Выбрать главу

– Ցավալի է, շատ է ցավալի, որ մեր երկրում, ուր ժողովուրդների բարեկամությունն անսասան սրբության նման մի բան է համարվում, օրը ցերեկով մարդուն կարող են սպանել այն բանի համար, որ նա մի այլ ազգության է պատկանում, – հոգոցով ասաց գլխավորը: – Սումգայիթը մեզ հազար տարով քաղաքակրթությունից ետ մղեց դեպի վայրենություն:

– Հազար տարի առաջ կրակի վրա մա՞րդ էին խորովում, ուտում, – միամիտ հարցրեց մայրս, և գլխավորը ոչինչ չգտավ պատասխանելու:

– Գոնե կարեկցողներ կայի՞ն ադրբեջանցիների մեջ, – հարցրեց Լորաննան, – օգնո՞ւմ էին որևէ բանում:

– Կային, իհարկե, կային, օգնում էին, – պատասխանեց մայրս: – Լեզգիները, թալիշները, իրենք` ադրբեջանցիները… Առանց նրանց օգնության շատ մարդ կզոհվեր, շա¯տ: Բայց քիչ էին դրանք: Հիմնականում բոլորը ջարդարարների կողմն էին, նրանց միացած սպանում ու թալանում էին, կամ էլ իրենց պատշգամբներին կանգնած, առանց տոմսի թատրոն էր. նայում էին, թե ոնց են այրում մարդկանց: Աստված գազա՛ն մարդու մեջ պիտի խիղճ դնի, խեղճ մարդու խիղճն ո՞ւմ է պետք: Աստված ո՞նց է էդ բոլորը տեսնում ու համբերում: Էհ, գուցե հենց Աստված էլ չկա, գուցե էդ էլ է սուտ… Լավ, էս ինչո՞ւ եմ էսպես նստել:

Մայրս գնաց խոհանոց՝ սեղան գցելու: Լորաննան ու Արինան իսկույն ելան տեղից՝ նրան օգնելու:

– Ախպեր, դիմացիր, կյանք է, – սիրտ տվեց գլխավորը: – Մյուս աշխատողներն էլ էին ուզում գալ՝ Միշա Հաջիյանը, Նորան, Մնացականը, Բոջիկյանը, Հախումյանը, Յուրի Պողոսյանը, մյուսները: Բայց ես հարմար չգտա: – Նա քիչ լռեց, ասաց, – Ես էլ եմ փոքրուց ծնող կորցրել: Է¯հ, քանի տարի է անցել, բայց մոռանալ չեմ կարողանում: Ծնողին մոռանալ չի լինի:

Երկար լուռ էինք երկուսս էլ, հետո գլխավորն ասաց.

– Լեո, մայրդ ասում է՝ կքննեն, կպարզեն ճշմարտությունը: Նա հավատում է, որ այդպես էլ կլինի: Բայց, ահա, ես չեմ հավատում՝ չի լինի դա: Դաշքեսանի շրջանի երկուհազար բնակիչ ունեցող Բանանց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան էր կանգնեցվել: Այդ գյուղից կռվի դաշտում ավելի շատ մարդ է զոհվել, քան շրջանի բոլոր ադրբեջանական գյուղերից՝ միասին վերցրած: Կարճ՝ շրջանի ղեկավարության ու մշակույթի նախարարի առաջին տեղակալ Թեյմուր Սուլեյմանովիչ Ալիևի գլխավորությամբ մի գիշերվա մեջ հուշարձանը ջարդուփշուր արվեց: Որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց դրա համար: Ընդհակառակը, ընդհարում եղավ այդ հողի վրա և տասնյակ հայ պատանիներ բանտ նետվեցին: Նույնը կատարվեց նաև իմ հայրենի Շամխորի շրջանում, երկու հազար տարվա պատմություն ունեցող Չարդախլու գյուղում, որը երեք հազարից ավելի հայ բնակիչ ունի: Դա այն գյուղն է, որը Խորհրդային Միության երկու մարշալ, տասնյակ գեներալներ ու հերոսներ է տվել: Պատերազմ մեկնած հազար երկու հարյուր հիսուն մարդուց չորս հարյուր հիսուներկուսը չեն վերադարձել: Ո՞վ պատասխան տվեց: Ոչ ոք: Շրջկոմի առաջին քարտուղար Ասադովն արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և առաջ քաշվեց: Հիմա կենտկոմի բաժնի վարիչ է և սպառնալիքներ է հղում Ղարաբաղին: Խոսք կա, որ այս երկու օրը ներքին գործերի նախարար է նշանակվում: Շահումյանի շրջանի հողատարածությունները տարեցտարի խլում, տալիս են ադրբեջանական շրջաններին՝ ջախջախիչ հարված հասցնելով հայկական տնտեսություններին: Սովետական Միության երեք հերոսի ու ադմիրալ Իսակովի ծննդավայր Գետաշեն գյուղը, որն ավելի քան հազար հինգ հարյուր զինվոր ուղարկեց ռազմաճակատ ու նրանց կեսն այդպես էլ չվերադարձավ տուն, հարթավայրային մասում ահագին հողեր ուներ, գյուղ էլ կար՝ Չալաբերդը, մի երկու անգամ եղել եմ այնտեղ, ուղղակի դրախտ, վերջերս վերցրել, ինքնակամ կերպով կցել են Կասում Իսմայլովի շրջանին: Ո՞ւմ են կանչել դրա համար պատասխանատվության՝ դարձյալ ոչ ոքի: Սումգայիթի եղեռնագործությունն իր ողջ ճշմարտությամբ չի բացահայտվի երբեք: Ճշմարտությունը պարզելու համար նախ պետք է հասկանալ, թե ում է դա ձեռնտու: Սումգայիթն իսկական ցեղասպանություն էր՝ ծանրագույն հանցանք մարդկության դեմ: Բայց ուրիշ բան կա դրա տակ, Լեո, ոչ պակաս սարսափելի: Իմ կարծիքով, դա վիթխարի այսբերգի տեսանելի կողմն է միայն, քաղաքական կողմը՝ սարսափ ներշնչել հայությանը, կաշկանդել նրա կամքն արյունալի նոր ոճիրների հնարավոր հեռանկարով, ստիպել, որպեսզի հայ ժողովուրդը ետ կանգնի Ղարաբաղյան շարժումից: Բայց, կրկնում եմ, դա այսբերգի տեսանելի կողմն է միայն:

Գլխավորը բազմանշանակ ժպտաց, ասաց.

– Իսկ անտեսանելի կողմում, ահա, թե ինչեր կան: Ասեմ, հիշիր՝ ըստ իս, սա Գորբաչովի ու նրա շրջապատի՝ Լիգաչով, Կրյուչկով, Յազով, Պուգո, Շատալին, Լուկյանով-Մուկյանովի կանխապես պատրաստած գործն է, հետագա իրադարձությունները, համոզված եմ, կհաստատեն դա: Պարզապես Ղարաբաղը հարմար կռվախնձոր էր՝ երկու հարևան ժողովուրդներին իրար դեմ հանելու համար: Հինգ թվականին ճիշտ նույն ձևով վարվեց նաև Նիկոլայ երկրորդ ցարը: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Լևոն Շանթն իր նամակներից մեկում նշում է, որ քաղաքականությունը ստի ու խաբեության հյուսվածք է: Այդպես էլ կա, քաղաքականությունը կեղտոտ գործ է, քաղաքագետները՝ անամոթ ու խարդախ մարդիկ: Ստալինը հեղափոխական գործիչ էր, բայց միաժամանակ թուրքական ու ցարական հակահետախուզությունների գործակալ էր, Բերիաշվիլի անվան տակ երկու տարի թաքնված ապրել է Թուրքիայում: Բերիան մուսավաթական կուսակցության ամենաակտիվ անդամներից մեկն էր, մասնակցել է Բաքվի 26 կոմիսարների բանտարկությանն ու գնդակահարությանը Ախչա-Կույմայում: Մոսկվան շատ լավ գիտեր այս ամենը, և՝ ոչինչ: Մի խոսքով, շատ հնարավոր է, որ Գորբաչովն արևմտյան տերությունների, առանձնապես ամերիկյան կողմի ոչ անշահախնդիր հովանավորությամբ հեռահար նպատակ է հետապնդում՝ քայքայել, մասնատել խորհրդային հզոր պետությունը: Համաձա՞յն չես այս տեսակետին: Մոսկվայից միութենական դատախազի՝ առանձնահատուկ գործերի գծով օգնական Ասլախանովի գլխավորությամբ երկու ամիս առաջ քննչական հանձնաժողով է եկել այստեղ՝ ստուգելու Հեյդար Ալիևի գործնեությունը՝ զանգվածային հավելագրումներ, անհիմն բանտարկություններ, սպանություններ, այդ թվում և Քյուրդամիրի կուսշրջկոմի առաջին քարտուղար Մամեդովի սպանությունը, պետական մասշտաբի զանազան զեղծարարություններ, անսահման չափերի հասնող կաշառք և այլն: Պարզ է, խոսքն այն տարիների մասին է, երբ Ալիևը գլխավորում էր Ադրբեջանի կուսակցական կազմակերպությունը, այսինքն՝ երբ նա հանրապետության ղեկավարն էր: Երեք հյուրանոց՝ «Ազերբայջան», «Ապշերոն» ու «Յուժնայա», լցված են մոսկովյան քննիչներով: Կարճ՝ Թելման Գդլյանի ու Իվանովի ուզբեկական հանձնախմբի տարբերակն Ադրբեջանում: Եթե Ուզբեկստանում հափշտակումները միլիոնների էին հասնում, այստեղ միլիարդներից են խոսում: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, գլուխներ են թռչելու, և այն էլ ի¯նչ գլուխներ: Բանտերը կլցվեն նրանցով, ովքեր երկար տարիներ անխնա թալանում, կողոպտում էին հանրապետությունն ու հիմա էլ անպատիժ շարունակում են նույն թալանն ու կողոպուտը: Այս ամենը չի՞ կազմակերպվել, արդյոք՝ ձախողելու, խափանելու քննչական հանձնախմբի աշխատանքները: Միտինգներում արդեն խստորեն պահանջ է դրվում՝ հանձնախումբն անհապաղ հեռացնել Ադրբեջանից, որովհետև նրա ներկայությունը, իբր, ապակողմնորոշում է իրադրությունը հանրապետությունում: Ուժեղ է, չէ՞: Մի ուրիշ տեսակետ՝ Հեյդար Ալիևը, դու էլ գիտես, այն մարդը չէ, որ կարողանա ներել նրանց, ովքեր պատճառ եղան իր քաղաքական պարտությանը: Այդ շարքում Գորբաչովը նրա թիվ մեկ թշնամին է: Որովհետև Գորբաչովն էր, որ նրան խայտառակաբար վտարեց քաղբյուրոյից, և որի պատճառով նա ծանր ինֆարկտ տարավ, համամիութենական մամուլում, այդ թվում և «Պրավդայում», քանիցս պախարակեցին, որ, իբր, հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելով՝ 41-ին խուսափել է պատերազմից: Կների՞ Ալիևը նրան՝ երբեք: Պետանվտանգության իր համախոհների հետ նա կազմակերպեց այս ամենը՝ նախ Գորբաչովին տապալելու նպատակով, երկրորդը՝ ճանապարհ հարթելու՝ նորից իշխանության գլուխ անցնելու համար: Վստահելի մարդուց եմ լսել, ասում է՝ նախքան Սումգայիթի դեպքերը, ժողովրդական ճակատի վարչության երեք անդամներ՝ Էլչիբեյը, Նեյմաթ Փանահովն ու Էհթիբար Մամեդովը մեկնել են Մոսկվա՝ Հեյդար Ալիևի հետ հանդիպման. իմացիր, առանց նրա ոչինչ չի արվում, այս բոլորը նրա վերադարձի համար է արվում: Այդ վերադարձը Բաքու՝ կլինի, Լեո, ես մեռած, դու՝ սաղ, հիշիր, կլինի, և նա իր այդ հաղթական երթը կսկսի հայրենի Նախիջևանից: