Ուրախ և հաճելի երեկո էր և չիմացանք, թե ինչպես անցավ ժամանակը:
– Թող նոր տարին նոր ուրախություններ բերի մեզ բոլորիս, – վերջում իր կենաց-խոսքում ասաց Ռոբերտը: – Թող երջանկություն բերի բոլորիս, և համոզված եմ, որ այդպես էլ կլինի, բարեհաջող տարի կլինի: Կյանքը երբեմն մարդուն անկրկնելի, երջանիկ ակնթարթներ է պարգևում՝ ինչպես որ այսօր: Երջանկությունը վաղվա օր չունի, այն երեկվա օր նույնպես չունի, չի հիշում անցյալը, չի խորհում գալիքի մասին, այն միայն ունի ներկա, և դա էլ ոչ թե մի ամբողջ օր, այլ կարճ ժամեր, րոպեներ, գուցե և ակնթարթներ, և երջանկության գաղտնիքը նրանում է, որպեսզի այդ ակնթարթները, որ երբեմն մի ամբողջ կյանք արժեն, ինչքան հնարավոր է, հաճախակի կրկնվեն: Շնորհավոր ձեր Նոր տարին, սիրելիներս: Հանդիպում ենք այստեղ, այս շքեղ սրահում, փետրվարի քսաներեքին՝ Կարմիր բանակի օրը, երեկոյան ժամը վեցին: Համաձա՞յն եք:
– Համաձայն ենք, – խնդուն բացականչություններով համաձայնվեցինք բոլորս և մեր բյուրեղյա ըմպանակները զվարթ զնգոցով բախվեցին իրար՝ ի նշան համաձայնության:
* * * * *
…Ավա¯ղ, մեզ չհաջողվեց հանդիպել փետրվարի քսաներեքին շքեղազարդ «Գյուլիստանում», ինչպես և չհաջողվեց կատարել Նոր տարվա գիշերը մորս տված խոստումը՝ Ռենային հյուր տանել նրանց մարտի ութի տոն օրը:
Առհասարակ, նոր տարին այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Ռենան մրսել, հիվանդացել էր, ես շարունակ անտրամադիր էի, մինչև նա կազդուրվեց, և ես հնարավորություն ունեցա նրան տեսնելու:
Հունվարի վերջերին խմբագրությունում մեծ կռիվ առաջացավ Թելման Կարաբաղլի-Չալյանի և նույն բաժնում աշխատող Գևորգ Աթաջանյանի միջև: «Գամ ես, գամ՝ նա, – ինչ-որ մեկից վերցրած չվառած սիգարետը մատների արանքում՝ միջանցքում հուզված այս ու այն կողմ գնալով, կրկնում էր Թելմանը: – Վսյո, երեսուներեք դոգոսանոս ալիմենդով մեձասող իմ էրգու ջոխդակ դղայիս գարմուր արևը, քինամ եմ նախագի մոդը: Մուգունը գուջուր մուգունա, բայս վար ինգնում ա օխտը կուժանոս գարասի մեջը, սաղ մուռդառում ա: Դա մուռդառ մուգուն ա: Դոնս քանդիս, գյանքս քանդիս, ինս շաքյարի հիվանտ շինիս, էդ լագոդը հո՞վ պերավ էսդեղ»:
Բանն այն չէր միայն, որ նրանք՝ երկու մեծահասակ մարդ, ամբողջ կոլեկտիվի առաջ ամենավերջին խոսքերն էին ասել միմյանց: Նրանք երկուսն էլ՝ իրենց վարք ու բարքով, իրար արժեն, և նրանց վեճ ու կռիվն էլ սովորական, առօրյա երևույթ էր, ցավալին այն էր, որ այդ մասին իմացավ նաև կոմիտեի ղեկավարությունը:
Տհաճ խոսակցություն եղավ նախագահ Էլշադ Գուլիևի առանձնասենյակում: Ներկա էին նախագահի տեղակալները, կոմիտեի բոլոր գլխավոր խմբագիրները, սկզբնական կուսկազմակերպության քարտուղարը, արհմիության նախագահը՝ շուրջ երեսուն մարդ:
Նախագահը ջահել, բայց ծանրամարմին, գլուխն ուսերի մեջ խրված, տեղում նստած կարդաց Թելմանի բողոքը, երկար խոսում էր զայրացած տոնով ու ցնցուղային աստմայից ծանր շնչելով, կշտամբեց գլխավորին՝ այդպիսի նենգավուն մարդուն աշխատանքի ընդունելու համար: Նա կարդաց նաև Աթաջանյանի կնոջ՝ Ռոզալիա Ավետիսյանի նամակը, ուր նա պաղատագին խնդրում էր օգնել՝ ալիմենտ ստանալու: Կար և մի ուրիշ նամակ, ինչ-որ Ռիտա Գրիգորյանից: Սա բողոքում էր Աթաջանյանից, որը սուտ խոստումներով պատվազրկել է իրեն ու փախել:
Ի վերջո, որոշում ընդունվեց, ըստ որի գլխավորին խիստ նկատողություն հայտարարվեց, իսկ Աթաջանյանը վտարվեց աշխատանքից: Ընկճված տրամադրությամբ մենք բարձրացանք խմբագրություն: Գլխավորը լուռ էր, չափազանց հուզված: «Մարդ չի, էլի, մարդ չի, – արդեն իր առանձնասենյակում կատաղի ասաց նա Աթաջանյանի հասցեին, – երախտամոռ անասուն է: Հիմա նրանք ի՞նչ պիտի մտածեն մեր մասին… Իմ ու նախկինի երաշխավորությամբ մի օրվա մեջ, պատկերացնո՞ւմ ես, Լեո, մի օրվա մեջ, գրողների միության շարքերն ընդունվեց, մարդիկ քսան տարի սպասում են, չեն կարողանում ընդունվել, նրան մի օրվա մեջ ընդունեցին, որպեսզի գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակեն: Վերևից հրահանգ կար՝ շտապ ընդունել: Ես հետո միայն իմացա, թե նա ինչ ճանապարհով էր դրան հասել: Մենակ հո դա՞ չի, Լևոն Ոսկանյանի խնդրանքով գրող Սուրեն Կասպարովն իր տանը գրանցեց նրան, «Գրական Ադրբեջանում» սրբագրիչ էր, հեռացնելուց հետո եկավ աղաչեց, դու էլ բարեխոսեցիր, հիշում եմ, գործի ընդունեցինք: Էլ ի՞նչ պիտի անեինք, ասա խնդրեմ, որպեսզի մարդավարի պահեր իրեն, չխայտառակեր մեզ: Բարձր հոնորար էինք նշանակում, մտածելով, որ ալիմենտ է վճարում երեխաներին: Տեսա՞ր, պարզվում է՝ ոչ մի կոպեկ էլ չի ուղարկում ընտանիքին: Չես հասկանում, ի՞նչ մարդ է դա:
Անսպասելի ներս մտավ ինքը՝ Գևորգ Աթաջանյանը, ասես ոչինչ չէր եղել՝ անհոգ տեսքով, ծուռ ժպիտը դեմքին գնաց, նստեց բազմոցին:
– Լսիր, ես քեզ չեմ հասկանում, – չդիմացավ գլխավորը: – Դու վերջիվերջո պիտի՞ հասկանաս, որ կան քայլեր, որոնք ներում չունեն, կան բառեր, որոնք հնարավոր չէ մոռանալ, կան արարմունքներ, որից հետո քեզ համար ամենաթանկ մարդն անգամ կարող է հավասարվել հողին: Դու քեզ այնպես ես պահում, ասես ինչ-որ մրցանակ ես ստացել կամ էլ առնվազն վիճակախաղի տոմս ես շահել: