– Իսկ քեռի Աբբասը չի՞ երևացել, – երկար լռությունից հետո հարցրեցի ես:
– Քեռի Աբբասը հիվանդանոցում պառկած էր՝ վերակենդանացման բաժնում: Հենց առաջին իրիկունը «Բահար» ռեստորանի մոտ խուժանը հարձակվել էր տրոլեյբուսի վրա, պահանջել, որ հայերն իջնեն: Կռվի մեջ էր մտել՝ հայերին պաշտպանել, երկաթե ձողով մի քանի անգամ խփել էին, երկու օր ուշքի չէր եկել: Ձեռքն էլ կոտրված է: Բա նա հորդ մենակ կթողնե՞ր որ… Էդպես էր, լավերը տուժում էին, վատերն՝ օգտվում: Աստված քոռ է, չի տեսնում, որպեսզի մարդկանց ըստ իրենց սրտի գնահատի, լավին՝ լավ, վատին՝ վատ, բայց դե, տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է անում:
– Լեո, ընդունիր իմ ցավակցությունը, – բաժանվելիս ասաց Սիավուշը, – և իմացած եղիր, որ Սումգայիթի այս հրեշավոր ոճրագործությունն ադրբեջանական ժողովուրդը չի կազմակերպել, այլ կուսակցական-կառավարական ադրբեջանական մաֆիան՝ հենվելով խաժամուժի վրա: Ազգայնական կուսակցական այդ մաֆիայի թիկունքին կանգնած է կենտրոնական համամիութենականը: Բոլոր նշաններով հանգամանորեն կազմակերպված կոտորած է սա: – Սիավուշը հոգոց հանեց, ասաց, – այո, մաֆիան իրականացրեց այս ցեղասպանությունը՝ խրախուսվելով Կրեմլի վերակառուցման ու հրապարակայնության հակառակորդներից: Մոսկվան չի վճռի Ղարաբաղյան հարցը, – շարունակեց Սիավուշը: – Կրեմլն ազգային լարվածության կետեր է ստեղծում ոչ թե հանուն կամ ընդդեմ որևէ հանրապետության, այլ հանուն կայսրության պահպանման և ամենասարսափելին մեզ համար գիտե՞ս որն է, Լեո, – դարձյալ հոգոցով ասաց նա, – չգիտեմ, դու մտածե՞լ ես այդ մասին, թե՞ ոչ, ես շատ եմ մտածել, ամենասարսափելին մեզ համար այն է, որ նոր սերունդ կգա, տարված ազգայնամոլա-հայրենասիրական հովերով, և չի իմանա, երբեք չի իմանա, որ իրենցից առաջ կային մարդիկ, և շատ էին նրանք, որոնց համար ազգ ու ազգություն չկար, նրանք վեր էին կանգնած այդ ամենից, չեն իմանա, թե ինչքան էինք կապված միմյանց, ինչպես էինք իրար սիրում: Այ, դա է ամենասարսափելին: – Նա նայեց ինձ կարեկցությամբ ու տրտում, ավելացրեց, – մի անգամ ևս, խնդրում եմ, ընդունիր իմ ցավակցությունը: Ես կզանգեմ քեզ:
* * * * *
Մայրս Բաքվում մնալ չէր ուզում:
– Չէ, չեմ մնա էստեղ, չեմ կարող, – ասաց նա: – Ուղարկիր քույրերիդ մոտ՝ Ստավրոպոլ կամ Չարենցավան: Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի:
Փորձեցի զանգել Չարենցավան, ոչինչ չստացվեց: Իսկ Ստավրոպոլի հետ միացա առանց դժվարության: Քույրս երկար լաց էր լինում, ոչ մի կերպ չէի կարողանում սփոփել նրան: Ի վերջո, լսափողը տվեցի մորս: Սկզբում նա հանգիստ խոսում էր, հետո չդիմացավ, սկսեց լաց լինել և այդպես լաց լինելով պատմում էր հորս ողբերգական մահվան մասին: «Կյանք չունեմ էլ, մատտաղ, – ասաց նա, – հորիցդ հետո իմ ապրելն արդեն իզուր է»: Չարենցավան նույնպես հաջողվեց զանգել, բայց դա ուշ ստացվեց, համարյա գիշերվա տասներկուսի մոտերքը:
Առավոտյան գլխավորը զանգեց, ցավակցություն հայտնեց, ասաց, որ շատ է վշտացած: Հետո հարցրեց՝ հո ոչ մի տեղ չե՞ս գնում:
– Ոչ, – ասացի, – տանն եմ:
Նա եկավ Լորաննայի և Արինայի հետ: Ընկճված տեսքով էին երեքն էլ: Գլխավորն առանց վիրակապերի էր, աչքի տակը՝ լայնակի սև այտուցով: Գրկեց ինձ, մի տեսակ փոխված ձայնով ասաց՝ «Պինդ կաց»: Լորաննան թեթևակի սեղմեց ձեռքս, ցածրաձայն ասաց՝ «Ցավակցում եմ», իսկ Արինան կանգնել էր միջանցքում, փոքր-ինչ շփոթահար տեսքով, ուղիղ նայում էր՝ ասես չհամարձակվելով առաջ անցնել:
– Ներս արի, Արինա, ինչո՞ւ ես կանգնել, – ասացի ես փորձելով ժպտալ և մեկնեցի ձեռքս:
Նա իր փոքրիկ սառը մատներով սեղմեց ձեռքս, առաջ եկավ: Նրա սև, շողշողուն աչքերում փայլատակեց արցունքը, և ես խորապես զգացի նրա անհուն կարեկցանքն իմ հանդեպ, նրա անկեղծ ձգտումը՝ հաղորդակից լինել իմ դժբախտությանը: Իսկ գուցե դա նրանի՞ց է, որ ինքը՝ Արինան, մանկուց էր զրկվել մորից և գիտեր, թե ինչ ծանր բան է ծնող կորցնելը: Նրանք մորս նույնպես ցավակցություն հայտնեցին:
– Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի, – դարձյալ ասաց մայրս: – Էդ քաղաքն արատավորված է մեր՝ հայերի արյունով: Անմեղ մարդկանց արյունով:
– Մի՞թե կազմակերպված էր այդ ամենը, – հենց այնպես հարցրեց գլխավորը:
– Կազմակերպված էր, – հանգիստ ասաց մայրս: – Սուտ լուրերով մարդկանց գրգռեցին, լցրին փողոցները: Բա, իհարկե, կազմակերպված էր: Նախօրոք լավ կազմակերպված էր, իսկ մենք ոչինչ չգիտեինք: Բոլոր հայերին աշխատանքի վայրից ուղարկում էին տները՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ էին հեռախոսներն անջատել: Որտեղի՞ց նրանց հայերի ցուցակները: Եվ ինչո՞ւ միլիցիան ու շտապ օգնությունը չէին արձագանքում մեր կանչերին: Զրահամեքենաները քաղաքում շրջում էին, հարյուր մետրի վրա մարդկանց սպանում էին, բայց նրանք չէին միջամտում՝ հրաման չկար: Ինչո՞ւ էր էդպես: Երևի, կքննեն, կպարզեն ճշմարտությունը, էդպես չի մնա: