Выбрать главу

եղել: Բայց դա էլ եղել է Սումգայիթից հետո: Իսկ թե որևէ ադրբեջանցու Ղափանում մատով կպած լինեն՝ այս լույսն ինձ քոռացնի, թե ճիշտ չեմ ասում, էդպիսի բան չի եղել, սուտ է: – Բախշալիևը խեղճ-խեղճ նայեց, գլուխն օրորելով ասաց, – մարդ, ի սկզբանե ծնված լինելով անխաթար, ի վերջո նախասահմանված փորձություններին չդիմակայելու, երբեմն էլ՝ թուլակամության հետևանքով, ենթարկվում է բարոյահոգեբանական խեղումների:

– Անհամար խեղումների, – ավելացրեց Սաղումյանը:

– Այո, անհամար խեղումների, – գլուխը կիսաշրջելով Սաղումյանի կողմը՝ ներողամտորեն համաձայնեց Բախշալիևը:

– Մեր երկու հարևան ժողովուրդներին թշնամացրին իրար, – շարունակեց նա,– ամբողջ Խորհրդային Միության մեջ ոչ մի ժողովուրդ ոչ մի ժողովրդի հետ այնքան մոտ ու հարազատ չէր, ինչքան մեր երկու ժողովուրդներն էին, չկար մի հայ կամ ադրբեջանցի, որ դոստ ու քիրվա չունենար: Ափսոս, հազար ափսոս, որ այդպես ստացվեց և նմանապես շատ ափսոս, որ մեզ իրար դեմ լարող ալչախ*, ստոր մարդիկ, ինչպես միշտ, պատիժ չեն կրելու, ընդհակառակը՝ ավելի բարձր պաշտոններ են ստանալու: Սա ես չպիտի ասեի, բայց ասում եմ ու ոչ ոքից չեմ վախենում, որովհետև իմ խղճի հանդեպ մաքուր եմ: Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղար Զոհրաբ Մամեդովը մեր կողմերից է, նա էլ շատ մեղք ունի այս գործում: Երևանի ադրբեջանական թատրոնի դերասանների մեղքը նույնպես անասելի մեծ է Սումգայիթի սպանությունների մեջ: Այդ նրանք էին որպես տուժած ղափանցիներ հանդես գալիս Սումգայիթում, Օրուջ Հիդայաթովի ու Խըդըր Ալովլու հատուկ սցենարով սարքած չեղած բաներ պատմում, գրգռում ժողովրդին: Նահլաթ** այդպիսի չարագործ մարդկանց: Ինչ որ նրանց մեղքով ուրիշներին արեցին, թող Ալլահն իրենց առաջը բերի: Ուրիշ բան չեմ ասում:

Բախշալիևը քիչ լռեց, ներհուն, մտքերի մեջ մտասույզ ու դալուկ դեմքին մի թույլ ժպիտ՝ ասաց.

– Ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է: Շա¯տ տարիներ կանցնեն, շա¯տ-շատ տարիներ, հայն ու ադրբեջանցին էլի կհաշտվեն, կբարեկամանան, առանց դրան հնարավոր չէ: Արյունը արյունով չեն մաքրում, արյունը ջրով են մաքրում: Հինգ-վեց թվից ու տասնութ-քսան թվերից հետո նույնպես սառնություն էր, բայց հետո, ժամանակի ընթացքում, հաշտվեցին, սկսեցին առաջվա պես կողք-կողքի հաշտ ու համերաշխ ապրել, ինչպես որ հաշտ ու համերաշխ ապրել էին մինչև թուրքերի հայտնվելը Կովկասում, չհաշված հինգ թվականի դեպքերը, այստեղ էլ ռուսի մատն էր խառը, Նիկոլայ Երկրորդ թագավորի հրահանգով արվեց ամեն ինչ: Հայոց դպրոցների փակման ու եկեղեցիների գույքի բռնագրավման պատճառով Կովկասի հայության հուզումների համար որոշել էին պատժել նրանց: Բայց դե, բոլոր դեպքերում, սա չպիտի լիներ: Խորհրդային ազատ երկրում այսպիսի զուլում բան՝ սպասելի չէր:

– Ասում է՝ ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է: – Բախշալիևի գնալուց հետո խոսեց Սաղումյանը: – Ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ իմաստնությունը անկարող են բուժել հոգեկան վերքերը: Հինգ թվականի փետրվարյան կոտորածների ժամանակ իմ հարազատներից մի քանի հոգի զոհվել են: Ի միջի այլոց, մինչև հիմա էլ, դժբախտաբար, պարզված չէ, թե այդ օրերին Բաքվում ի՞նչ էր անում գողական շրջանակներում «Չոփուռ» մականունով քաջ հայտնի Իոսիֆ Ջուղաշվիլին, ինչո՞ւ էր Բաթումիից շտապ եկել

*ալչախ (ադրբ.) – ստոր

**նահլաթ (ադրբ.) – նզովք

Բաքու, ի՞նչ նպատակ էին հետապնդում ջարդերի նախօրեին նրա գաղտնի հանդիպումները քաղաքի ավազակային խմբավորումների պարագլուխների՝ ղոչիների հետ, որոնցից մեկի՝ ոմն Բաբաևի, ատրճանակի կրակոցով հայոց եկեղեցու կողքին, Պարապետի այգում, փետրվարի վեցի կիրակի օրը ծայր առան ընդհարումները հայերի և մուսուլմանների միջև: Պետերբուրգի «արյունոտ կիրակիից» մի ամիս չանցած՝ ի՞նչ էր անում նա Բաքվի նահանգապետ Նակաշիձեի մոտ: Կառավարության կողմից զինված ամբոխը հարձակվում էր հայերի տների վրա, հրդեհում, թալանում ու սպանում հայերին, իսկ Նակաշիձեն, որին երեք ամիս անց, մայիսի տասնմեկին, շանսատակ արեց Դրոն, իր շքախմբով շրջում էր քաղաքում, կազակների կողմից բռնագրավված զենքը կրկին վերադարձնելով ջարդարարներին: Մի քանի ամիս անց նույնն էր կատարվում նաև Ելիզավետպոլի՝ Գանձակի նահանգում, որտեղ նահանգապետը գեներալ Տայկաշվիլին էր՝ Նակաշիձեի հարազատ քրոջ որդին: Նրա բացարձակ հովանավորությամբ, գաղտնի զենք էր բաժանվում մուսուլմաններին, իսկ հայերին անխտիր զինաթափում էին: Նոյեմբերի տասնութին Գանձակ քաղաքում, ուր տասնյոթ հազար թուրք ու տասնհինգ հազար հայ էր ապրում այդ ժամանակ, ինչպես «Կավկազ» թերթն է գրում, սարսափելի կոտորած էր: Տայկաշվիլին ոստիկանապետ Թեյմուրբեկ Հասանբեկովի ու իր շքախմբի հետ «Ցենտրալ» հյուրանոցի մոտ կանգնած՝ ծխում ու ծիծաղելով նայում էր, թե ինչպես են կոտորում զինաթափված հայերին: Դարձյալ նրա անմիջական դավադրությամբ, հաջորդ տարվա սկզբից նոր թափով վերսկսվեցին կոտորածները Ջիվանշիրի, Շուշիի, Ջաբրայիլի, Շաքիի, Արեշի, Ղազախի, Զանգեզուրի ու բուն Գանձակի գավառներում: Տասնյակ ու տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին այդ գավառներում, մի շարք գյուղեր հիմնովին ոչնչացան: Այդ գյուղերից էր և Մինքենդը՝ Զանգեզուրի և Ղարաբաղի արանքում, գյուղի հարյուր իննսունյոթ բնակիչներ՝ ծծկեր երեխաների հետ միասին, սրախողխող եղան, իր երկու հարյուր քսան շունչ բնակչությամբ՝ ամբողջովին բնաջնջվեց նաև քռամերձ Կրզեն գյուղը՝ Արեշի գավառում… Նակաշիձեից հետո Բաքվի նահանգապետը Ֆադեևն էր՝ Նակաշիձեից ու Տայկաշվիլուց ոչ պակաս մի ստոր արարած, և պատահական չէ, որ նույն թվի օգոստոս և հոկտեմբեր ամիսների վերջերին Բաքվում տեղի ունեցած կոտորածների ժամանակ դրոշներով, երաժշտությամբ ու ցարի դիմանկարներով թաթարների հետ արդեն լեզգիները, ռուսներն ու կազակներն էլ էին մասնակցում հայերի սպանություններին ու թալանին: Մի՞թե դա կարող է մոռացվել: Տասնութ թվին ես վեց-յոթ տարեկան տղա էի, հիշում եմ, տղամարդկանց՝ ահել ու ջահել, ամբողջ քաղաքից հավաքում էին Սաբունչի կայարանի՝ հաստ պարաններով շրջափակված հրապարակում, լցնում բեռնատար գնացքները և տանում Ալյաթ՝ կոտորելու: Այդ Ալյաթը Մուսաբեկով թաղամասի իմ պատշգամբից երևում է: Աստված երևի այնպես է կամեցել, որ ես ամեն օր ստիպված լինեմ տեսնելու այն վայրը, ուր գազանաբար սրի են քաշվել իմ հայրն ու իմ երկու մեծ եղբայրները և տանջվեմ: Դե արի ու մոռացիր այդ ամենը: