Выбрать главу

* * * * *

Մթության մեջ կանաչ-կարմիր լույսերի բեկբեկուն թրթռոցով մագնիտոֆոնը մեղմիվ նվագում էր… Ռենան հավանորեն քնած է արդեն… Նայեցի ժամացույցին. տասներկուսն անց էր: Իհարկե, քնած է… Քնի մեջ ժպտում է, երևի, իր մեղրանուշ շուրթիկներով… Անընկալելի, զարմանալի բան. ինչի՞ց է դա, և, առհասարակ, ինչպե՞ս է պատահում, որ մինչ այդ քեզ անծանոթ մեկը, որին դու բնավ չգիտեիր, գաղափար անգամ չունեիր, որ, ահա, աշխարհում կա այպիսի մեկը, միանգամայն անսպասելի հայտնվում, մտնում է սիրտդ՝ հոգիդ ափեափ լցնելով անպարփակ երանությամբ, և դու, ինքդ քեզ մոռացած, շարունակ նրա մասին ես մտածում, գիշեր ու զօր նրան երազում… Անսպասելի հնչեց հեռախոսազանգը: Տարօրինակ է, ո՞վ կլինի այսպես ուշ: Ես ծուլորեն վերցրի ընկալուչը: Հեռախոսագծի մյուս ծայրին՝ ոչ մի ձայն: Այդ լռության մեջ իմաստավոր բան կար, ես զգացի դա, և կայծակնային սրագությամբ ծագած մտքից սիրտս արագորեն բաբախեց: Սիրտս ասաց՝ Նա է:

– Դու զանգել ես, որպեսզի, քնելուց առաջ, ես լսե՞մ քո անուշիկ ձայնը, – ասացի ես հրճվագին շշուկով: – Դե, ուրեմն, խոսիր:

Ռենան մանր ծիծաղեց հեռախոսագծի մյուս կողմում, կամացուկ ասաց.

– Ճիշտ հակառակը. ես զանգել եմ, որպեսզի ոչ թե դու, այլ ինքս լսեմ քո ձայնը: Լսեցի և իմ հոգին լցվեց սրբազան զգացմունքով:

– Իսկ դու ի՞նչ իմացար, որ այս պահին, լույսերը մարած, ես քո մասին էի մտածում: Մագնիտոֆոնն իմ կողքին ցածրաձայն նվագում էր, մեղեդու ախորժալուր հնչյունների տակ ես ըղձալի անուրջներով էի տարված, Ռենա, ես քո մասին էի մտածում, իրավ, ինչ լավ է, որ զանգեցիր: Դու, ինչ է, կարդո՞ւմ ես իմ սիրտը:

– Այո, – արձագանքեց նա սիրաշշուկ քնքշանքով:

Նա երևի ժպտում էր:

– Եվ դու զգում ես, իհարկե, որ այն քեզ համար է միայն բաբախում:

– Ուզում եմ, որ այդպես լինի:

– Այդպես է, Ռեն, այդպես է, և դա քո ուզելով չէ միայն և ոչ էլ իմ ուզելով: Արարիչն է այդպես կամեցել: Ես սիրում եմ քեզ, – ինձնից անկախ՝ ներսից վեր ելնող կարկամի զգացմունքից աչքերս լցվեցին: – Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ…

– Քնիր, ուշ է արդեն… Երկար խոսել չեմ կարող: Քո ձայնը լսեցի և ինձ համար այնպես հաճելի է հիմա: Ամենամեծ երջանկությունը կյանքում այն է երևի, երբ համոզված ես, որ քեզ խենթորեն սիրում է նա, որին դու ինքդ ես խենթորեն սիրում… Ես վաղը չէ՝ մյուս օրը կգամ քեզ մոտ: Ուզում էի շաբաթվա վերջին գալ, բայց չէ, այդքան համբերել չեմ կարող: Ցավեդ տանեմ, բարի գիշեր:

* * * * *

Ես դուրս եկա գլխավոր խմբագրի առանձնասենյակից և միանգամից տեսա Ռենային: Լայքայե դեղնաշագանակագույն չկոճկված թիկնոցով, մետաքսե բաց վարդագույն շողշող բլուզով, մանրածալք սևաթույր կիսաշրջազգեստով, բարձրաոտք, գեղասրունք ու վեհատեսիլ՝ նա արագորեն գալիս էր լուսավոր միջանցքով՝ առանց ուշք դարձնելու կողքից անցնողներին, որոնք, ակամա դանդաղեցնելով իրենց քայլը, շրջվում, ետ էին նայում: Ջերմ ու խանդավառ հրճվանքով, զմայլանքով ես նայում էի նրան, մտածելով այն մասին, որ գեղեցկությունը և՛ մարդուն, և՛ Աստծուն է հաճելի, և որ աշխարհի երեսին չկա առավել գեղեցիկ որևէ բան, քան գեղեցկությունը գեղեցիկ աղջկա: Հասնելով իմ առանձնասենյակի դռանը, Ռենան ժպտադեմ բաց արեց դուռը և, տեսնելով, որ ներսում ոչ ոք չկա, մնաց շվար կանգնած: Ես չէի կարող թողնել, որ նա մտատանջվեր, շտապ մոտեցա:

– Բարև, – մի փոքր հուզված ասացի ես:

Ռենան ետ շրջվեց, ժպիտը կրկին ծաղկեց, փթթեց նրա սքանչելի դեմքին ու լուսաշող կապուտակ աչքերում:

– Ողջույն: Ես մի րոպեով բարձրացա, – արագ քայլելուց շնչահեղձվելով՝ ասաց նա ու ներս մտավ սենյակ: – Միայն մի րոպեով, չէ՞ որ խոստացել էի: Ուզում էի տեսնել քեզ, բայց երկար մնալ չեմ կարող: Ինչպե՞ս ես, – հարցրեց նա՝ ինքնաբերաբար մղվելով դեպի ինձ:

Ես քնքշալից, կարոտի հուզական ներշնչանքով գրկեցի Ռենային, այս վիթխարի քաղաքում իմ ամենահարազատ մարդուն, դեմքս քսեցի նրա անուշահոտ մազերին, չգիտես ինչու, չհամարձակվելով համբուրել նրան: