Выбрать главу

– Հա, չլսեց, չլսեց ինձ, – դառնությամբ ասաց մայրս քիչ հանգստացած, երբ մեքենան դուրս եկավ մայրուղի և սլացավ դեպի Բաքու: – Ախր, տեսնում էր, թե ինչ է կատարվում հրապարակում: Այնտեղ, ձեռքներին դրոշակներ բռնած, գոռգոռում էին՝ «Մահ հայերին»: Բոլորի առջևից քառասուն-քառասունհինգ տարեկան, մոխրագույն վերարկուով մի մարդ էր գնում, նա ինչ-որ բան էր ասում և բոլորը՝ ջահել տղաներ, նրա ետևից գոռում էին՝ «Ղարաբաղը չենք տա», «Մորթեք հայերին», «Կեցցե Թուրքիան»: Էսպես գոռում, բղավում էին, հետո էլ «ուռա» էին գոռում: Իսկ մարդիկ անընդհատ գալիս էին ու գալիս՝ գործարաններից, ֆաբրիկաներից, ուսումնարաններից, դրանց մեջ կանայք էլ կային: Այդ կանանցից մեկը, հետո իմացանք, թատրոնի դերասանուհի էր, սկսեց խոսել: Ավելի շուտ՝ գոռգոռում էր. «Էնտեղ մերոնց տկլորացնում են, ասում էր, սպանում, բռնաբարում են, դուք տղամարդ չեք, մերոնց սպանում են, իսկ էստեղ լռում եք»: Էդպես մարդկանց գրգռում էին, իսկ ես մի բան էի մտածում միայն, հանկարծ երեխաս, Լեոն այսինքս, չգա Բաքվից, չնայած ասել էր, որ էս շաբաթ չի գալու, բայց վախենում էի՝ կլսի ու կգա: Մի խոսքով, Սիավուշ եղբայր, մարդիկ գալիս են ու գալիս, իսկ ես վախեցած դես ու դեն եմ ընկնում: Դուրս եկա պատշգամբ, մյուս պատշգամբում էլ մեր հարևան ադրբեջանուհին է կանգնած: Ասում եմ՝ «Էս ի՞նչ բան է, ի՞նչ է պատահել»: Նա ասում է. «Ես էլ չգիտեմ ինչ է եղել»: Դեմքին գույն չկար, նա էլ ինձ նման հուզված էր: Նրանց՝ էդ տղաների ձեռքներին փայլուն բաներ կային, բոլորը նույն չափսի, հետո իմացանք՝ հատուկ պատրաստած, միջնամատի հաստության սրած երկաթե ձողեր էին, համարյա ամեն մեկի ձեռքին էլ կար: Գալիս էին ու էդ ձողերը թափահարելով գոռգոռում էին, առջևից գնացողն էլ, ոնց որ դրանց ղեկավարը, ձեռքին ձող ուներ: Մի տասը-տասնհինգ րոպեից ամուսինս եկավ: Հենց նա տուն մտավ, ասացի. «Վույ, վախենում եմ, մեզ սպանելու են»: Իսկ նա ասում է. «Ինչի՞ց ես վախենում, պրոֆտեխուսումնարաններում սովորող երեխեք են, վախենալու բան չկա»: Նա հաց էլ չկերավ, մի գիրք վերցրեց, գնաց դիվանին պառկեց: Էն որ բակում գցած էր, էդ դիվանին, ու էդ ժամանակ հեռուստացույցով հաղորդեցին, որ Ղարաբաղում, Ասկերանի մոտ հայերը երկու ադրբեջանցի են սպանել՝ մեկը քսաներկու, մյուսը՝ տասնվեց տարեկան: Ամուսինս ջղայնացավ, գիրքը մի կողմ գցեց: Նա հասկացավ, երևի, որ դա կազմակերպված բան է՝ էդ հաղորդումը: Ինձ բան չասաց, բայց տեսա՝ գույնը գցեց: Ես ինձ կորցրի: «Մեզ սպանելու են», – ասում եմ, իսկ նա էլի նույնը՝ «Ոչինչ չի լինի, մի վախենա»: Էդ հաղորդումից հետո հրապարակում կանայք սկսեցին ճվճվալ, չգիտեմ ինչ էին գոռում, ամուսինս պատուհանը փակեց: Էլ ոչինչ չէր լսվում: Հետո կարծես թե ամեն ինչ խաղաղվեց, բայց քնել չկարողացա: Մինչև գիշերվա երեքը պատուհանի մոտ կանգնած էի, հազար ու մի բան էի մտածում: Հեռախոսներն անջատված էին, ոչ մի տեղ հնարավոր չէր զանգել: – Մայրս շունչ քաշեց:

Սիավուշը սիգարետը սիգարետից վառելով լուռ լսում էր՝ սիգարետի ծուխը պատուհանի ապակու վրայից դուրս փչելով: Ես մտքով հորս հետ էի, փակ աչքերով տեսնում էի նրան՝ դյուրահավատ, անմեղ ժպիտով, և սիրտս մղկտում էր նրա կարոտից ու իմ անզորությունից:

– Հաջորդ օրը, այ Սիավուշ եղբայր, ամուսինս վեր կացավ, թեյ խմեց, ուզում էր դուրս գալ, ասացի. «Այ մարդ, ո՞ւր ես գնում, մի գնա»: Չլսեց: «Գործ կա, ասում է, պետք է գնամ»: «Դու քո ասածին ես, ասում եմ, որ ասել ես՝ գնալու ես, բայց գոնե մի անգամ լսիր ինձ, մեքենան մի հանիր գարաժից, մեքենայով մի գնա»: Իսկ նա ասում է. «Էհ, դուռը փակիր»: Հետո աստիճանների վրա էլի ինչ-որ բան ասաց, չգիտեմ՝ վախկոտ անվանեց, թե ինչ՝ չլսեցի, ու գնաց: Ու էն գնալն էր: – Մայրս լուռ փղձկաց: – Մինչև ժամը մեկը մեզ մոտ ոնց որ խաղաղ էր, հարևանուհին ասաց, որ երեկ իրիկունը շատ տներ են ավերել, և դա հիմա էլ շարունակվում է, ասաց: «Ավտոկայանում, ասում է, մեքենաներ են վառում»: Ես հարցնում եմ. «Մե՞րն էլ»: «Չէ, չէ, չէ, ասում է, դրանք պետական մեքենաներ են, ավտոբուսներ»: Բայց ամուսինս չկա ու չկա: Արդեն ժամը հինգն էր, վեցը՝ չկա: Յոթը դառավ, բայց էլի չկա: «Չէ, սպանել են», մտածում եմ: Քաղաքում մեքենաների դողեր էին վառում, սև ծուխը բռնել էր շուրջը, երկինքը՝ մթնել: Պատշգամբում կանգնել, դողում եմ, ամբողջ մարմնով դողում եմ: Վայ, աստված, մտածում եմ, ամուսնուս սպանել են, հաստատ սպանել են, մտածում եմ: Ժամը քանիսն էր, չեմ հիշում, տեսնեմ մեր դիմացի շենքի երկրորդ հարկից տան եղած-չեղածը թափում են ներքև: Ներքևում էդ բոլորը վառում են, իսկ միլիցիոներները՝ մի տասը-տասնհինգ հոգի, կամ գուցե ավելի, կանգնած նայում են, ծիծաղում: Ու զարմանալի բան: Նրանք՝ էդ տղաները, բոլորն էլ սև էին հագած: Սև, մուգ գույնի շորեր: Գուցե էն նպատակով, որ չշփոթեն իրար, կամ գուցե որ բոլորն ընկալվեն որպես ինչ-որ սև, չարագույժ զանգված և անհնարին լինի առանձին մարդկանց մտապահել, չգիտեմ: Հեռուստացույց նետեցին ցած, ոնց ռումբ պայթեց: Մեր երրորդ հարկի ադրբեջանցի հարևանուհին՝ Խանում Իսմայլովան, դուրս եկավ պատշգամբ ու գոռաց. «Էս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք վառում, մարդիկ իրենց բերանից կտրել են, որ տուն-տեղ դնեն: Ինչո՞ւ եք վառում»: Իսկ ներքևից նրա վրա գոռում են. «Դու ավելի լավ է ասա՝ դրանցից էդտեղ ապրո՞ւմ են, թե չէ»: Նրանք մեզ՝ հայերիս նկատի ունեին: «Չէ, չէ, չէ, չկան»: Հետո վազելով եկավ ինձ մոտ, ասում է. «Բանալիները տուր ինձ, գնա, մեզ մոտ, որ եկան՝ կասեմ քրոջս բնակարանն է, կասեմ նրանք հյուր են գնացել»: Ես բանալիները նրան տվի, գնացի նրա տուն: Իսկ այդ ժամանակ մեր բակում երկու եղբոր միասին սպանեցին: Լեոն գիտի նրանց՝ Վալերան ու Ալիկը: Չդիմացա, իջա բակ, տեսա մեր հարևանի տղան կանգնած: Ադրբեջանցի է: «Արի, ասում եմ, գնանք գարաժը նայենք, գուցե ամուսինս էնտեղ մեռած-ընկած է»: Նա ինձ չթողեց, ինքը գնաց, ետ եկավ, ասում է. «Էնտեղ մարդ չկա, գարաժը փակ է: Ալիկին արդեն սպանեցին, ասում է, իսկ Վալերան էնտեղ խրխռացնում է»: Անհեր մեծացած խելոք երեխեք: Ուզեցել է մոտենալ, օգնել Վալերային, մոտ ընկերներ են եղել, ախր, չէին թողել: Իսկ միլիցիան նայում էր ու հրհռում: Ես բարձրացա տուն՝ Խանումի մոտ: Հետո խուժանը վազելով մտավ մեր մուտքը: Լենա Ավանեսյանը մեր մուտքում էր ապրում, նրանց դուռը ջարդեցին, ամանեղենի փշրվելու ձայն լսեցինք, ճիչ ու ծվվոց էր, ասես ամբողջ շենքը ցնցվում էր: Լենային ու նրա ամուսնուն՝ Սաշիկին, քարշ տալով հանեցին փողոց: Խփում էին մահակներով, երկաթե էդ ձողերով: Մենք լսում էինք, մի հարկ ներքև ավերածություն էր, նրանց աղջիկը՝ Իրան, նրա ծննդյան օրն էր այդ օրը, գզգզված դուրս եկավ պատշգամբ, այլայլված, դանակը ձեռքին: «Մոտ չգաս, – գոռում էր նա ինչ-որ մեկին, – մոտ չգաս»: Իսկ մարդիկ կանգնած նայում էին, ոնց որ գեղարվեստական կինո, ու ոչ մի տղամարդ չէր ասում՝ «Էդ ի՞նչ եք անում, ամո՞թ չի ձեզ, դուք գազանից ինչո՞վ եք տարբերվում»: Հետո իմացանք, որ Իրային ու երկու քույրերին տասը-քսան հոգով բռնաբարել էին, տկլոր հանեցին փողոց: Նրանք Բաքվից հյուրեր էին ունեցել, չէին կարողացել վերադառնալ, որովհետև ավտոկայանն արդեն փակ էր: Հյուր եկած աղջկան, անունը Աիդա, նույնպես բռնաբարել էին, դանակը խրել փորը, ներբանները կտրել, ականջօղերը մսի հետ պոկել: Եվ այդ ամենը հոր աչքի առաջ, ու նրանց մեջ՝ քառասուն-հիսուն տարեկան մարդիկ, և քսանհինգերորդ դպրոցի դիրեկտոր Խըդըր Ալոևն էլ նրանց հետ, իսկ հորը չէին սպանել, ասել էին՝ «Էդքանը դրան հերիք է, թող տանջվի»: Նրանց բոլորին զինվորականները փրկեցին: Զինվորներից մեկը, տեսնելով նրանց էդ վիճակում, ուշաթափվել էր: