Выбрать главу

– Այո, կազմակերպված էր, – հաստատեց վրացի Կոստյան: – Դեռևս փետրվարի քսանմեկին իմ աշխատանքային ընկերներիցս մեկը՝ Իլհամ Հումմաթովը, ասաց, որ ամսի վերջին հայերի դեմ ուղված մեծ ցույց է լինելու: Նրանք նախօրոք պատրաստվում էին, մեր գործարանում հատուկ կարգադրությամբ դանակներ, կացիններ ու մետաղաձողեր են պատրաստել, միկրոշրջաններում ինչ-որ տեղից ինքնաթափ մեքենաներով գետաքարեր են բերել թափել, տոննաներով բենզին բաժանել: Ադրբեջանցի վարորդներն ամբոխի մոտով անցնելիս երեք անգամ ազդանշան են տալիս, ձեռքը հանում, դա նշանակում է, որ յուրային է, բացի այդ, երեկոյան բոլոր ադրբեջանցիներն իրենց տներում լույսերը չպիտի մարեին: Սա չի նշանակո՞ւմ, որ ամեն ինչ կազմակերպված էր: Ես տեսա առաջին զոհին, – շարունակեց Կոստյան, – ես այստեղ, հրապարակում էի: Քաղկոմի երկրորդ քարտուղար Մալաք Բայրամովան ելույթ ունեցավ, ասաց որ հայերին կոտորել պետք չի, թողեք հեռանան, նրանց տներն ու ունեցվածքը կմնան ձեզ, բայց իրենք թող հեռանան: Մինչև նա, Ղափանից եկած մեկը ելույթ ունեցավ, այսինքն՝ իբր թե Ղափանից եկած: Բայց ոնց որ թե դերասան էր, դերասանի նման անգիր արած ասում էր: Ասաց, որ Ղափանում հայերն իր մորը մորթել են, մորթել են նաև կնոջ հորն ու մորը, բնակարաններն ու ունեցվածքը գրավել են, ասաց: Երկար դեմքով էր, սև ակնոցով, փոքր միրուք ուներ, բարակ բեղեր: Լայքայե թիկնոցով էր: Հետո Մուսլիմզադեն եկավ: Դա հաջորդ օրն էր: Ղափանցին դարձյալ ելույթ ունեցավ, կրկնեց նույնը: Բայց ավելացրեց, որ Ղափանում ադրբեջանուհիների հանրակացարան կա, հայերը, իբր, ներխուժել են այդ հանրակացարան, բռնաբարել ադրբեջանուհիներին, կտրել նրանց կրծքերը: Վերջում նա գոչեց. «Դուրս հայերին ադրբեջանական հողից: Փառք Թուրքիային»: Թե Թուրքիան ի՞նչ կապ ուներ այստեղ՝ անհասկանալի էր: Մուսլիմզադեն համարյա բառացի կրկնեց Բայրամովայի խոսքերը, ավելացրեց, որ Գորբաչովն ադրբեջանական ժողովրդի կողմն է: «Խնդրում եմ, – ասաց նա, – որպես մուսուլման, խնդրում եմ՝ թողեք հայերը հեռանան մեր քաղաքից»: Հրապարակը ցնծում էր, որովհետև, եթե մինչ այդ վախենում էին, թե իրենց կճնշեն այդ ցույցերի համար, այժմ պարզ տեսնում էին, որ ոչ մի ճնշում էլ չի լինելու, ընդհակառակը, քաղկոմի առաջին քարտուղարը ոչ թե սպառնում, այլ խնդրում է: Դրա համար էր ցնծում հրապարակը: Ինչ-որ մեկը գոռաց ամբոխի միջից. «Միքայիլ Մեհմեդ օղլի Գարբոչովա էշգ օլսուն*»: Մուսլիմզադեն, չգիտես ինչու, խոսեց նաև տասնհինգ թվականի կոտորածների մասին, ասաց, որ ռուս-թուրքական բոլոր կռիվների ժամանակ հայերը միշտ դավաճանել են թուրքերին, անցել ռուսների կողմը, հարյուրավոր զինված ջոկատներով օգնել նրանց: Եվ դրա համար, ասաց, տասնհինգ թվականին ստացան իրենց արժանի պատիժը: Հետո նա իջավ ամբիոնից, վերցրեց ադրբեջանական դրոշը և քայլեց ամբոխի առջևից: Հենց այդտեղ, հրապարակի մոտ, սպանվեց առաջին հայը: Երկու հոգով էին նրանք՝ մեկը ջահել էր, տասնութ-քսան տարեկան, փախավ դեպի չորրորդ թաղամաս, դեպի Նարիմանովի փողոց, իսկ մյուսը՝ մեծահասակ մարդ, մնաց գետնին փռված:

Կոստյան մի կարճ պահ լռեց, ասաց.

– Այդ ղափանցուն ես դարձյալ տեսա: Պարզվեց, որ ղափանցի չէ, հայաստանցի քուրդ է, միջնակարգ դպրոցի դիրեկտոր, անունն էլ

*Փառք Միքայիլ Մեհմեդ օղլի Գորբոչովին (ադրբ.)

Խըդըր Ալոև: Խուժանը նրա գլխավորությամբ ջարդում էր կրպակները, ավերում խանութները, տներն էին խուժում, սպանում հայերին: Ես զանգեցի քաղկոմ. «Ի՞նչ անենք», – ասում եմ: Կարծում էին՝ հայ եմ. «Գնացեք քաղաքից», – ասում են: «Ինչպե՞ս գնանք, –

ասում եմ, – օգնեք»: «Ինչպես ուզում եք, այնպես էլ գնացեք, – ասում են, – դրեք հեռախոսը, ասում են, օդը մի աղտոտեք»: Ես իմ ընտանիքը տարա ընկերոջս՝ Ադիլ Ալիզադեի տուն, նրա տանը մի ուրիշ հայի ընտանիք էլ կար: Հետո իմացել էին, թե կասկածել էին՝ չգիտեմ, Ադիլին ասել էին՝ գլուխդ պոկելու ենք: Մի խոսքով, Ադիլի հետ զինվեցինք սառը զենքով, գնացինք գործարան՝ բացակայության թույլտվություն վերցնելու: Հին երկաթուղային կայարանի մոտ երկու այրված «Իկարուս» տեսանք, մի այրված միկրոավտոբուս էլ կար, հետո մի «Ժիգուլի» տեսանք՝ ներսից ու դրսից վառված՝ մեջը այրված մի մարդ: Քիչ այն կողմ, եղեգների մեջ, մի ուրիշ «Ժիգուլի»՝ էլի վառված: