Выбрать главу

Ես դուրս եկա մեքենայից, մտածելով, որ ծնողներս, հավանաբար, այստեղ՝ քաղկոմում են:

Օդը չէր հերիքում: Ես մտա ներս ու մնացի դռների մոտ կանգնած. ամենուր՝ աղմուկ-աղաղակ, գետնին, քարե սանդուղքներին ու լուսամուտագոգերին, մարդիկ էին տեղավորված՝ ծեծված, վիրավոր, նստած, կիսաթեք պառկած՝ կիսամերկ, շատերը հողաթափերով, շատերը ոտաբոբիկ, խալաթով ու գիշերանոցով, արյունած ուռած դեմքերով: Ես երկար մնացի կանգնած՝ այդ դժոխքի դեմ հանդիման: Ինչ-որ մեկը՝ ջահել մի աղջիկ, լալիս, ցնցվում էր խուլ հեկեկանքից: Դանդաղ առաջանալով՝ ես աչքերով որոնում էի մերոնց: Հարյուրավոր մարդկանց արանքներով մի կերպ անցնելով՝ հասա մինչև չորրորդ հարկ: Բայց այդպես էլ չգտա մերոնց:

– Իջեք երկրորդ հարկ, – խորհուրդ տվեց ինձ ռուս մի կին՝ դեմքին սև կապտուկներ ու այտույցներ: – Նրանց մոտ ցուցակներ կան, գուցե ցուցակներով գտնեք:

Քաղկոմի առաջին քարտուղար Ջհանգիր Մուսլիմզադեի առանձնասենյակը նույնպես երկրորդ հարկում էր: Ընդունարանը ևս լցված էր այդ նույն մարդկանցով: Ոմանք լաց լինելով, ոմանք հազիվ կարողանալով ոտքի վրա կանգնել, սպասում էին հերթի: Ես նույնպես հերթ բռնեցի: Դռների մոտ միլիցիոներները սաստում էին նրանց լռել՝ սպառնալով դուրս հանել ընդունարանից: Դռան արանքից երևաց մի երկար սեղան, սեղանի գլխավերևում՝ Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահ Հասան Սեիդովը. ես նրան դեմքով ճանաչում էի: Ուրիշ մարդիկ էլ կային ներսում:

– Ծննդատնից ոչ մի երեխա չեն նետել, – հեռախոսով բացատրում էր նա ինչ-որ մեկին, – դրանք մանկական խաղալիքներ են եղել:

Իսկ թե մանկական խաղալիքներն ինչ կապ ունեին ծննդատան հետ՝ անհասկանալի էր:

– Այս քաղաքը ես ահա այս ձեռքերով եմ կառուցել, – քիչ անց ասաց նրա առաջ կանգնած հիսունամյա մի մարդ: – Տասնյոթ տարեկանից կառուցում եմ, հիսուներկու տարեկան եմ, հաշվեք՝ ինչքա՞ն է անում՝ երեսունհինգ տարի: Ես երեսունհինգ տարի ձեզ համար տներ եմ կառուցել, դրա դիմաց ընդամենը մի խնդրանք ունեմ ձեզնից, ուզում եմ իմ մեքենայով Ստավրոպոլ գնալ, գազաններից հեռանալ, մարդկանց մոտ գնալ: Այնտեղ եմ ուզում գնալ, օգնեցեք ինձ գնամ:

– Դու ինչ է, տղամա՞րդ չես, – ձայնը բարձրացրեց Սեիդովը: – Չե՞ս կարող քո մեքենայով գնալ: Դու պետք է, որ տղամարդու սիրտ ունենաս: Քսան հազար հայ է ապրում Սումգայիթում, հո բոլորին մեկ-մեկ չպիտի՞ ուղեկցենք: Ոչ մի օգնություն չի լինի, գնացեք ինչպես ուզում եք:

– Դու մինիստր չես, սարի չոբան ես, – գոռաց մարդը և ուշակորույս ընկավ հատակին:

Միլիցիոներներից երկուսը հապշտապ վազելով մտան ներս, մարդուն դուրս հանեցին ընդունարան, այնտեղից էլ՝ միջանցք: Քիչ անց նա ուշքի եկավ, հենց գետնին նստած, մեջքով հենված պատին, զսպված հեկեկանքով լաց եղավ: Դեմքն ամբողջովին խոշտանգված, այլանդակված էր, սև այտուցներից օղակներով շրջանակված կոպերի տակ աչքի մեկը համարյա չէր երևում, ճակատին երկու տեղ պատռվածք կար, շորերին ու գլխին՝ սև, չորացած արյուն: Ճակատից մինչև այտոսկորն ու քթից՝ քունքը, սևագորշ կապտուկ էր տարածված:

– Էհ, էս ոնց որ թե Բարմենն է, – քիչ առաջ թեքված, ուշադիր նայելով նրան, ասաց երեսունամյա մի տղամարդ: – Դե, իհարկե, Բարմենն է, Բեդյան Բարմենը: Միասին աշխատել ենք: Բարմեն, դո՞ւ ես, – ավելի թեքվելով նրա վրա՝ հարցրեց տղան:

– Հա, ես եմ: – Բարմենը կապտուկներով դեմքը շրջած (աչքի մեկը, հավանաբար, չէր տեսնում) թեքվեց ձայնի ուղղությամբ: – Կոստյա, դո՞ւ էլ ես էստեղ, – ասաց նա ու փղձկաց: – Տեսա՞ր մեր հայերին ինչ արեցին, – գլուխն օրորելով ասաց նա: – Մարդ չեն, գազան են, վայրենի գազան, գազանից էլ բեթար: Ինչ արեցին մեր ժողովրդի հետ, աղքատ ու չարքաշ մեր բանվոր ժողովրդին կոտորեցին՝ հեր, մեր, տղա, աղջիկ, պատվազրկեցին, ոչխարի պես մորթոտեցին, շատերին սաղ-սաղ այրեցին… Դու վրացի ես, Կոստյա, կարող է քեզ ոչինչ չանեն, բայց կինդ հայ է…

– Իմ վիճակն էլ լավ չի, Բարմեն, քաղաքում կոտորածը շարունակվում է, միլիցիայի աշխատողները, բանդիտների հետ միացած, թալանում ու կոտորում են, զինվորականներն էլ չեն խառնվում, ասում են՝ հրաման չկա:

– Բոլորին կոտորելուց հետո հրամանը կլինի, – ասաց ինչ-որ մեկը: – Այս ամբողջը նախօրոք պլանավորված էր, Մոսկվայի ու Բաքվի թուլտվությամբ է արվում: Ես խուժանից մի կերպ պրծա, փախա, միլիցիայի մեքենա էր գալիս, ուրախացա, երբ մեքենան կանգ առավ: Վազելով մոտեցա և այն պահին, երբ ձեռքս մեկնեցի դռան բռնակին, մեքենան պոկվեց տեղից: Իսկ մեր կողքի հարևան Վագիֆն ու իր քույր Սաբիրգյուլն առաջին հարկի լուսամուտից գոռում էին. «Բռնեք, սպանեք»:

– Իսկ ինձ միլիցիան բռնեց, հանձնեց խուժանին, – ասաց Բարմենը: – Ես առաջին հարկից տեսա, թե ինչպես էդ խաժամուժը մտավ բակ, տան տակ ներքնահարկ ունենք, մուտք կա էդտեղի վրա, մերոնց բոլորին արագ իջեցրի ներքև, հնամաշ կարպետը գցեցի հատակին ու էդ պահին դուռը ջարդելով ներս մտան՝ տասը-տասնհինգ հոգով ու միանգամից գիշատիչ անգղների պես թափվեցին վրաս… Միջանցքի պատին սեղմած՝ կատաղի խփում էին, բայց ես ձեն չէի հանում, ամենից շատ վախենում էի տղաս ձայնս լսի, չհամբերի, դուրս գա, ընկնի գազանների ձեռքն ու մյուսների կյանքն էլ դնի վտանգի տակ: Ատամներս սեղմած դիմանում էի, մտածելով, որ հիմա կսպանեն ու մի բան էի ուզում մենակ, որ եթե սպանում են, թող փողոցում սպանեն, միայն թե մերոնք ոչինչ չլսեն: Էդ վայրենի բարբարոսների անողոք հարվածների տակ կիսաթեք՝ ես ինձ մի կերպ գցեցի բակ ու փախա՝ ոհմակը տանելով իմ հետևից: Ծեծված, աչքիս մեկն արյունով լցված փախչում էի, ամբոխը գոռում էր. «Բռնեք, վախկոտ հայ է, բռնեք»: Երկու միլիցիոներ բռնեցին, ծիծաղելով հանձնեցին խուժանին, մի վեդրո արյուն կորցրի էնտեղ: Նրանց թվաց՝ մեռած եմ, թողին գնացին: Մի ռուս պառավ կնիկ վախվխելով օգնեց, վեր կեցա, քարշ գալով հասա հիվանդանոց, ինչքան բուժքրոջը խնդրեցի՝ թույլ տա զանգեմ մերոնց, չգիտեի՝ սա՞ղ են, թե մեռած, չթողեց… Ամեն ինչ հատուկ կազմակերպած էր: