Выбрать главу

– Իսկ ի՞նչ է պատահել, – լկտիաբար նայելով գլխավորին՝ ամբարտավան տեսքով ասաց նա:

– Էլ ի՞նչ պիտի պատահի, կոմիտեի նախագահի հրամանագրով ազատված ես աշխատանքից:

– Հետո ի՞նչ, – ուսերն անտարբեր թոթվելով չարախինդ քմծիծաղով ասաց նա: – Կգնամ գերեզմանատներում փողով երգ կասեմ, ցախավելը վերցրած՝ փողոցները կավլեմ, միայն թե դուք գոհ լինեք: Ինչ է, կարո՞ղ է դադարել եմ կոմունիստ լինելուց:

– Այ տղա, առաջին հերթին մարդ պետք է լինել: Ղարաբաղի գրողները քեզ բոյկոտի ենթարկեցին՝ ինչի՞ համար, – հարցրեց գլխավորն ու ինքն էլ պատասխանեց: – Ոչինչ չէիր անում՝ դրա համար: Ասեկոսություններով բոլորին իրարով էիր տվել՝ դրա համար: Մինչ այդ մարզային ռադիոյում էիր՝ այնտեղի՞ց ինչու հանեցին: Անբարոյականության համար: Թվե՞մ մեկ-մեկ: «Գրական Ադրբեջանում» մարդիկ ընդառաջեցին, օգնեցին գրանցվելու, ընդունեցին աշխատանքի: Իսկ դու ի՞նչ արեցիր: Կարիերայի սին մարմաջով տարված՝ սև ապերախտությամբ պատասխանեցիր նրանց լավությանը: Շարունակական բանսարկություններով պախարակեցիր հարգարժան մարդկանց: Այն մարդկանց, ովքեր օգնել էին քեզ, սատար կանգնել քո նեղ օրվան: Վաթսուն տարեկան մարդ ես, հարկավոր է մի քիչ լուրջ լինել:

– Վաթսուն տարեկան մարդ եմ, բայց մի ընկած ատամ չունեմ, նա յիր, – շեռից հոտ քաշած մադյանի պես երախաբաց՝ իրար սեղմած ատամներն այս ու այն կողմ ցուցադրելով, ասաց Աթաջանյանը: – Մազերս տեղը, տղամարդկային արժանապատվությունս, փառք աստծո, տեղը, շենք ու շնորհքս տեղը, նայեք ու նախանձեք, նախանձից բացի ընդունա՞կ եք որևէ բանի: Չէ, իհարկե: Հետո էլ, մի հարցրու տես՝ քո խրատների կարիքը զգո՞ւմ եմ ես, – դեմքի ծամածռունքով նետեց նա:

– Գորտի երեսին թքեցին, ասաց՝ ուխա¯յ, անձրև է գալիս: Գիտե՞ս ինչ եմ մտածում, – տեղից ելնելով՝ զայրացած ասաց գլխավորը: – Մտածում եմ, որ դու այդ ամենը միտումնավոր ես անում, հատուկ նպատակով, ուզում ես խայտառակել մեր հայ մտավորականությանը և, պետք է ասել, որ դա քեզ, դժբախտաբար, հաջողվում է: Այլապես ինչպե՞ս գնահատել քո արարմունքը, որ Ղարաբաղից, ոչ բարով-խերով, այստեղ գալուց հետո ոչ մի տեղ երկար չեն պահում քեզ: Ամեն տեղից վտարում են, ընդ որում՝ կռվով, խայտառակ ձևով: Մենք քո պատճառով քիչ է մնում գետինը մտնենք ամոթից, իսկ քեզ վրա, տեսնում եմ, ամենևին չի ազդում:

– Չի ազդում, որովհետև ես ազնիվ մարդ եմ, – ձայնը չէր կտրում նա: – Որովհետև անազնիվ մարդկանց շրջապատում մեզ նմանների համար միշտ դժվար է եղել:

– Մեզ նմանների համար… Ո՞ւմ նկատի ունես՝ քեզ և Ռոբերտ Առաքելովի՞ն:

– Թեկուզ և նրան. գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ է, գիտությունների թեկնածու, հրաշալի բանաստեղծությունների հեղինակ, ինստիտուտի դիրեկտորի համար դոկտորական դիսերտացիա է գրել: Ումի՞ց է պակաս: Ինչ մնում է ինձ, այո, ես գերազնիվ մարդ եմ…

– Այդ գերազնվությո՞ւնն է մղել քեզ Թելման Չալյանի կնոջը հրամցնես Սաֆար Ալիևին, – ակնհայտորեն նյարդանալով հարցրեց գլխավորը:

Որքան ավելի էր գլխավորը հուզվում, Գևորգ Աթաջանյանն այնքան հանգիստ ու ծաղրական էր դառնում:

– Դա իմ անձնական գործն է՝ ծանոթ կանանց ծանոթացնել ծանոթ տղամարդկանց հետ, և դա ոչ ոքի չի վերաբերում, – տարփափայլ ժպիտը տարածվեց նրա դեմքին: – Լավ եմ արել: – Աթաջանյանի բերանի անկյունները թրթռացին չարախինդ ծիծաղից:– Ախորժակն ում են տվել, փլավն՝ ում: Ցնդած Թելման Չալյանն ո՞վ է, որ վայելի էդպիսի կնոջը… Այո, լավ եմ արել, ի՞նչ է, հավատարմության գոտի՞ ես հագցնելու, թե՞ միջնադարյան ասպետ ես՝ կողպեք ես դնելու վրան: Ապրանքն իրենն է, ում ուզում՝ նրան էլ տալիս է, դո՞ւ ով ես:

Գլխավորն ուշադրություն չդարձրեց նրա անվայելուչ խոսքերին:

– Ամբողջ կյանքում, – նողկանքով ասաց նա, – որպես ծաղրածու՝ դատավոր-դատախազների, միլիցիոներների ետևից ընկած ծամածռություններ ես անում նրանց՝ մարդկանց ծախելով:

– Դու էլ արա:

– Ես դրան սովոր չեմ, դա քո արհեստն է: Քո և քո հարբեցող ընկերոջ՝ Ռոբերտ Առաքելովի արհեստը: Նրա հոր՝ Կարո Առաքելովի հետ աշխատել եմ «Կոմունիստի» խմբագրությունում, կեղտոտ արարածի մեկն էլ նա էր, և, տեսնում եմ, որ հայատյացությամբ՝ հորից շատ բան է ժառանգել որդին: Մանավանդ, որ ընկերն էլ դու ես՝ նմանն զնմանին գտանե, – ավելացրեց գլխավորը: – Գուրգեն Գաբրիելյանն ինչո՞ւ էր ապտակել քեզ՝ մարդկանց ներկայությամբ:

– Քո գործը չէ:

– Նրա քրոջ ամուսնացած աղջկան էստեղ՝ Բաքվում, անամոթաբար սիրահետել ես, դրա համար: «Ազերինֆորմի» թղթակից Ռադիկ Գրիգորյանի հետ ընկերություն էիր անում, – շարունակեց նա, – իսկ նրա քույրը քո դեմ բողոքի նամակ է գրել կոմիտեի ղեկավարությանը:

– Շան պես հավատարիմ, շան պես արհամարված, – մանր կվթոցով գռմռաց Աթաջանյանը:

– «Կոմունիստ» թերթի խմբագիր Հրանտ Բաբայանի եղբոր՝ Ժորայի հետ, իբր, ընկեր էիր, իսկ, ահա, Հրանտ Բաբայանի մասին կեղտոտ լուրեր ես տարածում, անանուն նամակներ ես հորինում: Ի՞նչ մարդ ես դու: