– Հրանտ Բաբայանը, եթե կարգին մարդ լիներ, – ասաց նա և չարագույժ դեղին փայլով շողացին աչքերը, – ինձ աշխատանքի կընդուներ, բաժնի վարիչ կնշանակեր, և ես ստիպված չէի լինի դռներն ընկնել:
– Ըստ երևույթին, Բաբայանը քեզ ավելի լավ էր ճանաչում, քան մենք, դրա համար էլ չի ընդունել:
– Ոչինչ, նա չի ընդունել, նոր խմբագիր Էմիլ Գրիգորյանը կընդունի:
– Այո, – քմծիծաղեց գլխավորը, – նոր մարդ է, քեզ չի ճանաչում, կարող է և ընդունի: Բայց միայն որպես սրբագրիչ կամ ցրիչ: Չնայած, ճիշտն ասած, դու դրան էլ արժանի չես:
– Բայց ես հայ բանաստեղծ եմ… Աստված իմ, աստված, – արտիստորեն ձեռքերը վեր կարկառած՝ գոչեց Աթաջանյանը: – Բամբասում են անվերջ, չարախոսում անդուլ, բանսարկում են քինոտ, նախանձում ու խանդում, ի՞նչ եք ուզում ինձնից, չարախոսներ դուք իմ խեղճ ու կրակ: Որ թևերս ծալե՞մ, իմ հեռընթաց հրթիռի շարժիչները մարեմ ու ճռնչա՞մ՝ հին ճամփեքով շարժվող ձեր սայլերի նման, դե, եկ վարդապետ ու մի ցնորվիր: Դուք դա՞ եք ուզում, իմ ողորմելիներ, բայց չեք տեսնի բնավ, հայ բանաստեղծ եմ ես, և այն էլ շատ լավ:
Գլխավորը մի պահ ուղիղ նայեց նրան, դառնորեն ասաց.
– Դու ի՞նչ հայ բանաստեղծ ես, և այն էլ շատ լավ, եթե այդ տարիքում Հայաստանում բանաստեղծական մի տող անգամ չես տպագրել:
– Քեզ նմաններն են խանգարել:
– Մի լսեիր, թե Հուրունցն ինչ էր պատմում քո մասին:
– Հուրո՞ւնցը: – Աթաջանյանը ցասկոտ վեր թռավ տեղից: – Գիտեմ, գիտեմ, լսել եմ, թե ինչեր է ասել այստեղ, ոչինչ, շուտով, հը, հը, հը, – խրխնջոցի պես ձայներ հանեց նա, – շուտով Հուրունցն էլ իր բաժինը կստանա, – թունոտ ու քինոտ հոխորտաց: – Հուրունցը չգիտի, որ ես տրխամաշ տեզ եմ, կպա, էլ պոկ չեմ գա, մինչև արյունը չծծեմ մինչև վերջ: Թելման Կարաբաղլին էլ չգիտեր՝ հիմա գիտի, – ասաց նա և, բեմական զբոսանքի քայլերով մոտենալով դռանը, առանց ետ նայելու, դուրս եկավ առանձնասենյակից:
– Ոչնչություն ես դու, այլ ոչ թե հայ բանաստեղծ, – նրա ետևից այնուամենայնիվ նետեց գլխավորը: – Մի դրա ճոռոմ խոսելուն նայիր՝ հայ բանաստեղծ եմ և այն էլ շատ լավ… Սարսափելին այն չէ, որ մարդ հիմար է, այլ այն, որ նա ամենուր ցուցադրում է դա:
* * * * *
Մի անարխոժություն ևս եղավ, և դա կապված էր Արինայի հետ: Վերջին երկու օրը նա շարունակ անտրամադիր էր: Ասես նախկին ծիծաղկուն, կենսախինդ Արինան չլիներ: «Ի՞նչ է պատահել Արինա յին», – հարցրի Լորաննային: «Իր խելքից տանջվում է», – եղավ պատասխանը, որից ես, սակայն, ոչինչ չհասկացա: Մյուս օրն Արինան ինչ-որ հաղորդում բերեց ստորագրելու, դարձյալ տխուր էր, մտախոհ ու ինքնամփոփ, աչքերում անթաքույց թախիծ: «Ինչո՞ւ ես ընկճված: Ծիծաղն ու ժպիտը քեզ ավելի են սազում», – ասացի ես:
Արինան ինձ նայեց արցունքաժպիտ աչքերով:
– Ես քեզ դառնություն եմ բերում միշտ, – ասաց նա աչքերը փախցնելով: – Չգիտեմ նույնիսկ ինչ անեմ: Ես դա չեմ ուզում, բայց այդպես է ստացվում:
– Ի՞նչն է այդպես ստացվում:
– Այն, որ, հակառակ իմ կամքի, նորից քեզ վատություն եմ արել, – կիսաձայն ասաց Արինան: – Ներիր ինձ, խնդրում եմ:
– Բայց ինչի՞ համար: Ես ոչինչ չեմ հասկանում:
– Սիլվան ամուսնուն ասել է, թե ես եմ իրեն խանգարել, որ աշխատանքի վերցնեն այստեղ:
– Բայց դու ասացիր, որ ամուսինը դեմ է… Ես այդպես էլ ասացի Սաիդային:
– Այո, ասել եմ… – Արինան շառագունեց, շփոթված նայեց ինձ: – Նա ամուսնուն ասել է, թե իբր ես… կապված եմ քեզ հետ… նա էլ եկել, իմ ամուսնուն է ասել…
Այդ պահին իմ առանձնասենյակի դուռը բացվեց, քսանհինգ-քսանվեց տարեկան մի տղա՝ սպիտակամաշկ, հուզմունքից գունատված դեմքով, մտավ ներս և, չնայելով իմ կողմը, կատաղի դիմեց Արինային.
– Դու այստեղ ի՞նչ ես անում:
Արինան մինչ այդ կանգնած էր սեղանի մոտ, իմ դիմաց: Նրա դեմքը քաթանի գույն ստացավ, նա ոչ թե նստեց, այլ ուղղակի փլվեց աթոռին:
Ես, իհարկե, հասկացա, որ Արինայի ամուսինն է, և շատ կոպիտ ասացի.
– Լսիր, ինչպե՞ս է քո անունը:
– Հարութ, – շրջվելով՝ շուրթերը ցասումով կքած նետեց նա:
– Հարութ, դու քո այդ հրամայական տոնով ձեր տանը կարող ես խոսել: Սա խմբագրություն է և բարի եղիր պահել քեզ ինչպես հարկն է:
Արինան՝ վախեցած, բերանը կիսաբաց, աչքը չէր կտրում ամուսնուց՝ չհամարձակվելով մի խոսք անգամ արտաբերել:
– Նա ի՞նչ է անում այստեղ, – արդեն ինձ դիմելով հարցրեց Հարութը՝ ծանր շնչելով:
– Հաղորդում է բերել ստորագրելու, – ասացի ես չոր ու կոպիտ: – Իսկ եթե դա քեզ դուր չի գալիս, մենք նրան հենց այսօրվանից կարող ենք ազատել աշխատանքից: Բավարարվա՞ծ ես:
– Ոչ, – նետեց Հարութը: – Ես հիմա նրան կտանեմ Սիլվայի մոտ, դուք գիտեք նրան, և, եթե Սիլվան նրա ներկայությամբ հաստատի այն ամենը, ինչ նա պատմել է Սիլվային, ուրեմն վճիռը պարզ է: – Արինայի ամուսինն ընդոստ մի շարժումով գրպանից զսպանակավոր դանակ հանեց, որի սայրը՝ կոճակի սեղմումով շխկոցով դուրս թռավ պատյանից: – Վճիռը պարզ է, – կրկնեց նա լայնացած ռունգերով, – ահա այս դանակով ես կսպանեմ և՛ նրան, և՛ ձեզ, և՛ ինձ:
– Լսիր, – անսպասելի կատաղությամբ ասացի ես: – Դու լավ կանեիր՝ սկսեիր հենց քեզնից: Դուրս այստեղից:
Արինան ակամա վեր թռավ տեղից, գլխահակ դուրս վազեց առանձնասենյակից: