Выбрать главу

Լորաննան ուղիղ նայեց իմ աչքերին:

– Թողնելը դժվար է, մոռանալը՝ անհնարին: Ռոմեոն կասեր՝ նա, ում սիրում եմ, հիատեսիլ ու շլացուցիչ է, մի ուղի ցույց տուր, որ կարողանամ նրան մոռանալ:

Ճակատը կնճռոտած՝ Լորաննան ուշադիր նայեց իմ աչքերին ոչ այն է տխրությամբ, ոչ այն է ներողամտությամբ: Առհասարակ տարօրինակ ձևով էր նայում Լորաննան, աչքերը կկոցած՝ կարծես շատ մանր, պետիտ շարվածքի տող էր կարդում քո աչքերում: Նա մի րոպե տատանվեց, ասես կշռադատելով այն, ինչ պիտի ասեր, հետո ասաց անհուսալի քնքշությամբ.

– Ի՞նչ ուղի ցույց տամ, սիրելիս, մի՞թե այս ամենի կազմակերպված բնույթն ու նպատակը չես տեսնում: Դավեր նյութելով՝ դեպի պատերազմ են տանում մեզ: Դու հայ ես, նա՝ ադրբեջանուհի, դատապարտված է ձեր սերը, Լեո, ի՞նչ ուղի ցույց տամ… Այո, հիատեսիլ ու շլացուցիչ է, գեղեցկությունն էլ հազվագյուտ գեղեցկություն է, նայելիս, անկախ քեզնից, շփոթվում ես, և հասկանում եմ նաև, որ ամբողջ կյանքում նրա կարոտն այրելու է հոգիդ, բայց, միևնույն է, թո՛ղ նրան, Լեո, լսիր ինձ՝ թո՛ղ: Մի՞թե ուրիշ աղջիկներ չկան:

– Չկան, – անվիճելի հաստատակամությամբ ասացի ես: – Նրանից բացի ոչ ոք գոյություն չունի ինձ համար: Վանգան գտնում է, որ ինչ ի վերուստ գրված է մեր ճակատին՝ այն էլ կլինի: Սուրբ գրքում ի՞նչ է ասված՝ մարդուս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նորա քայլերը Տերն է հաստատում: Աստված ողորմած է:

– Ողորմած է, բաց ոչ մեզ համար:

– Մեղք մի գործիր, Լորաննա, և մի խռովիր սիրտդ, հավատա՝ ամենայն լավն ու բարին մեկ անգամ ու մեկընդմիշտ Տիրոջ կամոք է արարված, Աստված մեծ է իր աստվածային զորությամբ, օրհնեալ է Նա այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից… Աստծու փառքը մեծ է:

– Աստծու փառքը մեծ է, կտրած փոսը՝ խոր:

– Դարձյալ մեղք ես գործում: Աստված ամենակարող է ու հզոր:

– Ամենակարող է ու հզոր… Տեր, եկուսցե արքայություն քո, – մրմնջաց նա և ավելացրեց ինչ-որ չարախինդ հուսաբեկությամբ, – ողբ էր, լաց և կոծ Ռամայի մեջ, Ռաքելն իր որդկանց վրա լաց էր լինում և չէր կամենում մխիթարվել, որովհետև չկա՛ն նրանք… Եթե այդքան ամենակարող է Աստված ու հզոր, ինչո՞ւ աշխարհից իսպառ չի վերացնում վիշտն ու մորմոքը, չէ՞ որ նա կարող է դա անել, ինչո՞ւ չի արել մինչև հիմա և ինչո՞ւ չի անում այժմ: Նա ավելի հզոր է, քան Աստված:

– Ո՞վ՝ նա:

– Գազանը, – ասաց Լորաննան: – Մարդ գազանը: Բերանն արնոտ մարդակեր գազանը, որ հազար տարում հազիվ դառավ մարդասպան և ձեռքերն արնոտ գնում է դեռ կամկար ու հեռու է մինչև մարդն իր ճամփան: Շա¯տ է հեռու, – ավելացրեց նա: – Դուք չգիտեմ ինչպես, բայց ես այստեղ չեմ մնա:

* * * * *

Ռենան տանն էր, սակայն, ըստ երևույթին, դարձյալ մենակ չէր: Խոսում էր ոչ բարձր, ասես ձեռքով ծածկելով մեմբրանը:

– Ես եմ, Ռենա:

– Բարև, – ցածր, նվաղուն ձայնով արձագանքեց նա: – Քո հեռախոսը չէր աշխատում, ես զանգել եմ… ես շատ եմ զանգել… Ես ցավակցում եմ… Ես շատ եմ ուզում տեսնել քեզ… Լսո՞ւմ ես, – ավելի ցածրացնելով ձայնը՝ ասաց Ռենան: – Ես սիրում եմ քեզ, ավելի շատ եմ սիրում, քան առաջ… Ես առանց քեզ չեմ կարող ապրել…

Նա համարյա այդ նույնն ասաց նաև խմբագրությունում, արցունքն աչքերին խոստովանեց, որ ամենուր՝ տանը, փողոցում, պարապմունքների ժամանակ, տրանսպորտում՝ շարունակ իմ մասին է մտածում:

Որոշ դադարից հետո.

– Մարդու սիրտն օրական հարյուր հազար զարկ ունի: Օրական հարյուր հազար անգամ իմ սիրտը բաբախում է քեզ համար, Լեո… Ես վախենում եմ քեզ կորցնելուց:

Ես ներողամտաբար ժպտացի նրան. ի՞նչ կարող էի ասել: Ոչինչ: Համարյա ոչինչ:

– Հնար լիներ՝ մի ուրիշ մոլորակ գնայինք, ուրիշ մոլորակում ապրեինք, – ասաց Ռենան՝ միաժամանակ ժպտալով ու արտասվելով: – Բոլորը դեմ են, որ ես սիրեմ քեզ, նրանք չեն հասկանում, որ ինչքան շատ ես սիրում, այնքան շատ ես տանջվում, չեն հասկանում, որ արգելքներն ավելի են սաստկացնում սերը: Արար աշխարհը դեմ է, բայց ես ոչինչ չեմ կարող անել ինձ հետ, դա իմ ուժերից վեր է, ոչ ոք չի կարող հասկանալ դա: Ոչ ոք չի ուզում հասկանալ: – Արցունքի լույս կաթիլը սահեց այտն ի վար:

Դարձյալ որոշ դադարից հետո.

– Իսկ դու գիտե՞ս, որ Շեքսպիրը ոչինչ չի հորինել: Ռոմեոն և Ջուլիետն իրոք եղել են: Նրանց սիրո պատմությունն էլ իրական պատմություն է: Վերոնայում մնում է դեռ Ջուլիետի պատշգամբը, հազարներով զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի տարբեր ծայրերից՝ տեսնելու այդ պատշգամբը: Եվ այն, որ նրանց ծնողները պատկանում էին երկու հակառակորդ գերդաստանների, որոնց մեջ տոհմական հինավուրց քեն, թշնամություն կար, որ երբեմն բորբոքվում էր զանազան սադրանքներով՝ նույնպես եղելություն է, – և արցունքաշաղ աչքերով նայելով՝ վհատորեն ավելացրեց, – ոչինչ չի փոխվել… ոչինչ չի փոխվում…

Մի ուրիշ անգամ.

– Ինչո՞ւ է այսպես, Լեո: Ես հիմա կյանքին մի տեսակ ուրիշ ձևի եմ նայում: Առաջ նման բաներին ուշադրություն չէի դարձնում… Մեր կուրսում շատերն արդեն գիտեն, թե որտեղ են աշխատելու ավարտելուց հետո՝ մեկը բաժանմունքի վարիչ, մյուսը՝ գլխավոր բժիշկ, մեկ ուրիշը՝ առողջապահության նախարարի տեղակալ: Ծնողները կենտկոմում ու նախարարների խորհրդում են աշխատում, բարձր պաշտոններ են վարում, իսկ իրենք օրերով պարապմունքների չեն գալիս, և դասախոսները վախենում են անգամ դիտողություն անել: Վերջերս Այթմատովի մի գիրքն էի կարդում՝ «Սպիտակ շոգենավը»: Պատանի հերոսն իրեն նետում է գետը, որովհետև կեղտին ու չարիքին չվարժված նրա մանկական դյուրազգացողությունն անկարող է դիմանալ շրջապատի ստին, կեղծիքին ու անարդարությանը: Իրոք, ինչո՞ւ է այդպես: