Ռենան նայեց ինձ, բայց պատասխան չէր սպասում ինձնից:
– Կգա ժամանակ, բոլոր մարդիկ եղբայր կլինեն, – ասաց նա դառնորեն ժպտալով: – Լեզուն, դավանանքը, մաշկի գույնը՝ դարերով մարդկանց կաշկանդած բոլոր այս նախապաշարումները, կվերանան… Բայց ե՞րբ, ե՞րբ կլինի, ե՞րբ կգա այդ ոսկեդարը, Լեո, երբ մենք չե՞նք լինի…
* * * * *
Անսալով մորս թախանձանքին, ես նրան գնացքով ուղարկեցի Ստավրոպոլ՝ քրոջս մոտ:
Մանր անձրև էր տեղում, գորշագույն մթնաշաղի միջից հազիվ էին երևում կայարանամերձ տների աղոտ լույսերն ու կայարանից այն կողմ, բլրակի վրա միայնակ կանգնած տուրիստական հյուրանոցի ստորին հարկերը: Գնացքի ճանապարհվելուն մի երկու րոպե էր մնացել, և մայրս, ինձ համար բոլորովին անսպասելի, խոսք բացեց Ռենայի մասին: Հորս սպանությունից հետո նա երբեք չէր խոսել նրա մասին, անունը երբեք չէր տվել:
– Էդպես էլ չտեսա Ռենային, – սրտաշարժ ափսոսանքով ասաց նա, տրտմալի շարժելով գլուխը: – Պապան շատ էր ուզում տեսնել… Անհարմար էր զգում, երևի, քեզ ասել, ինձ էր ստիպում, որ խոսեմ հետդ՝ հյուր բերես նրան Սումգայիթ: Իսկ երբ իմացավ, որ մարտի ութին գալու եք, ուրախացավ, երեխի պես հուզվել էր… Էհ, ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ սրտներումս մնաց…
– Ռենան նմանապես շատ էր հուզվում, – կարճ լռությունից հետո ասացի ես և, չնայած Լորաննայից բացի երբեք ու ոչ ոքի չէի պատմել Ռենայի հանդեպ ունեցած իմ անեղծ սիրո մասին, հանկարծորեն իմ մեջ ցանկություն առաջացավ մորս հետ խոսել նրա մասին, և, չգիտեմ ինչու, այդ մտքից անգամ անասելի հաճույք զգացի, և ինքս էլ զարմացա, թե որտեղից հայտնվեց զվարթուն սենտիմենտալության այդ անհասկանալի հուզիչ զգացողությունը:
– Պապային շատ դուր կգար նա, – քնքշահույզ շշուկով ասացի ես, – և դու նույնպես, մամա, կսիրեիր նրան, որովհետև շա¯տ, շատ լավիկն է…
Մայրս կողքանց նայեց ինձ, արցունքների միջից ժպտաց.
– Նկարից երևում է, մաման մատտաղ: Նկարից երևում է:
– Կյանքում ավելի լավն է, քան նկարում, – ասացի ես և իմ սեփական խոսքերից սիրտս անուշ ու խորունկ կարոտից սկսեց արագ-արագ զարկել: – Իսկ թե իմանաս՝ ի¯նչ ոսկի բնավորություն ունի, մամ… Ոնց որ թե այս աշխարհից չլինի՝ անկեղծ, անարատ, սիրտը մաքուր, սուրբ ու պաշտելի…
– Հոգու գեղեցկությունը դեմքի գեղեցկությունից թանկ է, մաման մատտաղ: Նկարից էդ էլ է երևում, – արցունքաժպիտ աչքերով նայելով՝ նա այտը գգվանքով սեղմեց ուսիս: – Հա, շատ լավն է, նայում ես ու աչքդ չի կշտանում, ուզում ես նորից ու նորից նայես… Քույրդ շատ խնդրեց նկարը տանեմ, թող տեսնի…
Մայրս դադար տվեց, ապա ավելացրեց հոգոցով.
– Ի¯նչ ասեմ, որդիս… Աստված թող քո սրտի ուզածը կատարի…
«Էստեղ՝ Բաքվում, խաղաղ է, ոչինչ չկա, – արդեն վագոնի փակ հարթակում կանգնած ասաց նա, – բայց, միևնույն է, ծախիր մեքենան, նրանով ոչ մի տեղ չգնաս»: Նա մինչև այդ մի քանի անգամ ասել էր այդ մասին, բայց հարկ համարեց վերջին րոպեին նորից հիշեցնել. «Ես կզանգեմ էնտեղից, թե որ ծախած չլինես՝ կնեղանամ քեզնից»:
Ռոբերտն օգնեց ինձ այդ հարցում: Գնորդ գտավ՝ Գադիր անունով նիհարավուն մի տղայի՝ Բայիլովից: Միասին գնացինք խնայդրամարկղ, Գադիրը փողը՝ քսանյոթ հազար ռուբլի, մտցրեց իմ հաշվի մեջ: Խնայգրքույկում ես փող ունեի՝ հոնորարներից ետ էի գցել, միասին ստացվեց քառասուն հազար ռուբլի:
– Ախպերո, հարուստ մարդ ես, քեզ հետ խոսել չի լինի, – ծիծաղեց Ռոբերտը:
Երեկոյան զանգեցի մորս, որպեսզի նա այլևս չանհանգստանա:
– Երևի չմնամ այստեղ, – ասաց Ռոբերտը, – Զարմիկը հրավիրում է Մոսկվա: Կարելի է և Ամերիկա մեկնել: Շատերն են ուզում մեկնել: Ես որ գնամ, Մոսկվայում ամերիկյան դեսպանատնից քեզ համար էլ անկետաներ կվերցնեմ:
* * * * *
Սումգայիթից հետո կյանքն ասես գլխիվայր շուռ եկավ մեզ համար: Հեռուստատեսությամբ հաղորդումներ էին տրվում, թե այդ ամենը սելավի նման մի բան էր, եկավ ու անցավ, և որ մեղավորներն անպայման կստանան իրենց արժանի պատիժը:
Հետո միառժամանակ հանգիստ էր, ոնց որ սպասողական վիճակ, ոչինչ չէր հաղորդվում ու չէր գրվում Սումգայիթի մասին, բացի պաշտոնական կարճառոտ հաղորդագրություններից՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բյուրոն կուսակցական խիստ նկատողություն հայտարարեց Մուսլիմզադեին՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից: Լենինի անվան խողովակագլանման գործարանի դիրեկտոր Աբդուլլաևը նախազգուշացվեց՝ գործարանի մեքենայական արտադրամասում հատուկ պատվերով մետաղաձողեր, դանակներ, դաշույններ, կացիններ ու այլ իրեր պատրաստելու համար: Կուսակցության Սումգայիթի քաղաքային բյուրոն խիստ նկատողություն հայտարարեց քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ Հասանովին և նախագահի տեղակալ Թաղիևին: Հայտարարվեց, որ զանգվածային անկարգություններին մասնակցած իննսունչորս պատանիներ ձերբակալված են, միութենական դատախազության կողմից ստեղծված է քննչական հանձնախումբ, որը գլխավորում է… Ալեքսանդր Կատուսևը: Այն նույն Կատուսևը, որի մեղքով միանգամայն անմեղ մարդիկ զոհ գնացին ոճրագործությանը: