետ քաշվեցին՝ պարահրապարակը թողնելով ինձ ու Ռենային, և, շրջան կազմած, ռիթմիկ ծափերով քաջալերում էին մեզ: