Выбрать главу

Հարութը սառնորեն նայեց և, առանց մի խոսք անգամ արտաբերելու, դանդաղ շարժումներով ծալեց սուրսայր դանակը և, խոթելով գրպանը, դռան մոտ մի անգամ ևս ետ նայեց ու դուրս եկավ:

Այո, նոր տարին, իրոք, այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Իսկ փետրվարի քսանմեկի ուշ երեկոյան, միանգամայն անսպասելի, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ Ազեր Մուստաֆազադեն զանգեց: Ազերը մեզ մոտ՝ ռադիոյի ու հեռուստատեսության կոմիտեի ռուսական խմբագրությունում էր աշխատում: Հետո մի կարճ ժամանակ գրողների միության ներկայացուցիչն էր Մոսկվայում, դարձյալ կարճ ժամանակով՝ հանրապետության մամուլի կոմիտեի նախագահի տեղակալն էր: Առաջներում Սիավուշի, նրա ու գրող Սեյրան Սախավաթի հետ մի քանի անգամ եղել էինք ռեստորաններում, նույնիսկ մի անգամ Մոսկվայում էինք հանդիպել, ՑԴԼ-ի ռեստորանում, մտերիմ էինք:

– Լեո, – ասաց Ազերը, – վաղը դու պետք է Ստեփանակերտում լինես: Ռամիզ Մեհթիևն այնտեղ է, կմտնես մարզկոմ՝ նրա մոտ, նա կասի, թե ինչ պետք է անել:

Ռամիզ Մեհթիևը կենտկոմի քարտուղարներից էր, առաջներում նույնպես, պատահել էր, գործ էի ունեցել բարձր ղեկավարության հետ, նույնիսկ մի երկու անգամ Հեյդար Ալիևի հետ էի եղել շրջաններում՝ Ղազախում, Իսմայիլլիիում, Աղդամում ու Մարտունիում և տարօրինակ ոչինչ չէի տեսնում դրա մեջ:

– Լավ, – ասացի, – այսօր ուշ է, վաղը կմեկնեմ:

Սակայն նրա վերջին, հպանցիկ նախադասությունը՝ «Մի քանի ծերուկ բունտ են բարձրացրել այնտեղ, հարկավոր է համոզել, որ ձեռք քաշեն ծերունական զառանցանքներից», – ինձ անհասկանալի մնաց: Նա այդպես էլ ասաց՝ «ծերունական զառացանքներ»:

– Չէ, ի¯նչ ես ասում, – առարկեց Ազերը, – այսօր է պետք ճանապարհվել: Թիֆլիս երկու գնացք է գնում՝ տասնմեկին և մեկ անց կեսին: Կգնաս մինչև Եվլախ, այնտեղից ի՞նչ է մնում՝ մի վաթսուն-յոթանասուն կիլոմետր ճանապարհ:

Ազերի ի միջի այլոց ասած նախադասությունն ինձ հանգիստ չէր տալիս: Մտազբաղ ետուառաջ էի քայլում տանը: Իսկ Ստեփանակերտ մեկնել բոլորովին չէի ուզում: Որոշեցի զանգել գլխավորին, գուցե նա կոնկրետ որևէ բա՞ն գիտի: Գլխավորը չկար: «Վլադիմիրը հենց նոր գնաց, – տխրաձայն ու ափսոսանքով ասաց կինը՝ Գեղեցիկը, – նրան կենտկոմից շտապ Հադրութ ուղարկեցին»: Սկսեցի հավաքել Ազերի հեռախոսահամարը, ուզում էի նրան խնդրել, որ ազատի ինձ այդ հոգսից, սակայն նրա հեռախոսը շարունակ զբաղված էր: Փորձեցի ուրիշ բաժիններ զանգել՝ նույնը, կենտկոմի բոլոր հեռախոսները կա՛մ զբաղված էին, կա՛մ ոչ ոք չէր վերցնում խոսափողը: Գուցե Սիավո՞ւշը որևէ բան իմանա: Ոչ, նա Ստեփանակերտի մասին ոչինչ չգիտեր, ես նրան պատմեցի Ազերի հեռախոսազանգի մասին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնել չեմ ուզում: «Ծերուկ, ես քեզ հասկանում եմ, – ասաց Սիավուշը, – սպասիր, ես քեզ կզանգեմ»: Մի քանի րոպեից նա զանգեց և ասաց, որ Ստեփանակերտում, մարզկոմի շենքի առաջ ցույցեր են տեղի ունենում, պահանջում են Ղարաբաղը միացնել Հայաստանին: «Ես քեզ լավ եմ հասկանում, ծերուկ, – կրկին ասաց Սիավուշը, – բանն այն է, որ քո և՛ գնալն է վատ, և՛ մնալը՝ նայած որ կողմից ես նայում: Ազերը տեղում չէ, խորհրդակցություն է այնտեղ, սեկտորի վարիչ Խեյրուլլա Ալիևի հետ խոսեցի, բացատրեցի նրան բանի էությունը, ասաց, որ կզանգի քեզ»: Եվ, իրոք, քիչ անց Խեյրուլլան զանգեց, ասաց, որ ոչինչ անել հնարավոր չէ, անպայման պետք է մեկնել: «Ոչ մի տեղ չեմ գնա, – հաստատ որոշեցի ես և անջատեցի հեռախոսը, – թող ինչքան ուզում են՝ զանգեն»: Սակայն առավոտյան շուտ ինձ մոտ, տուն եկավ ինքը՝ Խեյրուլլան: Դռան զանգի վրա ես բացեցի դուռը և տեսա նրան՝ հաղթանդամ, ճերմակող ալեխառն մազերով, երկու մետրից քիչ բարձր բոյով:

– Լեո, պետք է մեկնել, – առարկություն չվերցնող տոնով ասաց նա: – Ամբողջ կենտկոմն է մեկնում, քաղբյուրոյից էլ մարդիկ կան, շտապ գնա օդանավակայան, ժամը տասի ռեյսին պիտի հասնես: Իմ մեքենան մինչև «Աերոֆլոտ» կտանի քեզ:

«Աերոֆլոտի» մոտ ես դիտմամբ մի երկու ավտոբուս բաց թողեցի, ուզում էի թռիչքից ուշանալ: Ուշացումով, տասին մի քանի րոպե պակաս, ես արդեն դեպուտատական սրահում էի:

– Տեղ չկա, – ասացին այնտեղ: – Մի հատ տեղ անգամ չկա:

«Ավելի լավ», – մտքում ասացի ես գոհ իմ բախտից: Հենց այդտեղից, դեպուտատական սրահից, զանգեցի կենտկոմ՝ Խեյրուլլա Ալիևին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնող օդանավում տեղ չկա:

– Ի՞նչ է նշանակում՝ տեղ չկա, – զայրացավ Խեյրուլլան: – Լրացուցիչ օդանավ կլինի, հիմա մերոնք էլ կգան, սպասիր, նրանց հետ կմեկնես:

Օդանավում ընդամենը յոթ-ութ հոգով էինք, ինձնից քիչ հեռու կենտկոմի հրահանգիչ Վալերի Աթաջանյանն էր նստած՝ մտախոհ, տխուր տեսքով: Մնացածներն անծանոթ էին, անհոգ կատակներով սուրճ էին խմում, քռքռում:

Իմ տրամադրությունը քիչ բացվեց, երբ օդանավն անցավ Ստեփանակերտի վրայով և գնաց դեպի Խոջալու՝ վայրէջքի, որովհետև ես վերևից տեսա. մարզկոմի առջև, հրապարակում, ոչ ոք չկար: Օդանավակայանում դիմավորողներ կային, նրանք պատմեցին, որ Աղդամի կողմից ադրբեջանցիների մի հոծ բազմություն՝ կացիններով ու դանակներով, բրերով, դաշույններով, մահակներով ու քարերով զինված եկել են Ասկերանի վրա՝ ճանապարհին ավերելով ամեն ինչ, խաղողի այգիներում աշխատող տասնյակ հայերի ծեծել, խոշտանգել են, մի քանի տուն վառել Ասկերանի մոտ, բայց զինվորականներին՝ մոտ հազար հոգով, որոնց այստեղ, լեռնային պայմաններում, զորավարժում էին՝ Աֆղանստան ուղարկելու համար, հաջողվել էր մի կերպ կանգնեցնել խուժանին: Ամենից սարսափելին այն էր, որ երկու ադրբեջանցի էին սպանվել, սպանվողներից մեկի եղբայրը՝ Հաջիև ազգանունով, ասել էր, որ եղբոր վրա կրակողը ադրբեջանցի միլիցիոներ է եղել: