– Դու կարծում ես մեզ ինչի՞ համար են ուղարկել Ղարաբաղ. որպեսզի գանք ու հեռուստատեսությամբ խելքի բերենք իբր բանականությունը կորցրած ղարաբաղցիներին, նրանց շարժումը բնութագրենք որպես ծայրահեղականների և ազգայնամոլների կազմակերպած գործ, այսինքն՝ հաստատենք կենտկոմի քաղբյուրոյի հայադավ որոշումը: Ասա, այս տեսքով ես կարո՞ղ եմ հեռուստատեսությամբ ելույթ ունենալ, – հաղթական ժպիտով ավարտեց գլխավորը:
– Հեռուստատեսությամբ՝ չէ, – ծիծաղեցի, – բայց ռադիոյով կարող ես:
Գլխավորը վախեցած նայեց ինձ.
– Կարգին բան ասա, սիրտս մի ճաքացրու: Արի տես ինչ եմ ասում քեզ. գնա տուն, հեռախոսն անջատիր, մինչև տեսնենք ինչ է դառնում: Որ զանգեն՝ կասեմ չես եկել դեռ: Նայեցի՞ր գիշերվա հաղորդումը:
– Գիշերը ես գնացքում էի, ո՞նց կարող էի նայել:
– Միութենական դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսևը ելույթ ունեցավ: Մի՞թե արժեր աղդամցի այդ երկու պատանու զոհվելու մասին անստույգ տեղեկությունը հայտնել այս պայթուցիկ պահին, ընդ որում՝ նշելով նրանց անուն-ազգանունները, ծննդյան թվերը: Դրա մեջ դիտավորություն չե՞ս տեսնում արդյոք: Ես տեսնում եմ:
– Ես էլ եմ տեսնում, – ասացի ես:
Գլխավորի խորհրդով գնացի տուն: Ռենան, ամենայն հավանականությամբ, ինստիտուտից չի վերադարձել դեռ: Ես անջատեցի հեռախոսը: Միացրի միայն ժամը երեքն անց կեսին, մտածելով, որ նա արդեն տանն է:
– Ալլո: – Ռենան էր:
– Ողջույն, Ռեն, – արտաբերեցի ես հուզմունքով: – Ես եմ: Ինչպե՞ս ես:
– Բարև, – ուշացումով պատասխանեց Ռենան: – Ես հենց նոր մտա տուն: Դու հանձնեցի՞ր ստուգարքը… Վաղը չէ մյուս օրը կհանդիպենք ինստիտուտում: – Նա արագ ցած դրեց հեռախոսը:
Ես ժպտացի Ռենայի հնարամտության վրա: Պարզ է, չէր կարողանում խոսել: «Եղբայրը տանն էր», – մտածեցի: Քանի օր է՝ չէի տեսել, սաստիկ կարոտել էի: «Վաղը չէ մյուս օրը, պարապմունքներից հետո, քեզ կսպասեմ այգու մոտ», – մտովի ասացի ես՝ կրկին անջատելով հեռախոսը: Ամեն անգամ, բժշկական ինստիտուտից ոչ հեռու, այգու մոտ տեսնելով մեքենան, նա մի պահ կանգնում, ժպտալով նայում է, ապա, շտապ անցնելով տրամվայի գծերը, բերանը կիսաբաց, անուշ ժպիտը հրաշագեղ դեմքին, թեթևաքայլ մոտենում է: Ու ամեն անգամ ես ինձ բռնում եմ այն բանում, որ սարսափելիորեն, մթագնման աստիճանի խանդում եմ Ռենային. այնտեղ, ինստիտուտում, որևէ մեկը աչք չի՞ դրել, արդյոք, նրա վրա, ոչ ոք չի՞ սիրահետում նրան, այդ մտքից ես իմ ծնկներում սոսկալի թուլություն եմ զգում, սիրտս անկանոն, արագ-արագ սկսում է զարկել, շնչառությունս կանգ է առնում, արյունս ասես սառչում է… «Ցավետ տանեմ», – սա նրա սիրած ամենօրյա խոսքն է: Այս մի քանի օրվա մեջ երևի միլիոն անգամ մտածել եմ նրա մասին: «Թե իմանայիր ինչքան եմ սիրում քեզ, – դարձյալ մտովի ասացի ես Ռենային, – առանց քեզ օրը տարի է թվում ինձ»:
Տեղական հեռուստատեսությամբ ոչինչ չկար Ղարաբաղի մասին: Բաքվեցի երկու հայ թոշակառու՝ պատերազմի հաշմանդամ Սերգեյ Խաչատուրովն էր մեկը, մյուսը՝ հայերեն «Կոմունիստ» թերթի նախկին աշխատակից Կարո Առաքելովը, իրար ընդհատելով խոսում էին բարեկամության մասին, պատմում, թե իրենք ինչքան երջանիկ են ապրում Ադրբեջանում:
Ճոխ համերգ տրվեց, հայ երգիչներն ադրբեջանական երգեր էին երգում, ադրբեջանցի երգիչները՝ հայկական: Զեյնաբ Խանլարովան երգեց «Նունե» կատակային երգը. «Նունե, Նունե, Նունե, արի ինձի սիրե»: Տարօրինակ էր, բայց հաջորդ օրը երեկոյան նույնպես հայկական համերգ հաղորդվեց: Զեյնաբ Խանլարովան դարձյալ գեղգեղաց նույն երգը. «Հանդիպել եմ շատ շատերին, բայց սիրել եմ իմ Նունեին, իմ Նունեին փախցրին տարան, ես մնացի առանց Նունե»: Ընթերցանությամբ տարված, ուշ պառկեցի քնելու, իսկ առավոտյան արթնացա դռան զանգից: «Մի՞թե նորից Խեյրուլլան է, – անցավ իմ մտքով: – Եթե նա է, կասեմ, որ հենց նոր եկա»: Բարեբախտաբար, նա չէր, Սիավուշն էր: Ես ուրախ բացեցի դուռը:
– Ծերուկ, դու այս մինչև քանի՞սն ես քնում:
– Իսկ քանի՞սն է որ, – զարմացա ես:
– Տասներկուսն անց է՝ քանի՞սն է: Խմելու բան ունե՞ս:
– Առավոտ շուտ ի՞նչ ես անում խմելու բանը: Կոնյակ կխմե՞ս:
– Բեր: «Լիտերատուրնի Ազերբայջան» ամսագրի վերջին համարը չե՞ս նայել:
– Չէ, ի՞նչ կա այնտեղ:
– Իմ բանաստեղծությունների շարքը՝ նվիրված քեզ:
– Շնորհակալ եմ: Ցավում եմ, բայց չեմ կարդացել դեռ:
– Ես մի օրինակ քեզ համար վերցրել եմ, կբերեմ:
Ես սուրճ պատրաստեցի, կոնյակի կիսատ շիշը դրեցի սեղանին:
– Մենակ մի բաժակ, – ասաց Սիավուշը, – ավել չեմ խմի:
Մեկական բաժակ խմեցինք:
– Ծերուկ, դու ե՞րբ ես ինձ սուրճ եփելը սովորեցնելու: Քո պատրաստած սուրճը շատ համով է լինում: Երևանում Հովհաննես Ղուկասյանի տանը նույնպես շատ լավ սուրճ մատուցեցին: Մոխրի թե ավազի մեջ են եփում: Ի միջի այլոց, հայկական մեծ շարք եմ գրել: Երբ գնացել էի Երևան, Թարգմանչաց տոնին, եղանք Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում: Ցնցող տպավորություն թողեց: Այս ամենի մասին բանաստեղծություններ եմ գրել: Կոմիտասի մասին էլ պոեմանման մի բան եմ մտմտում, բայց չգիտեմ ինչպես կստացվի: Լսիր, – հանկարծ ինչ-որ բան հիշելով ասաց Սիավուշը: – Քո հեռախոսը չի՞ աշխատում, ինչ է:
– Աշխատում է: Պարզապես անջատել եմ, որպեսզի չկանչեն ելույթ ունենալու: