Выбрать главу

– Բայց գոնե ինձ ասեիր: Գիտե՞ս ինչքան եմ զանգել քեզ: Ամբողջ երեկոյան: Տեսա՞ր ինչ արեց էդ պոռնիկ Կատուսևը:

– Չեմ տեսել, լսել եմ: Դա չպետք է արվեր:

– Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը: Նրա խիղճը, եթե այդպիսի պոռնիկը կարող է խիղճ ունենալ, շաղախված է անմեղ զոհերի արյամբ:

– Ի՞նչ զոհեր, – զգաստացա ես:

– Ինչ-որ հանրակացարանում, ասում են, ընդհարում է եղել, – խուսափողական ասաց Սիավուշը: – Զոհեր կան:

– Այստեղ՝ Բաքվո՞ւմ:

– Ոչ… Սումգայիթում:

– Ի՞նչ ես ասում, – ես արագ միացրի հեռախոսը, հավաքեցի մերոնց հեռախոսահամարը:

Ոչ ոք չէր պատասխանում:

– Տանը մարդ չկա, – անհանգստացած ասացի ես: – Հետաքրքիր է, ո՞ւր են գնացել:

– Ուզո՞ւմ ես գնանք Սումգայիթ, – անսպասելի առաջարկեց Սիավուշը: – Ծանոթ մի տղա կա՝ Զուլֆուգար Ալիև, այնտեղ, երաժշտական ուսումնարանի տնօրենն է, շարունակ հրավիրում է:

– Գնանք, – ասացի ես: – Փառք աստծո, մեքենան բակում կանգնած է:

– Քո մեքենայով չենք գնա, – վճռական ասաց Սիավուշը, վեր կացավ տեղից, մոտեցավ հեռախոսին, միացրեց: – Սպասիր մի տեղ զանգեմ: – Նա ինչ-որ հեռախոսահամար հավաքեց, քիչ սպասեց: – Այդին, Սիավուշն է, – ասաց նա: – Իհարկե: Կարո՞ղ ենք Սումգայիթ գնալ… Ճիշտն ասած, եթե հնարավոր լիներ, քեզ չէի անհանգստացնի: Շնորհակալ եմ: Վագիֆի փողոց, 30: Եղավ… Ուրիշ մեքենայով կգնանք, – դառնալով ինձ՝ ավելացրեց Սիավուշը: – Շուտով կգա:

– Ես ճանաչո՞ւմ եմ նրան:

– Չէ, ես էլ նոր եմ ծանոթացել: Գիրք է գրել՝ չեկիստների կյանքից, թարգմանում եմ ռուսերեն: Մոսկվայում պիտի տպագրվի, թեմատիկ պլանում կա, վավերագրական պատմվածքներ են ու մի վիպակ: Բարձր պաշտոն ունի, բայց հրաշալի տղա է:

Մենք կրկին սուրճ խմեցինք, սպասելով Այդինին: Փողոցից մեքենայի ազդանշան լսելով՝ հասկացանք, որ նա է:

– Եկավ: Գնացինք:

Այդինը՝ բարձրաբերձ, թխադեմ, համակրելի դիմագծերով, մեքենայից արագ դուրս ելավ մեզ ընդառաջ, ծանոթացանք: Մեքենա նստելիս ես նկատեցի, որ նա, ձախ գոտկատեղից քիչ բարձր, ատրճանակ է կրում:

Քաղաքից դուրս, Բալաջարից հետո, Խրդալանից անմիջապես այն կողմ, ամբողջ ճանապարհին, ընդհուպ մինչև այնտեղ, ուր Բաքու-Ռոստով մայրուղուց մի ճանապարհ անջատվում, թեքվում է դեպի աջ՝ Սումգայիթ, զինվորական ստորաբաժանումներ էին կանգնած, տանկեր ու զրահամեքենաներ, կանաչագույն ծածկով բեռնատար մեքենաներ՝ թափքերի աջ և ձախ կողմերին նստած զինվորներով, հրասայլեր:

– Ինչո՞ւ են սրանք այսպես կանգնած, – հարցրեցի ես: – Զորավարժություննե՞ր են, ինչ է:

– Լեո, – գրկելով իմ ուսը անսպասելի ասաց Սիավուշը մի տեսակ փոխված ձայնով, և նրա ձայնից ու տոնից ես հասկացա, որ ինչ-որ ծանր, դաժան բան պիտի ասի նա, ես ներքուստ զգացի դա, և ցուրտ մի դող անցավ իմ մարմնով: – Սումգայիթում վատ բաներ են կատարվում:

– Ի՞նչ վատ բաներ, – հարցրի՝ ինքս անգամ չլսելով իմ ձայնը:

– Անկարգություններ են այնտեղ: Զոհեր կան: Բայց ձերոնք լավ են, – փորձեց մխիթարել Սիավուշը: – Քեզ գտնել չէի կարողանում… Կարծում էի դու էլ Սումգայիթում ես, տաքսիով հասա մինչև Ջեյրանբաթան, բայց պահակակետում դեն անցնել չթողեցին, քաղաքացիական մեքենաները ետ էին տալիս: Այդինին գտա, միասին գնացինք: Նրա մեքենան չեն կանգնեցնում: Ուզում էի քաղաք բերել, մայրիկդ չհամաձայնվեց…

– Նրանք որտե՞ղ են հիմա, – Սիավուշի ասածներն ինձ չէին հաս-նում: – Դու եղա՞ր մեր տանը:

Սիավուշի հետ առաջ եղել էինք մեր տանը, նա գիտեր, որ քաղկոմի մոտ են ապրում իմ ծնողները:

– Տանը եղել եմ, բայց… բոլոր հայերը հիմա պանսիոնատներում են, մի մասն էլ քաղկոմում են ու քաղկոմի դիմաց՝ կաուչուկի գործարանի ակումբում…

Մեքենան մտավ քաղաք, այս ու այնտեղ փշրված մեքենաներ էին՝ բազմաթիվ վառված մեքենաներ, որոնցից դեռևս ծուխ էր բարձրանում, կողքի ընկած ավտոբուսներ կային՝ լրիվ սև, ավտոկայանի մոտ շուռ տված կրպակներ՝ ջարդված ապակիներով:

Մտանք Խաղաղության փողոց: Մի շարք տների ապակիները՝ նույնպես ջարդված: Փողոցում վառված կահույքի մնացորդներ կային թափված, հեռուստացույցներ, այրված ներքնակներ, որոնք նույնպես մխում էին, մանկական իրեր կային ընկած ու նաև սառնարաններ, որ վերևի հարկերից էին, երևի, ցած գցել:

– Այս ի՞նչ է կատարվել այստեղ, – հազիվ լսելի ասացի ես՝ շշմած ու սարսափած:

Իրար ետևից զրահամեքենաներ էին անցնում:

– Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր այսպիսի բան պատահել, – ի վերջո ասաց Այդինը, որն ամբողջ ճանապարհին լուռ էր: – Քսաներորդ դարի վերջում նախնադարյան այսպիսի բարբարոսություն՝ անհնարին է հավատալ:

Խաղաղության ու Բարեկամության փողոցների խաչմերուկում զրահամեքենաներ էին կանգնած, իսկ բակերի խորքում, ես դա տեսա, ամբոխն ինչ-որ իրերի կույտ էր վառում:

Թեքվելով աջ, անցանք կենտրոնական փոստի մոտով, հատելով տրամվայի գծերը, մտանք քաղկոմի հրապարակը՝ շրջապատված հարյուրավոր զինվորներով ու տասնյակ զրահամեքենաներով: Օտար մեքենաների մուտքն այստեղ արգելված էր, բայց Այդինին ոչ ոք չկանգնեցրեց:

– Լեո, դու մտիր քաղկոմ, մենք հիմա կգանք, – ասաց Սիավուշը, երբ մեքենան կանգ առավ քաղկոմի շենքի առջև: