Выбрать главу

–Ահա թե ինչպես են խաբում մեր մարդկանց, – արտասանեց Ուլյան ուռցնելով շուրթերը:

–Այդպիսի խաբեությամբ նրանք մեր երիտասարդությանը քշում են Գերմանիա: Հարկավոր է խանգարել,– շարունակեց Ուլյան: -Եկեք այսօրվա մեր թռուցիկը նվիրենք դրան:

–Ի՞նչ թռուցիկ, – հարցրեց Վասյան, ուշադրությամբ նայելով աղջիկներին: – Թռուցի՞կ եք գրում:

–Այո, – անվստահ ասաց Ուլյան: – Որոշել ենք ընդհատակյա կազմակերպություն ստեղծել, թռուցիկներ տարածել:

–Ճի՞շտ, – մահճակալի ծայրին նստելով ասաց Վասյան՝ ձեռքի պլակատը գցելով սեղանին: – Դա հետաքրքիր է: Եվ գեղեցիկ: Ուղղակի սքանչելի է, – աշխուժորեն ձեռքերն իրար շփելով ավելացրեց Վասյան: -Բոլոր տղաներն էլ կգան: Դուք պատկերացնու՞մ եք ինչեր կարող ենք անել:

Ուլյան նայեց Մայային, ժպտաց:

–Այսպես, ուրեմն, մեր առաջին թռուցիկով մենք կհերքենք գերմանացիները ստերը, – ասաց Մայան, սեղանից վերցնելով պլակատը և հանդարտ շարժումներով պատռելով այն: -Նրանք շռայլ խոստումներով ուզում են խաբել մեզ: Ուզում են տանել Ֆաշիստական Գերմանաիա՝ տաժանակիր աշխատանքի: Նրանք այնտեղ, պարզ է, մեզ կստիպեն աշխատել ռազմական գործարաններում, կստիպեն զենք պատրաստել: Այդ զենքով գերմանա-ֆաշիստական զավթիչները կսպանեն մեր եղբայրներին ու քույրերին, հայրերին ու մայրերին, կավերեն մեր քաղաքներն ու գյուղերը: Ամեն կերպ հարկավոր է խանգարել: Այսօրվա թռուցիկը դրան ենք նվիրում՝ որոշված է:

Բոլորը համաձայնվեցին և երկար ժամանակ մտածում էին, թե ինչպես գրեն թռուցիկը: Մի քանի անգամ գրեցին, ջնջեցին, հետո նորից գրեցին, վերջապես երբ թռուցիկը արդեն պատրաստ էր, Մայան սկսեց բարձրաձայն կարդալ.

«Կարդա և տուր ընկերոջդ:

Մի հավատացեք այն սուտ ագիտացիային, որ տարածում են գերմանացիները:

Նրանք ուզում են ձեզ տանել դաժանակիր աշխատանքի:

Ձեզ մահ ու սով է սպասվում հայրենիքից հեռու:

Մի հավատացեք նրանց խոստումներին:

Կանգնեցեք ձեր իրավունքների ու շահերի պաշտպանների շարքերում:

Խփեցեք, ջարդեցեք, ոչնչացրեք ֆաշիստներին: Դրանով կմոտեցնեք դուք հաղթանակի բաղձալի ժամը:

Մա՛հ գերմանակն օկուպանտներին»:

–Լավ է , – լսվեց այս ու այն կողմից:

–Շատ լավ է, – արագ ելնելով տեղից, ասաց Վասյան: – Տվեք ես էլ արտագրեմ: Քանի՞ օրինակ պետք է տարածեմ:

–Յուրաքանչյուրը քսանական օրինակ, – ասաց Ուլյան: – Իսկ ով է շատ՝ ավելի լավ:

–Պարզ է Վասյան սեղմեց շուրթերը: – Իսկ ի՞նչ ենք գրում թռուցիկի տակ՝ «Ընդհատակյա կազմակերպությու՞ն»:

–Ոչ ,– ասաց Ուլյան՝ մտամփոփ նայելով Մայային:– Այդ մասին նույնիսկ չենք մտածել: Իսկապես ի՞նչ գրենք:

–Ոչինչ պետք չէ, – դանդաղ ասաց Մայան, մի պահ խորհելուց հետո: – Թող բոլորը մտածեն, որ պարտիզաններն են գիշերը գալիս, տարածում այդ թռուցիկները: Այդպես ավելի լավ է, ոչ ոք չի կասկածի մեզ վրա… Այդպես շատ լավ է: – Եվ դառնալով աղջիկներին, նա ասաց.

–Այսօրվա առաջադրանքը բոլորիս պարզ է: Վաղը երեկոյան հավաքվում ենք մեզ մոտ: Մյուս աղջիկներին նույնպես կասենք: Իսկ Ալեքսանդրա Եմելյանովնայի հետ ինքս կխոսեմ…

Այդ նույն պահին տղաները, Անատոլի Պոպովի տանը հավաքված, խոսում էին գերմանական «նոր կարգերի», ինչպես նաև իրենց ապագա անելիքների մասին: Այստեղ էին Տոլյա Պոպովը, Բորիս Գլավանը, Վիկտոր Պետրովը, Վոլոդյա Ռոգոզինը, Եվգենի Շեպելյովը, Դեմյան Ֆոմինը, Անատոլի Նիկոլաևան ու Նիկոլայ Ժուկովը:

–Հարկավոր է մի բան անել, – խոսեց Տոլյան, առանց նայելու տղաներին: -Հանցագործություն է նստել ու սպասել:

–Իմ կարծիքով, ամենից հարմարն ու խելացին այն կլինի, եթե մենք՝ Պերվոմայկայի բոլոր տղաներս, անցնենք ռազմաճակատի գծին ու միանանք կարմիր բանակին: – Գլավանն այդքանն ասաց միանգամից և նայեց տղաներին, սպասելով, որ նրանցից որևէ մեկը կպաշտպանի իրեն:

Տոլյան քմծիծաղեց:

–Հեշտ է ասել՝ ռազմաճակատի գիծն ու միանանք կարմիր բանակին, – դանդաղ ասաց Տոլյան: – Մեր զորքերն այժմ պաշտպանական ծանր մարտեր են մղում Ստալինգրադի մոտ ու Կովկասյան նախալեռներում: Իսկ դա նշանակում է, որ մենք հարյուրավոր կիլոմետր հեռու ենք ռազմաճակատից: Իսկ մի՞թե հնարավոր չէ որևէ բան անել հենց այստեղ, մեր Պերվոմայկայում: Մերոնց համար շատ է ծանր այնտեղ, ռազմաճակատում, և մենք օգնած կլինեինք նրանց, եթե հենց հիմիկվանից սկսեինք պայքարը՝ ընդդեմ զավթիչների:

Ես նույնպես գտնում եմ, որ մենք կարող ենք մեծ օգուտ բերել մեր բանակին՝ մնալով այստեղ, – խոսեց Վիկտոր Պետրովը: – Պարտիզանական ջոկատ կստեղծենք, կամ էլ ընդհատակյա կազմակերպություն, և կսկսենք պայքարը:

–Չի կարող պատահել, որ կուսշրջկոմը, կամ էլ, ասենք կոմերիտշրջկոմը որևէ մեկին թողած չլինի ընդհատակի համար: – Նիկոլայ Ժուկովը սպասողական նայեց մյուսներին: – Հը՞, ի՞նչ եք կարծում:

–Թողել են, թե ոչ՝ սա մեզ չի հետաքրքրում, -ասաց Տոլյա Պոպովը: – Մեզ հետաքրքրում է միայն ու միայն մի բան՝ ինչո՞վ և ինչպե՞ս օգնել մեր բանակին: Սա է հիմա ամենագլխավոր խնդիրը: Ճիշտ է ասում Վիկտորը, հարկավոր է ընհատակյա կոմերիտական կազմակերպություն ստեղծել և սկսել գործել: Իսկ թե ինչպես անել դա՝ եկեք միասին որոշենք: