Выбрать главу

Բաժանվեցինք բավականին ուշ: Դուրս եկա ճանապարհելու, Լորաննան կամացուկ ասաց. «Ռենան էր եկել, քեզ էր հարցնում: Ասում էր՝ հեռախոսդ չի պատասխանում: Չէ՞ր աշխատում հեռախոսդ»:

– Հիմա աշխատում է, – ասացի ես:

– Ես նրան ասացի հորդ սպանության մասին: Ինձ Սիավուշն էր ասել: Չգիտեր: Գունատվեց, Լեո, նայում էր ինձ մի տեսակ ցրված ու ասես ոչինչ չէր հասկանում:

– Նա լա՞ց էր լինում:

– Այո… լաց եղավ: Ինչի՞ց իմացար:

– Սիրտս ծակում էր:

Լորաննան անվճռական նայեց ինձ, օրորեց գլուխը:

– Ի՞նչ պիտի լինի ձեր վիճակը սրանից հետո, չգիտեմ:

Երկուսս էլ լուռ էինք:

– Ներիր, Լեո, բայց զգում եմ, որ ծանր, դժվարին օրեր են սպասում քեզ, – երկարատև լռությունից հետո խոսեց Լորաննան վհատ ձայնով: – Պատրաստ եմ անգամ ծնրադիր խոնարհվել քո այդ անխուսափելի տառապանքի առջև:

– Լսիր, Լորաննա, – չգիտեմ ինչու ակամա բարկանալով՝ ասացի ես, – դու հայր Զոսիման չես և ոչ էլ ես՝ Միտյա Կարամազովը:

– Իսկ Սոնեչկա Մարմելադովա՞, – սեթևեթեց նա:

– Ոչ էլ Սոնեչկա Մարմելադովան:

– Բայց չէ՞ որ նա նույնպես կանխազգաց Ռասկոլնիկովի մոտալուտ տաժանակիր ողբերգությունը:

– Սոնեչկա Մարմելադովան այս աշխարհից չէր, այլապես կամավոր չէր գնա հեռու Սիբիր՝ ութ երկար տարիներ կիսելու Ռասկոլնիկովի տառապանքը:

– Ավաղ, ինձ վիճակված չէ կիսելու քո տառապանքը, Լեո, – Լորաննան դառնադառը նայեց ինձ: – Բայց դու գիտես, որ ես մեծագույն հոժարությամբ պատրաստ եմ օգտակար լինել քեզ: Դրա համար էլ շատ կուզենայի, չնայած լավ գիտեմ քեզ, հասկանում եմ, որ անհնարին բան եմ ասում, սակայն, կրկնում եմ, շատ կուզենայի, որ թողնեիր այդ ադրբեջանուհուն: Դու էլ տեսնում ես, թե գնալով ինչպիսի անդունդ է առաջանում մեր երկու ժողովուրդների միջև, թե օրեցօր ու ժամ առ ժամ ինչպես է շիկանում մթնոլորտը: Մի՞թե այդքան դժվար է նրան թողնելը: