Выбрать главу

Մարզկոմի առջև, հրապարակում, իրոք, մարդ չկար: Մենք բարձրացանք երկրորդ հարկ, այստեղ էին արդեն Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բագիրովը, քաղբյուրոյի անդամ Գեորգի Ռազումովսկին, քաղբյուրոյի անդամության թեկնածու Պյոտր Դեմիչևը, ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ՝ համազգեստով ու առանց համազգեստի: Այստեղ էր Բորիս Կևորկովը: Ես հիշեցի Հուրունցի խոսքերը նրա մասին: Ահ ու սարսափ տարածող այդ մարդը հիմա մարզկոմի նիստերի դահլիճում նստած, վախեցած ու խեղճ այս ու այն կողմ էր նայում՝ հաստ ապակիներով ակնոցը ցուցամատով ստեպ-ստեպ հրելով վեր ու օգնություն հայցող աչքերով նայելով ելույթ ունեցողներին:

Սակայն ոչ ոք չէր խղճում նրան և ոչ ոքի չէին խղճում: Կրակ էր ցայտում ելույթ ունեցողների կրակված շուրթերից:

– Ժողովուրդների բարեկամության շինծու քողի տակ տարիներ ի վեր թշնամանք եք սերմանում իմ ժողովրդի դեմ, – գոչեց բանաստեղծ Վարդան Հակոբյանը Քյամրան Բագիրովի երեսին: – Տարիներ ի վեր սոցիալական կեղեքման ու ազգային հալածանքների եք ենթարկում մարզի աշխատավորությանը: Ի՞նչ բարեկամության մասին է խոսքը, երբ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստում սպառնում է մեզ՝ հարյուր հազար ադրբեջանցիներով ներխուժել Ղարաբաղ և սրի քաշել ողջ բնակչությանը, և որ այդ հարյուր հազարը Ղարաբաղի սահմանագծին պատրաստ կանգնած՝ սպասում է հրամանի: Ուղիղ յոթանասուն տարի առաջ միաչքանի Սուլթանովն էր այդ նույն ձևով սպառնում՝ հարյուր հազար քուրդ ու թաթար խաժամուժով ներխուժել Ղարաբաղ, եթե Ղարաբաղը, ի վերջո, չհամաձայնի կամովին մտնել նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ: Ահա այստեղ ներկա է կուսակցության Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար Հաջիևը, հարցրեք՝ ինչո՞ւ են ավերել քաղաքի հայկական վեց գերեզմանատները, ինչո՞ւ են փշրել Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Ասացեք՝ ինչո՞ւ մեր ազգային հերոս մարշալ Բաղրամյանի մահվան օրը հրավառություն էր Բաքվի փողոցներում, ինչո՞ւ ոչ մի հաղորդում չեղավ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ոչ մի թերթ մի տող անգամ չգրեց այդ մասին: Հակահայ այս քաղաքականությունը մի նպատակ չունի՞ միայն՝ Նախիջևանի նման Ղարաբաղը նույնպես դատարկել հայերից, և մեր մեղքն ա՞յն չէ լոկ, որ դարեր ի վեր հավատարիմ ենք մեր հինավուրց հողին ու ջրին, մեր մայրենի լեզվին ու մեր հավատին: Երկրորդ Նախիջևա՞ն եք ուզում՝ չի լինելու:

– Այս ամբողջը Հեյդար Ալիևի սարքած գործն է, – վերջին շարքերից կատաղի բացականչեց ինչ-որ մեկը:

Բոլորը ետ շրջվեցին. մարզկոմի հրահանգիչ Արմեն Հովհաննիսյանն էր՝ ճերմակած մազերով, նիհարավուն, հուզմունքից այլայլված ու գունատ:

Խոսեց Ռազումովսկին, խոսեց և Դեմիչևը, և այնքան անճարակ էր նրանց խոսքը, և նրանք՝ այնքան անտեղյակ հիմնահարցին, որ ես սարսափեցի մի պահ՝ մի՞թե սրանք ու սրանց նմաններն են տնօրինում մարդկանց ու ժողովուրդների ճակատագիրը, և ես ցավով հասկացա նաև, որ այս խմորը ջուր շատ է տանելու, և որ մեծ արհավիրքներ են սպասում մեզ առջևում:

Երբ դուրս եկանք նիստերի դահլիճից, հրապարակը փոթորկում էր արդեն, տասնյակ հազարավոր մարդիկ գետնին ծնկաչոք աղերսում էին՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»:

Ամբողջ չորս օր՝ գիշեր ու ցերեկ, ես լսում էի նրանց չընդհատվող աղերսը՝ ուղղված քարացած Լենինին, խուլ ու համր պարտիային ու քամելեոն Գորբաչովին:

– Հավատ ընծայել Գորբաչովին, նշանակում է՝ ոչինչ չհասկանալ նրա քաղաքականությունից, – ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝ սակավախոս ու անչափ հաճելի վեհանձն մի անձնավորություն, հեռավոր 1965 թվականին Մոսկվա ուղարկված հայտնի նամակի տակ ստորագրած տասներեք առաքյալներից մեկը, որն այդ ստորագրության համար բազում զրկանքներ կրեց կյանքում: – Երբեմն ուշադիր լսում ես նրա ելույթն ու այդպես էլ չես կարողանում ըմբռնել, թե կոնկրետ ինչի՞ մասին է նրա խոսքը: Ղարաբաղի հարցի հնարավոր լուծումը, ես համոզված եմ, նա դիտավորյալ կտանի փակուղի, որպեսզի վերակառուցման իր սնամեջ գաղափարի կործանումը կապի այդ շարժման հետ՝ իշխանության ու մամուլի ամբողջ ցասումն ուղղելով մեր դեմ:

– Բայց մեզ կենտկոմում խոստացան օգնել, – ներողամիտ տոնով ասաց բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը, ով մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի ու Վարդան Հակոբյանի հետ նոր էր վերադարձել Մոսկվայից և հավատում էր, որ Ղարաբաղի հարցն անպայման արդարացի լուծում կունենա: – Մենք այնտեղ պատմեցինք այն բոլոր անարդարությունների մասին, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար գործադրում է մարզի դեմ: Նրանք ասացին, որ արդարացի է մեր պահանջը:

«Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի առանձնասենյակից երևում էր ալեկոծվող հրապարակը: