Выбрать главу

–Որովհետև գիտի՝ ես մինչև աշխարհի վերջը չեմ գնա,– ծիծաղեց Մայան։

–Եթե նույնիսկ գնաս՝ կգա։ Մի՞թե կասկածում ես։

–Իհարկե, չեմ կասկածում,– ասաց Մայան սիրով, ջերմությամբ։– Կատակում եմ։

–Իսկ Վալյան․․․ այո, ես նրան հիմա ավելի շատ եմ խղճում,– շարունակեց Ուլյան ։– Ես սա արդեն լրիվ համոզվածությամբ եմ ասում, և, եթե տեսնեիր՝ ինչպես էր լաց լինում նա այսօր․․․ Երբեք չեմ մոռանա։ Երբեք ․․․ կանչող կար, դուրս եկա տեսա ինքն է։ Կանգնել է ցանկապատի մոտ, ցանկապատից բռնած ու լաց է լինում, «Ի՞նչ է պատահել», – հարցնում եմ։ Իսկ նա ողջ մարմնով դողում է։ «Ինձ քշում են Գերմանիա,– ասում է։– Անձնագիրս վերցրին, կարգադրեցին ոչ մի տեղ չգնալ, ասացին շուտով ծանուցագիր կլինի»։ «Ինչո՞ւ էիր գնացել », – ասում եմ։ Իսկ նա՝ «Վախից գնացի․․․» Կարդացել է գերմանական պարետի հրամանը՝ բորսա գնալու և գրանցվելու մասին, և իսկույն ներկայացնել։

–Ի՞նչ բորսա ,– չհասկացավ Մայան։

–Աշխատանքաին բորսա,– հանգիստ ասաց Ուլյան, թոթվելով ուսերը։ – Երիտասարդներին ուզում են քշել Գերմանիա։ Մի՞թե չես լսել։

–Ոչ ։

–Բոլորին հավաքագրում են։

–Ես չեմ գնա,– ընդոստ ելնելով տեղից ասաց Մայան՝ հուզված քայլելով սենյակում։-Ոչ մի դեպքում։ Թող տեղնուտեղը գնդակահարեն, բայց չեմ գնա։ Քեզ նույնպե՞ս կանչել են։

–Հրամանը բոլորի համար է։

–Եվ հետո՞։

–Իվան Արսենտևիչից տեղեկանք եմ վերցրել, որ իբր գերմաներեն լեզու եմ դասավանդում դպրոցում։ Քեզ համար էլ կվերցնենք։ Հենց վաղը կգնանք նրա մոտ։ Նա մեզ կօգնի։ Նա բոլորիս կօգնի։ Իսկ Զոյա Ալեքսեևան, Մայա, գերմաներենի մեր ուսուցչուհին, պարզվում է, հոյակապ մարդ է։ Ճշմարիտ է ասված, որ դժբախտության ժամանակ մարդ հեշտ է ճանաչվում։ Նրան հրավիրել են քաղվարչություն՝ աշխատելու, իսկ նա հրաժարվել է։ Եվ գիտե՞ս ինչ է ասում․ «Ես չեմ գնա, ասոմ է, նրանց մոտ աշխատելու։ Մեր՝ սովետական մարդկանց պետք է կանչեն, ծեծեն, իսկ ես պարտավոր եմ նրանց համար թարգմանել այն բոլորը, ինչ կասեն մեր մարդիկ․․․ Չեմ գնա երբեք»։ Ահա թե ումից պետք է օրինակ վերցրել, Մայա․․․ Իմ թղթերը նույնպես պատրաստ են՝ ինձ Գերմանիա՝ տաժանակիր աշխատանքի ուղարկելու համար։ «Բավարիա» կոչվող հավաքագրման հանձնաժողով կա, այդ հանձնաժողովը հատուկ քարտեր է լրացնում, բժշկական քննության է ենթարկում, իսկ հետո վերցնում են անձնագիրը, վկայական են տալիս, որ իրենց լեզվով կոչվում է «աուսվայս» և հրամայում են սպասել՝ մինչև կանչեն։ Շուտով, երևի կկանչեն ինձ։ Բայց չեմ գնա։

–Պատկերացնո՞ւմ ես, Ուլյա, մեզ պետք է քշեն Գերմանիա,– որոշ լռությունից հետո ցածրաձայն ասաց Մայան, բա պատուհանից նայելով դուրս։ – Մեզ պետք է քշեն Գերմանիա,– շարունակեց նա մտածուն,– մենք այնտեղ գործարաններում զենք կպատրաստենք, իսկ այստեղ նրանք այդ զենքով կսպանեն մերոնց․․․ Մի՞թե դա լինելու բան է, Ուլյա։

–Ոչ,– վճռական արտասանեց Ուլյան, նունպես ելնելով տեղից ։– Չպետք է թույլ տալ,– կիսաձայն ավելացրեց նա, մոտենալով Մայային, այտը սեղմելով նրա ուսին։– Մենք չպետք է թողնենք․․․ Ես երկար եմ մտածել, բայց չեմ կարողացել մի ելք գտնել։ Եվ եթե դու իմանայիր, թե ինչեր են արել նրանք այստեղ, Մայա, եթե միայն իմանայիր։ Ախր, սկզբում շատ էին նրանք։ Շարունակ գալիս էին ու գալիս։ Տուն չկար , ուր գերմանացիներ չլինեին։ Ձեր տանն էլ կային։ Եվ ինչ էին անում նրանք։ Անխնա կտրում էին ծառերը, որովհետև, նրանց կարծիքով, այդ ծառերի ետևում կարող էին թաքնվել պարտիզանները, բակերում ինչ կար՝ մորթում էին, վառում էին ցանկապատները, թալանում էին բնակչությանը՝ չխորշելով անգամ վերցնել ամենաանշան ու կեղտոտ բաներ, ծեծում էին, գնդակահարում առանց պատճառի։ Հիշո՞ւմ ես մեր դպրոցի պահակ Սեմյոն Միտրոֆանովիչին․․․ Նրան հենց առաջին օրը, ժողովրդի աչքի առաջ կախեցին դպրոցի դարպասից։ Գերմանացիները ցանկացել էին մտնել դպրոց, իսկ նա սկսել էր կրակել երկրորդ հարկից։ Մի քանի հոգու սպանել էր, իսկ հետո, երբ վերջացել էր փամփուշտը, կաղալով դուրս էր եկել դպրոցից։ Նրան կախեցին դպրոցի առաջ։ Ամողջ երկու օր կախված մնաց․ գերմանացի սպաները կախաղանի մոտ նկարվում էին։ Չեմ մոռանա երբեք, Մայա, մինչև մահ ու գերեզման չեմ մոռանա դրանց արարքները։ Եվ ո՞վ պիտի անմեղ զոհերի վրեժը լուծի նրանցից ․․․ Ես հիմա էլ շարունակ այդ մասին եմ մտածում։ Բայց ի՞նչ կարելի է անել՝ չգիտեմ։

Երկուսն էլ երկար ժամանակ լուռ էին։

–Եկել է վճռական ժամը,-Ուլյա ,– վերջապես խոսեց Մայան և նրա ձայնը դողդոջեց։– Եվ մենք պետք է պայքարի ելնենք, որովհետև ավելի լավ է մեռնել կանգնած, քան ծնկի գալ թշնամու առջև։ Պետք է պայքարել, նահանջի ճանապարհ չկա և չի կարող լինել։ Ինչքան ենք լսել ու կարդացել հերոսության մասին, հերոսական գործեր երազել, և ահա եկել է ժամը՝ հաստատելու, որ զուր չէին մեզ այնքան վստահում որ մենք անսասան կանգնած ենք հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Մենք կհաղթենք,– արդեն հաստատուն ձայնով շարունակեց Մայան։ -Դժվար հաղթանակ կլինի դա, պարզ է, անասելի դժվար հաղթանակ կլինի, կգա այդ օրը։ Մենք գերմանացիներին ջարդեցինք Չուդ լճում, կջարդենք նաև հիմա։ Պատմությունը չի հիշում, որ ռուսական հողը գրավված լինի երբևիցե, իսկ հիմա՝ առավել ևս։ Հիշո՞ւմ ես Տարաս Բուլբայի խոսքը՝ աշխարհում չկա այն ուժը, որ կոտրի ռուսական ոգին։ Չկա, Ուլեչկա,– կրծքային հուզված ձայնով ասաց Մայան։– Մենք կհաղթենք, կվերադառնան մերոնք, կհարցնեն՝ ի՞նչ եք արել՝ ոչինչ։ Հապաղել՝ ոչ մի դեպքում, պետք է գործել, Ուլյա, պետք է մի բան անել։ Ինձ թվում է, շատերը կգան մեր ետևից։