– Մոսկվային հավատալու համար կա՛մ չտես պիտի լինել, կա՛մ անմիտ լավատես, – իր կարծիքն ասաց խմբագրության բաժնի վարիչ Նվարդ Ավագյանը: – Մոսկվան դեմ է արցախահայության արդարացի պահանջին, նա ամեն ինչ կգործադրի՝ ձախողելու, վարկաբեկելու այդ շարժումը, որովհետև ինքնորոշման մեր պահանջը փաստորեն մերժում է 1918-1920 թվականներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև 1921 թվի մարտի 16-ի հայադավ ու միանգամայն անարդարացի դաշնագիրը, որը ստորագրվել է ընդամենը 25 տարով՝ մինչև 1946 թվականը: Դրանով իսկ հնարավորություն է ընձեռնվում հասկանալու այդ պայմանագրի էությունը: Վերջ ի վերջո, Մոսկվան ե՞րբ է գնահատել հայի բազմադարյա հավատարմությունն ու նվիրվածությունը, որ հիմա գնահատի: Նայեք, տասնյակ հազարավոր մարդ կա հրապարակում, նրանց մեջ ադրբեջանցիներ կան, ոչ ոք նրանց մի ցուրտ խոսք չի ասում և չի ասի, բայց երեկ Մոսկվան հաղորդում տվեց՝ նրանց բոլորին անվանելով ծայրահեղականներ: Մի՞թե սա արդարություն է:
– Այսօր այստեղ ինձ մոտ էր Լենինգրադի «Ավրորա» ամսագրի աշխատակից Ալեքսանդր Վասիլևսկին, – ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝ հայացքը հրապարակի բազմահազար բազմությանը: – Նա հանդիպել է Ասկերանի մոտ սպանված Ալի Հաջիևի հարազատ եղբոր՝ Արիֆ Հաջիևի հետ: Հաջիևը հաստատել է, որ, իրոք, իր եղբորն ադրբեջանցի միլիցիոներն է սպանել: Եղբոր ընկերոջ՝ Ուլվի Բահրամովի ներկայությամբ է եղել դա: Եղբոր ու միլիցիոների միջև վեճ է ծագել, և միլիցիոները, հանելով ատրճանակը, կրակել է նրա քսաներկուամյա եղբոր կրծքին: Եղբորը սպանող միլիցիոներին Ուլվին չի ճանաչում, ասել է, բայց աղդամցի միլիցիոներին, որը մարդասպանին իր մեքենայով իսկույն դուրս է բերել ամբոխի միջից, լավ ճանաչում է:
– Այդ սպանությունը մի նպատակ ունի միայն, – խոսակցությանը խառնվեց Գուրգեն Գաբրիելյանը: – Լավ հիշեք ասածս, ի պատասխան մեր խաղաղ ցույցերի, հեռուստատեսությամբ կհաղորդվի, որ հայերը երկու ադրբեջանցի են սպանել: Մարզային հիվանդանոցը լցված մեր տասնյակ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվի, մեր ավերված տների, ջարդված ավտոբուսների և այրված մեքենաների մասին նույնպես ոչ մի խոսք չի լինի, բայց սպանության մասին կլինի: Նպատակը պարզ է՝ մեր երկու ժողովուրդներին հանել իրար դեմ, այնուհետև այդ հակամարտությունը վերածել ազգամիջյան կռիվների:
– Իսկ հետո Բաքուն ու Մոսկվան միացյալ ուժերով կսկսեն տեղահանել հայերին, – միանգամայն անսպասելի ասաց ուսուցիչ Վաղարշակ Գաբրիելյանը՝ Քոլատակ գյուղից:
Նա՝ նիհար ու բարձրահասակ, մինչ այդ լուռ կանգնած էր առանձնասենյակի մի անկյունում:
– Եվ մենք ստիպված կլինենք դիմել ինքնապաշտպանության, – ավելացրեց նա հաստատուն տոնով՝ մի տեսակ հարու տալու պես ճակատն առաջ տված, հոնքերի տակից խուզարկու նայելով: – Փրկության ուրիշ ելք չկա: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հողը:
Ես այս խոսակցությունը հիշեցի, երբ երկու օր անց, արդեն Բաքվում, երկաթուղային կայարանից տուն գնալիս տաքսու ադրբեջանցի վարորդն ասաց. «Երեկ ուշ երեկոյան Մոսկվայից հաղորդեցին, որ Ստեփանակերտում երկու ջահել ադրբեջանցի են սպանվել»:
Տուն մտնելուն պես ես զանգեցի մերոնց՝ Սումգայիթ:
– Ամեն ինչ կարգին է, – ասաց մայրս, – քաղկոմի առջև մի քանի տասնյակ մարդ կա, պատուհանից երևում է, խոսում են, բայց ոչինչ չի լսվում: Այդտեղ ինչպե՞ս է, միտինգ բան չկա՞:
– Չէ, ոչ մի փոփոխություն, խաղաղ է, – ասացի ես:
– Ե՞րբ ես գալու:
Ես Ստեփանակերտից զանգահարել էի նրանց, գիտեին, որ այստեղ չեմ եղել: Ասացի, որ նոր եկա, այս շաբաթ չեմ կարող, եկող շաբաթ անպայման կգամ:
Խմբագրությունում ևս ոչ մի փոփոխություն չկար՝ նույն ջուրն էր, նույն ջրաղացը:
– Գլխավորին տեսե՞լ ես, – հարցրեց Լորաննան ծիծաղելով, – գնա տես:
Բացելով գլխավորի առանձնասենյակի դուռը՝ մնացի կանգնած: Գլուխը վիրակապերի մեջ՝ նա ծիծաղելի տեսք ուներ:
– Ի՞նչ է պատահել:
– Էհ, Լեո ջան, մահից եմ փրկվել, – նա ծիծաղելով ելավ տեղից, ընդառաջ եկավ ինձ, – հաշվիր թե նոր եմ ծնվել: Նստիր:
Գլխավորը նստեց իր տեղը, ես՝ նրա դիմաց: Մի աչքը նույնպես վնասվել էր: Ասես ոչ թե ինձ էր նայում, այլ իմ վրայով ինչ-որ տեղ:
– Եվլախում նստեցի Հադրութ մեկնող ավտոբուսը, – սկսեց գլխավորը: – Հանգիստ, խաղաղ եկանք մինչև Աղդամ: Մի քսան-քսանհինգ ջահել լակոտներ, որտեղի՞ց դուրս եկան՝ չհասկացանք: Սկսեցին քարերով խփել. ապակի-բան՝ ջարդվեց, փշուր-փշուր եղավ: Բայց վարորդը, ապրի արևը, չկանգնեցրեց մեքենան, գազը սեղմեց, դուրս պրծավ: Ճանապարհի երկարությամբ, մինչև քաղաքից դուրս կգայինք, այս ու այն կողմից քարապրանուկ էր: Շատ մարդ վիրավորվեց, ես էլ նրանց մեջ, գլուխս երկու տեղից ճղվել է: Հասանք Մարտունի, հիվանդանոցում գլուխս վիրակապեցին, մի քանի հոգու վիճակը ծանր էր, պահեցին հիվանդանոցում: Դու ո՞նց հասար, ի՞նչ արեցիր:
– Կառավարական պատվիրակության կազմում, – ծիծաղեցի ես, – սուրճ խմելով: Ռամիզ Մեհթիևին պիտի տեսնեի, բայց ի՞նչ Մեհթիև, ինչ բան՝ շունը տիրոջը չէր ճանաչում:
– Ճիշտն ասած, նույնիսկ գոհ եմ, որ այս վիճակում եմ, – կամացուկ ասաց գլխավորը:
– Ինչո՞ւ, – չհասկացա ես: