Выбрать главу

–Իհարկե, կգան, – փութկոտ ավելացրեց Ուլյան:

–Եվ չի կարող, որ ընդհատակում մարդ չլինի թողնված: Գուցե հետագայում կարողանանք կապ հաստատել նրանց հետ: Մի խոսքով, ամեն ինչի սկիզբն է դժվար:

–Ու՞մ հետ կարելի է խոսել, – հարցրեց Ուլյան՝ իր սև ու խոշոր աչքերով կողքանց նայելով Մայային: – Ովքե՞ր կգան մեր ետևից քո կարծիքով…

–Իմ կարծիքով… տղաներից Անատոլին, Բորյան, Վիկտոր Պետրովը, Դեմյան Ֆոմինը… Դիմկան թեպետև փոքր է, բայց շատ է խիզախ… Նրա հետ մարդ չի տխրի:

–Գենադի Լուկաշովը, Անատոլի Նիկոլաևը, – այնուհետև թվեց Ուլյան, – Նիկոլայ Ժուկովն ու Անատոլի Նիկոլաևը, որոնք դուրս գալով շրջափակումից, վերադարձել են Պերվոմայակ, Վլադիմիր Ռադոզինը…

–Եվգենի Շեպիլյովն ու Վասյա Բոնդարևը, – ավելացրեց Մայան: – Իսկ աղջիկների՞ց:

–Աղջիկներից առաջին հերթին ես և դու, – ժպտաց Ուլյան, – Շուրա Բոնդարևան, Նինա Գերասիմովնան, հետո Նինա Մինաևան, Անգելինա Սամոշինան, Ալեքսանդրա Եմելյանովնան, որովհետև, պարզ է, որտեղ դու՝ այնտեղ էլ նա, – դարձյալ ժպտաց Ուլյան սիրալիր նայելով ընկերուհուն: – Նա հենց միայն խանդից կգա:

–Լավ, լավ՝ հետո՞, – ժպտաց Մայան: – Է՞լ ով:

–Լիլիա Իվանիխինան, քույրը՝ Տոնյան…

–Ինչպե՞ս թե… մի՞թե Տոնյան այստեղ է:

–Այո, վերադարձել է: Անհայտ կորել էր ճակատում: Ումանի մոտ, և հիմա վերադարձել է: Եվ պատկերացնել չես կարող Լեհաստանից մինչև այստեղ ոտքով: Պարզվում է՝ համակենտրոնացման ճամբարում է եղել: Այնտեղից է փախել… Որ տեսնես չես ճանաչի:

–Իսկ ինչո՞ւ չէիր ասում: Տա՞նը կլինի հիմա:

–Այո: Աղջիկներն էլ, երևի, այնտեղ են: Ուզո՞ւմ ես գնանք:

–Իհարկե, ուզում եմ: Դեռ հարցնում է …

Նրանք դուրս եկան պատշգամբ: Մայան հայացքով փնտրեց մորը:

–Աննա Վասիլևնա, բարև ձեզ, – նկատելով Աննա Փեհլիվանովային, ժպտահայաց ասաց Ուլյան, պատշգամբի բազրիքի վրայով թեքվելով առաջ: – Ինչպե՞ս եք:

–Ինչպես տեսնում եք, – ընկճված ու մտացրիվ պատասխանեց Աննա Փեհլիվանովան: – հրեշները ամբողջ այգին քարուքանդ են արել, կարտոֆիլը հանել ոչինչ չեն թողել:

Կարճ լռություն տիրեց:

–Մամ Ուլյայի հետ գնում ենք Իվանիխինների մոտ,– ասաց Մայան, դանդաղ իջնելով փայտե աստիճաններով, – Տոնյան եկել է, գնում եմ տեսնելու:

–Գնա, – ասաց Աննա քիչ մտածելուց հետո: – Աշխատիր չուշանալ:

-Զբոսայգով գնանք, – առաջարկեց Ուլյան, երբ նրանք դուրս եկան փողոց: – Ավելի քիչ կհանդիպենք դրանց:

–Ո՞մ, – չհասկացավ Մայան:

–Չե՞ս տեսնում, – հայացքով ցույց տալով փողոցի ծայրում կանգնած գերմանացիներին, ցածր ասաց Ուլյան:

Իվանիխինների տունը ավանի կենտրոնում էր, դպրոցից ոչ հեռու, և Ուլյան ու Մայան, կտրելով փողոցը, տների արանքով ընկած նեղ ճանապարհով գնացին զբոսայգու կողմը:

–Ես դրանց՝ այդ ծախու արարածներին տանել չեմ կարողանում, – նորից խոսեց Ուլյան, արագ շնչելով, – Նրանք հենց առաջին օրը վազեցին գերմանացիների մոտ և առաջարկեցին իրենց ծառայությունը: Եվ այժմ, գիտե՞ս, Կրասնոդոնում գերմանական ժանդարմերիա կա, ինչպես նաև ոստիկանություն՝ տեղական դավաճաններից: Մայրդ կոմունի՞ստ է;

–Այո,– գլխով արեց Մայան՝ կռահելով, թե Ուլյան ինչու հարցրեց դա:

–Նրանք առաջինը կոմունիստներին են մատնում, – պարզաբանեց Ուլյան: – Կոմերիտաններին նունպես մատնում են. Հարկավոր է զգույշ լինել: – Ուլյան մի կարճ պահ դարձյալ լուռ էր, հետո ասաց. – Չես կարող պատկերացնել, թե ինչ միամիտն էի առաջ. Ինձ թվում էր, թե մեր Պերվոմայկայում ոչ ոք չի գնա գերմանացիներին ծառայելու: Չեն գնա, մտածում էի, մեզ մոտ դավաճաններ չեն լինի: Բայց եղան…

Ուլյան չէր ավարտել խոսքը, առջևում, ծառերի ետևում մի դուռ ճռռաց, լսվեցին աստիճաններով իջնող ոտնաձայներ: Ոտնաձայները անցան բակով, և մի գերմանացի զինվորական հմազգեստով, շեկ մազերով ու գիրուկ՝ դուրս գալով այնտեղից, կանգնեց դարպասի մոտ՝ համարյա փակելով նեղ ճանապարհը: Անբնականորեն կարմիր դեմքով ու ինքնագոհ՝ նա նայում էր աղջիկներին՝ մի ձեռքով հանգիստ կոճկելով վերնաշապիկը:

–Որտեղի՞ց լույս եկավ այս հրեշը, – շշուկով արտաբերեց Ուլյան՝ դանդաղեցնելով քայլերը:

–Ոնց որ խմած է, – ակամա Ուլյային թևանցուկ անելով, կիսաձայն ասաց Մայան, նույնպես դանդաղեցնելով քայլերը:

–Գնանք, այդ տխմարը կկարծի՝ վախենում ենք, – հազիվ զսպելով իրեն, ասաց Ուլյան:

– Ուխ, թշվառական, գերմանացի է հերիք չէ, խմած է:

–Կամաց:

–Արի, արի, – ինչպե երեխայի ցուցամատով կանչեց գերմանացին՝ ապշորեն ժպտալով: – Էս ինչ լավ դնչիկներ… Արի, ես ձեզ չուտեմ, ես ձեզ մի քիչ ուտեմ…

Նա մեջքով ընկավ ցանկապատին, որից ցանկապատը ետ գնաց, և ժպիտը բերանից կախ՝ սպասեց մինչև աղջիկները մոտենան: