* * * * *
Լորաննան իր խոսքի տերը եղավ: Մեր խմբագրությունից առաջինը նա թողեց Բաքուն: Նրա ամուսինը քաղաքային պետավտոտեսչությունում էր աշխատում, ավտոտեսչության պետն էլ գնեց նրանց բնակարանը:
– Լեո, ցավում եմ, որ չկարողացա տեսնել քեզ վերջին անգամ, – հեռախոսով ասաց նա: – Մտածում էի գալ ու բոլորիդ հրաժեշտ տալ, հատկապես քեզ, բայց չստացվեց, կներես, շատ եմ խնդրում: Մեր ամբողջ կյանքը պատահական հանդիպումների ու իրարամերժ երևույթների հերթականություն է, Լեո, անկանխատեսելի շրջադարձերի մի երկար շղթա՝ լի բազմաթիվ դժբախտ ու երբեմն նաև երջանիկ պատահականություններով, անախորժություններով, լի թախիծով ու անցողիկ բերկրանքով, լի անհուն սիրով ու անհուն ատելությամբ… Այո, դու ինչ ուզում ես, ասա, բայց սա է իրական կյանքը, Լեո, որ հորդահոս վարար գետի պես տանում է մեզ իր հետ, և այն իրոք լի է հակասական ճշմարտություններով: Ու դժվար է ըմբռնել, հասկանալ, թե այդ ճշմարտություններից որն է առավել ճշմարիտ, մի բան պարզ է սակայն, որ առջևում անթափանց խավար է ու այլևս հույս ու հավատ չկա, սիրելիս, թե երբևէ կյանքը վերստին լուսաշող եդեմ կդառնա մեզ համար… Գուցե չհանդիպենք այլևս… – նա մի պահ լռեց, հետո արագ ավելացրեց, – հաջողություն եմ ցանկանում՝ քեզ բաժին ընկած քո դժվարին ճանապարհին… Առայժմ Երևան ենք գնում, թե ուր կգնանք այնտեղից՝ աստված գիտի: Մնաս բարով, Լեո, հիշո՞ւմ ես Իրասեկի թանկան, միասին կարդացինք. «Կանգ են առնում նրանք իրենց վշտալի ճանապարհին և արցունքով լեցուն աչքերով նայում ետ՝ սիրելի, օրհնված այն երկրին, ուր նրանց տունն ու հայրենիքն էր»: Ո՞վ կմտածեր, որ մեզ հետ էլ նույնը կպատահի: Մնաս բարով, սիրելիս, ես քեզ կհիշեմ միշտ…
Նա արագ ցած դրեց հեռախոսը, և ես մի անասելի դատարկություն ու ամայություն զգացի, կյանքն ասես մի տեսակ կանգ առավ, կորցրեց իմաստը:
Հաջորդը Ռոբերտն էր: Նրա գնալը, սակայն, ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Գուցե պատճառն այն էր, որ նա պարզապես արձակուրդ էր վերցրել և պետք է վերադառնար: Նա մի անգամ զանգեց, խորհուրդ էր տալիս նույնպես արձակուրդ վերցնել և գնալ իր մոտ: «Արի, չես փոշմանի, – ասաց նա, – Մոսկվայի հմայքն ուրիշ է»:
Մյուս օրն ինձ մոտ՝ խմբագրություն եկավ Էսմիրան: Կրակացայտ աչքերով, բարակիրան ու սլացիկ՝ ինչպես մատղաշ բարդի, կանգնել էր նա իմ դիմաց շառագունած, այլայլված դեմքով:
– Ի՞նչ է պատահել, Էսմիրա, – վախեցած հարցրի ես, – որտե՞ղ է Ռենան:
– Ռենան տանն է, – աչքերը փախցնելով ասաց Էսմիրան: – Ես ձեզ մոտ մի խնդրանքով եմ եկել, – արագ արտաբերեց նա:
– Ասա, ի՞նչ խնդրանք է, – քիչ հանգստացած ասացի ես:
– Մի պայմանով, որ Ռենան չպիտի իմանա դա:
– Ի՞նչ չպիտի իմանա:
– Այն որ… որ ես եկել եմ այստեղ, ձեզ մոտ… Խոսք տվեք, որ նա չի իմանա այդ մասին՝ երբեք-երբեք:
– Խոսք եմ տալիս:
– Ոչ, երդվեք, – անդրդվելի ասաց Էսմիրան՝ ավելի շառագունելով:
– Երդվում եմ:
– Ոչ, ամենասուրբ բանով երդվեք: Ես ձեզ խնդրում եմ… այն, ինչ ես պիտի ասեմ ձեզ, դուք չպետք է Ռենային ասեք՝ հանուն նրա հանդեպ ունեցած… ձեր զգացմունքի:
– Ասա, Էսմիրա, մի տանջիր ինձ:
– Իրադան ներքևում սպասում է: Սկզբում խոստացել էր, որ միասին կբարձրանանք ձեզ մոտ, բայց վերջին պահին չկարողացավ, ինձ ուղարկեց: Դուք այլևս չպետք է զանգեք Ռենային, – ասաց նա և, ասես ծանր բեռից ազատված, խորը շունչ քաշեց: