Այնուհետև Տոնյան պատմեց, թե ինչպես մարտի տասնութի մութ երեկոյան, աշխատանքից վերադառնալիս, Սոլո գետի մոտ վարար անձրև սկսվեց և իրեն ու մի ուրիշ աղջկա՝ Լյուբա Մաքսիմովային, հաջողվեց թաքնվել անտառում, բայց իրենք միասին գնալ չեն կարող, բաժանվեցին, որովհետև միասին հնարավոր չէր, կբռնեին, և ինքը հազարավոր կիլոմետր անցավ ոտքով ու հասավ Պերվոմայկա․․․ Եվ նա այնքան էր փոխվել մի քանի ամսվա ընթացքում, որ այստեղ, Պերվոմայկայում, հարազատ մայրը՝ Օլգա Դմիտրիևնան անգամ չճանաչեց նրան, իսկ հետո, երբ ճանաչեց, սկսեց լաց լինել ու անիծել գազան թշնամուն և ինքը Տոնյան ու քույրերը՝ Լիլիան ու Նինան, երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել նրան։
Պատմեց Տոնյան, հետո հանարծ շուրթերը դողացին, և նա արագ շրջվեց, գլուխը թաղեց բարձերի մեջ ու նույնպես լաց եղավ։ Աղջիկներն իսկույն խմբվեցին նրա շուրջը, սկսեցին հանգստանալ։
Հետո բոլորը լռել էին, ոչ ոք չէր համարձակվում խախտել լռությունը։ Տոնյան գլուխը հանդարտ բարձրացրեց բարձերից և աչքերը հատակին, տխրւթյամբ ասաց․
–Չկա սարսափելի ոչինչ, քան այն, որ մարդ կորցնում է ազատությունը։
–Ճիշտ է,– մարող շշուկով խոսեց Ուլյան ։– Դրանից սարսափելի, իրոք, ոչինչ չկա։ Եվ, զարմանալի է, մարդ իրեն մի տեսակ օտար է զգում իր հայրենի երկրում, տանը։ Հիմա այդ զգացումը քիչ թեթևացել է, իսկ առաջ, այսինքն առաջին օրերին, երբ նրանք նոր էին մտել Կրասնոդոն ու Պերվոմայկա, ես չէի կարողանում փողոց ելնել, ամաչում, վիրավորանք էի զգում, թե ինձ, թե մեր մարդկանց համար։ Օրերով նստում էի տանը։
–Բայց չէ՞ որ սա ժամանակավոր է,– ընկերուհիներին սիրտ տալու նպատակով ցածր ասաց Շուրա Բոնդարևան։– Կանցնի վատ երազի նման։
–Մենք դժվարությամբ ենք ձեռք բերել մեր ազատությունը,– ասաց Մայան՝ մի կարճ ակնթարթ մտազբաղ նայելով Շուրային։ – Մենք այն ձեռք ենք բերել զրկանքի ու արյան գնով, և դրա համար էլ թանկ է մեզ համար։ Մենք մեր տանը օտար ենք զգում մեզ․ ճիշտ է ասում Ուլյան։ Բայց ի՞նչ կարելի է անել՝ ահա թե ինչի մասին պետք է մտածել։ Մի՞թե համբերել ու սպասել։ Եվ մի՞թե հնարավոր է համբերել, երբ ամենուր նույնն է՝ քաղց, ստորացում, կոտորած։ Այն, ինչ հիմա պատմեց Տոնյան, և այն, ինչ ես տեսա փախուստի ժամանակ ու վերադարձի ճանապարհին, և առհասարակ այն բոլորը, ինչ անում են նրանք՝ այդ զազրելի հրոսակները,– սարսափելի է։ Մեր ողջ երկիրը բռնված է դաժան ու արյունահեղ պատերազմի կրակներով։ Այդ անհավասար պայքարում, այդ դաժան մենամարտում ոչ ոք չի կարող և իրավունք չունի հեռու կանգնելու պայքարից։ Որովհետև միայն նա իրավունք ունի ազատ ապրելու, ով ամեն օր ու ամեն ժամ պայքարում է ազատության համար։ Մենք պետք է ատենք մեր հայրենի երկրի թշնամիներին, որոնք ուխտադրուժ կերպով հարձակվեցին մեր ծաղկուն հայրենիքի վրա և այժմ ավերում են մեր քաղաքներն ու գյուղերը, վառում են ցորենի արտերը, սպանում անմեղ մարդկանց։ Մեր հայրերի ու մայրերի, եղբայրների ու քույրերի, մեր ընկերների վրեժը պետք է առնենք մենք։ Մենք պետք է պայքարենք,– հուզմունքով արտասանեց Մայան։– Թող Զոյա Կոսմոդեմյանովսկայի սխրագործությունը օրինակ ծառայի մեզ համար։ Մենք պետք է պայքարենք,– կրկնեց նա հաստատուն ձայնով։– Պայքարենք՝ ինչով կարող ենք։ Քիչ առաջ Ուլյայի հետ այդ մասին էինք խոսում։ Ինձ թվում է, մեր մեջ քիչ չեն այնպիսի կոմերիտականները, որոնք կուզենային պայքարել։ Մարդու համար ամենաթանկ բանը կյանքն է։ Հիշո՞ւմ եք Կորչագինի խոսքերը։ Այդ կյանքը մի անգամ է տրվում մարդուն և, իրոք, պետք է այնպես ապրել, որպեսզի տանջալից ցավ չզգանք աննպատակ անցած օրերի համար, որպեսզի ամոթը չայրի ստոր ու գծուծ անցյալի համար, և որպեսզի մեռնելիս կարողանանք ասել՝ ողջ կյանքս ու ամբողջ ուժերս տվել եմ աշխարհում ամենահիանալի բանին՝ մարդկության ազատագրման պայքարին։ Մենք շատ բան կարող ենք անել։
–Թռուցիկներ կտարածենք,– ասաց Ուլյան՝ շողարձակող աչքերով նայելով աղջիկներին։– Գերմանացիներն անխնա կողոպտում են բնակչությանը, խլում են հացը, անասունները և այդ բոլորը ուղարկում են Գերմանիա։ Հացահատիկով լի ինքնաթիռները շարունակ թռչում են Պերվոմայկայի վրայով, ուր մարդիկ տառապում են քաղցից։
–Էվակուացիայից վերադառնալուն պես իսկույն դուրս եկա փողոց՝ իմանալու մեր ընկերներից ո՞վ կա ավանում,– բարակ իրանը թեքելով առաջ,– ասաց Նինա Գերասիմովան։– Գնացի շուկա․․․ չկար այլևս առաջվա շուկան․․․ Մարդիկ լուռ էին, մռայլ․․․ Կարտոֆիլը ծախում էին հատով, ձավարը՝ գդալով։ Սալը՝ բարակ շերտիկներով։ Գները պարզապես առասպելական էին։ Մի կիլո ձիու միսն արժեր հարյուր ռուբլի, միջին չափսի մի հասարակ ճակնդեղը՝ քսան ռուբլի։ Սարսափելի է․․․
–Հարկավոր է թռուցիկներ տարածել մոտիկ գյուղերում, որպեսզի մարդիկ թաքցնեն հացահատիկը,– խոսեց Մայան։– Մերոնք չգիտեն, թե ինչ է կատարվում ճակատում, իսկ գերմանացիները տարածում են, թե իբր Լենինգրադը վերցրել են, ընկեր Ստալինը իբր թողել է Մոսկվան։ Մի խոսքով, անելիք՝ ինչքան ասեք։
–Հնար լիներ՝ գնայինք միանայինք մեր զորքերին,– ասաց Շուրա Բոնդարևան։– Նրանց հետ գայինք ազատեինք մեր Պերվոմայկան։